Ծրագրեր

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2013-ԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 4-6-ը, արդեն 9-րդ անգամ Հայաստանում անցկացվեց ԴիջիԹեք Էքսպո տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում ոլորտի առաջատարներին և հիանալի հնարավորություն տալիս հետաքրքրված կողմերին քայլել տեխնոլոգիական զարգացումներին համընթաց և տեղեկատվությունը հասանելի դարձնել մեծ լսարանի համար: Տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական և բանկային լուծումներ, բիզնեսի ավտոմատ կառավարում, բարձր տեխնոլոգիաներ, ինժեներիա, մուլտիմեդիա, օնլայն կրթություն, օնլայն կառավարում ոլորտներում գործող բազմաթիվ ընկերություններ մասնակցում էին էքսպոյին` բիզնեսի շահավետ պայմաններ ստեղծելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնակից ընկերությունների համար: ԴիջիԹեք 2013-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ներկայացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ մշակած իր նոր ծրագիրը` շախմատի օնլայն դասընթացը: Շախմատ դասավանդելու և սովորելու այս նոր մոտեցումը ՀՎՀ-ի և ակադեմիայի երկարատև աշխատանքի և ջանքերի արդյունքն է: Մուլտիմեդիա ծրագիրն ապահովում է հասանելիություն ամենքին, ամենուր և ամեն պահի, իսկ միջազգային սպորտի վարպետ օնլայն ուսուցիչն ուղղորդում է ուսանողներին ողջ ուսումնական շրջանի ընթացքում: Ուսումնական նյութը հարուստ է հետաքրքիր վարժություններով ու գլուխկոտրուկներով, ինչն ավելի գրավիչ է դառնում հեշտ կառավարելի օնլայն միջավայրի և օգտագործվող օնլայն գործիքների շնորհիվ: Կառավարական պատվիրակության ուղեկցությամբ` ՀՎՀ տաղավար այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաև նախագահն է ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի: ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը և շախմատի ծրագրի մասնագետ Աղասի Ինանցը պատվիրակներին ցուցադրեցին ծրագրի մատչելիությունը: Վերջիններս մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ծրագրին և իրենց գոհունակությունը հայտնեցին շախմատի դասավանդման նոր մոտեցման համար` այն համարելով գեղեցիկ լրացում շախմատը դպրոցական ծրագրում ներառելու կառավարության վարած քաղաքականության: Այնուհետև ՀՎՀ վարչական տնօրեն Աննա Ենգիբարյանը հակիրճ ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը, առաքելությունն ու նոր ծրագրերը: Հաճելի էր նկատել, որ ՀՎՀ-ի տաղավար այցելում էին թե՛ երիտասարդ մասնագետներ ու օտարերկրյա հյուրեր, թե՛ ուսանողներ, երեխաներ ու պարզապես շախմատի սիրահարներ, որոնց համար սա նոր ու հետաքրքիր մոտեցում էր: Եռօրյա այս գեղեցիկ միջոցառումը ՀՎՀ-ին հնարավորություն տվեց ներկայացնել օնլայն կրթության ոլորտում ունեցած իր ձեռքբերումները և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ծրագրերը ոչ միայն գործարար աշխարհին և լրատվամիջոցներին, այլ նաև ողջ հասարակությանը, որոնք էլ իրենց հերթին կկիսվեն տպավորություններով ընկերների և ընտանիքի անդամների հետ` հավաստիացնելով, որ շախմատ խաղալ կարելի է սովորել նաև օնլայն` ՀՎՀ-ի միջոցով: Հոկտեմբերի 17-ին ՀՎՀ գրասենյակում տեղի ունեցավ շախմատի ՀՎՀ դասընթացների մեկնարկի արարողությունը` մասնակցությամբ ՀՎՀ Հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ Եգիպտոսի Շրջանակային Հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանի, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ Հայաստանի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանի:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ Արխիվ 2013 Նորություններ ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ 2013-ԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: