«ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

2007 թ. աշնանը Հայաստան կատարած իր այցելության ընթացքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, միության Կենտրոնական վարչական ժողովի աջակցությամբ ձեռնամուխ եղավ Հայաստանում սկաուտական բանակում-ճամբարի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ նպատակով Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում ՀԲԸՄ-ն ձեռք բերեց սեփական հողատարածք։ 2008 թ. մեկնարկած տարեկան բանակումներին մասնակցել են միության Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Իրաքի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ուրուգվայի մասնաճյուղերի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի խմբի ու Արցախի շուրջ 2000 սկաուտներ ու արենուշներ։ «Անդրանիկ» բանակումի մասնակից սկաուտներն ու արենուշները, բանակավայրում կազմակերպված սկաուտական խաղերի, դաստիարակչական աշխատանքների ու զրույցների, ինչպես նաև արշավների ու խարույկահանդեսների կողքին, առիթ են ունենում նաև շրջելու հայրենի տեսարժան վայրերում, այցելելու պատմական հուշարձանները, վանքերն ու ազգային բանակի զորանոցները։