Ծրագրեր

«ԻԶՄԻՐԼՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման արարողությունը` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ազգային բարերարներ շվեյցարահայ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների: Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Իզմիրլյան ընտանիքի անդամներ, ՀՀ պետական այրեր, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, Իզմիրլյան հիմնադրամի և նորաբաց հաստատության աշխատակիցներ և հյուրեր: «Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող բժշկական այս հաստատությունում իրականացվել է 12 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր, որի շնորհիվ հիվանդանոցը հիմնանորոգվել է և համալրվել նոր մասնաշենքով: Կենտրոնի նորակառույց մասնաշենքի առջև պատվավոր հյուրերին աղ ու հացով դիմավորեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաները, ապա Իզմիրլյան ամուսինները հատեցին բժկական կենտրոնի մուտքի ժապավենը: Կատարվեց նորաբաց հաստատության օրհնության կարգ` նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, որից հետո ներկաներին ներկայացվեցին Իզմիրլյան բժշկական հաստատության և Սբ. Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի հիմնանորոգության աշխատանքները, պայմաններն ու ժամանակակից բժշկական սարքավորումները: Ներկաներին ողջունեց կենտրոնի տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, որն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետի կողմից հաստատության նկատմամբ դրսևորվող հոգատարության և ազգային բարերարներ Տիգրան Իզմիրլյանի և Լուիզ Մանուկյան Սիմոնի պատրաստակամության համար, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում այս ժամանակակից բժշկական կենտրոնի բացումը: Մուրադյանն անդրադարձավ նաև հաստատության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին և մատուցվող ծառայություններին: Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Իզմիրլյան բժշկական կենտրոն. անցյալը և ներկան» ֆիլմը կենտրոնի անցյալի, ներկայիս գործունեության վերակազմակերպման և առաքելության մասին: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաև «Իզմիրլյան» հիմնադրամի ավագ փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանը: Ապա հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ներկաներին բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Սիրելիներ, շուրջ մեկ տասնամյակ առաջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեց այս ինստիտուտը, որը տարիներ շարունակ դժվարին իրավիճակներում ծառայություններ մատուցեց: Բժշկական կենտրոնի հիմնանորոգմանը սրտաբուխ բարերարությամբ մեծ ներդրում բերեցին մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակներ Տեր և Տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները` որպես հիմնական բարերար, ինչպես նաև մեծազնիվ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը զգալի ներդրում կատարեց այս աստվածահաճո գործի իրականացման համար», - ասաց Վեհափառ Հայրապետը: Ի գնահատություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների և իրականացրած ազգային-եկեղեցական ազգանվեր ձեռնարկների` Նորին Սրբությունը Տիգրան Իզմիրլյանին շնորհեց «Ասպետ Ս. Էջմիածնի» տիտղոս և Հայրապետական շքանշան: Ապա ներկաներին իր սրտի խոսքն ասաց Տիգրան Իզմիրլյանը, որն իր ուրախությունը հայտնեց ի հիշատակ իր ծնողների` Սարգիս և Մարի Իզմիրլյանների, հիմնովին վերանորոգված կենտրոնի բացման առիթով: Նա նաև գնահատանքով շեշտեց, որ ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի առատաձեռնությունն ու Մանուկյան ընտանիքի օրինակն են իրեն խանդավառել կարևոր այս հանձնառության մեջ: Հանդիսության ավարտին կենտրոնի պուրակում կատարվեց ծառատունկ ձեռամբ ՀՀ նախագահի, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի և Տիգրան Իզմիրլյանի: