Ծրագրեր

ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Հոկտեմբերի 29-ին, Ստեփանակերտի Երիտասարդական պալատի համերգային դահլիճում տեղի ունեցավ Արցախի պետական կամերային նվագախմբի հերթական բարեգործական համերգը: Համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ստեփանակերտում կառուցվող «Սուրբ Աստվածածին» մայր տաճարի շինարարությանը: Համերգին ներկա էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ Կրթության նախարար Սլավա Ասրյանը, այլ պաշտոնատար անձիք, երաժշտասերներ ու հյուրեր: Համերգի ընթացքում հնչեցին Ալբենիզի, Պիացոլայի, Վիլոլդոյի, Շտրոկի, Բաբաջանյանի, Այվազյանի և Սարգսյանի ստեղծագործությունները: «Սուրբ Աստվածածին» եկեղեցու շինարարությունն սկսվել էր ամիսներ առաջ, բայց ընդհատվել էր ֆինանսական խնդիրների պատճառով: Եվ ահա Արցախի կամերային նվագախումբը նույնպես ցանկացավ իր փոքրիկ ներդրումն ունենալ այս գործում: Արցախի կամերային նվագախումբը ստեղծվել է 2004թ. ՀԲԸ Միության անմիջական նախաձեռնությամբ: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ ու 12 հայաստանցի երաժիշտների մասնակցությամբ ստեղծված այս նվագախմբին ավելի ուշ միացան նաև 6 երաժիշտներ Արցախից: Հետագայում այս համամասնությունը փոխվեց հօգուտ արցախցիների, որոնց թիվն այսօր նվագախմբում կազմում է 17 հոգի: Այն անգնահատելի դեր ունեցավ Արցախի մշակութային վերածննդի ու դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճին նպաստելու գործում: Համագործակցելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում բացված ուսումնարանի ու Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի հետ, նվագախմբի երաժիշտները պատրաստում են նվագախմբի ապագա երաժիշտներ: Նվագախմբի հետ Արցախյան բեմում հանդես են եկել աշխարհահռչակ մեներգիչներ: 2012թ. հուլիսին Արցախի կամերային նվագախումբը ՀԲԸՄ-ի աջակցությամբ հյուրախաղերով հանդես եկավ Նորվեգիայի Բերգեն քաղաքում, իսկ 2013թ. ապրիլին նաև Մոսկվայում:

 

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ Արխիվ 2013 Նորություններ ԱՐՑԱԽԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: