ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) շարունակում է բարձրագույն կրթության բնագավառում աննախադեպ հնարավորություն ընձեռել ուսանողներին` սովորելու մագիստրոսի կոչում շնորհող գործարար ղեկավարում, ճարտարագիտություն, իրավագիտություն, հանրային առողջապահություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, շրջակա միջավայրի պահպանություն, համակարգչային և տեղեկատվական բաժիններում։ 2007 թ. սկզբին ՀԱՀ-ն հավատարմագրվեց Դպրոցների և քոլեջների արևմտյան ընկերակցության կողմից։ 2008 թ. նոյեմբերին իր դռները բացեց ՀԱՀ նորակառույց «Փարամազ Աւետիսեան» մասնաշենքը։ ՀԱՀ-ում մեկնարկել է նաև արտասահմանցի և սփյուռքահայ ուսանողների ուսումնառության ծրագիրը Հայաստանում։ Հ.Բ.Ը. Միության ու նրա բարերարների գործուն մասնակցությամբ հիմնադրված ՀԱՀ-ն շարունակում է վայելել միության աջակցությունը: Միության կառույցների կողմից համալսարանում իրականացվում են տարբեր ծրագրեր, հատկապես ՀԱՀ-ի էլեկտրոնային գրադարանին տրամադրվող օգնությունը: ՀԱՀ-ն նախաձեռնել է մի շարք փոփոխություններ, որոնք միտված են ընդլայնելու և զարգացնելու համալսարանի գործունեությունն ու կրթական ծրագրերը, այդ թվում բակալավրի որակավորման աստիճանի ներմուծումը համալսարանում 2013-2014 ուսումնական տարում, ուսանողության թվի քառապատկումը մինչև 2017թ., ՀԱՀ «Փափազյան» գրադարանի ընդլայնումը, կառավարության, համալսարանների և այլ ակադեմիական հաստատությունների հետ ՀԱՀ-ի զարգացող հարաբերությունները, ամառային և արտերկրյա ծրագրերի ընդլայնումը: ՀԱՀ-ն ավարտել են 2564 շրջանավարտներ և ներկայումս սովորում են 1212 (629 բակալավրի, 540 մագիստարտուրայի, 43 աստիճան չհետապնդող և վկայական շնորհող) ուսանող: ՀԱՀ շրջանավարտների 76 տոկոսն աշխատում է Հայաստանում, մյուսները համատեղման կարգով աշխատում են նաև այլ երկրներում: 2013թ. ՀԱՀ-ն ու ՀԲԸՄ-ն մեկնարկեցին նոր համատեղ ծրագիր աշխուժացնելու աշխատանքային շուկան Արցախում: Հինգ տարիների ընթացում ՀԲԸՄ-ն կաջակցի ՀԱՀ Հատուկ դասընթացների բաժնի կողմից իրականացվող երկարաժամկետ կրթական ծրագրին, որը կառաջարկի անգլերեն լեզվի ուսուցման վեց մակարդակ, ինչպես նաև հավաստագիր շնորհող չորս տարբեր դասընթացներ` Ռազմավարական բիզնես կառավարում, Գործադիր առաջնորդություն, Հանրային քաղաքականության մշակում և կառավարում, Զբոսաշրջություն և հյուրասիրության կառավարում: Հայաստանի ամերիկայն համալսարանի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.aua.am:

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Երևանում: Անցնող երեք տարիներին հսկայական աշխատանք է կատարվել Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի օգնության ուղղությամբ: ՀԲԸՄ-ն սիրիահայերին տրամադրեց դրամական օգնություն, որն առավելաբար օգտագործվեց բնակվարձի ու սննդամթերքի համար: Այժմ խիստ կարիքավորներին տրամադրվում է դեղորայք, բժշկական օգնություն և տաք հագուստ: ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին` տրամադրելով տարածք և հոգալով անձնակազմի աշխատավարձերը: Սիրիահայության օգնության խոշորագույն ծրագիրը Հայաստանում սովորող սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրման ծրագիրն է: 2013թ. հոկտեմբերի 2-ին հրապարակվեց ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հայտարարությունը Հայաստանի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման մասին: 2013-2014 տարեշրջանին շուրջ 400 ուսանողներ օգտվեցին համատեղ այս ծրագրից, իսկ 2014-2015 տարեշրջանի համար նույնքան թվով ուսանողներ ստացան կրթավճարի փոխհատուցում: Ծրագիրը շարունակվելու է նաև 2015-2016 ուսումնական տարեշրջանին: ՀԲԸՄ-ի ու Չերչյան ընտանիք հիմնադրամի առատաձեռն նվիրատվության շնորհիվ գյուղտեխնիկայի աջակցության ծրագիր է իրականացվում Քաշաթաղում բնակվող սիրիահայ ընտանիքիների համար: Արցախի հարավարևմտյան հատվածի Ողջի գետի ափին գտնվող Կովսականում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքներին անհատույց տրամադրվեց գյուղտեխնիկա: Ձեռք են բերվել 3 Բելառուս MT3-82.1 մակնիշի տրակտորներ, 2 սերմնացաններ, ցաքաններ, պարարտանյութերի ցրիչներ, թունաքիմիկատների սրսկիչ և այլ գյուղտեխնիկա, պատրաստվել է տրակտորների կայանատեղի: Հողագործությամբ զբաղվող սիրիահայերը մեծ խանդավառությամբ լծվել են հողագործական աշխատանքներին, նպաստելով նաև Քաշաթաղի գյուղատնտեսության զարգացմանն ու նրանց ընտանիքների խնդիրների լուծմանը: Սիրիահայության օգնության շրջանակներում իրականացնվել են տարաբնույթ ծրագրեր, այդ թվում նաև մշակութային միջոցառումներ՝ ցուցահանդեսներ ու համերգներ:

 

«ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ ՃԱՄՓԵՔԻ ՎՐԱ»

 

Արդեն 10 տարի է, ինչ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է «Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդաշարերը, որոնք եթեր են հեռարձակվում Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ։ Անցնող տարիներին ծրագիրը անդրադարձել է աշխարհի ավելի քան 60 երկրների ու դրանցում ապրող հայ համայնքների կյանքին։ Ռաֆայել Հովհաննիսյանի վարած հաղորդումը արժանացել է բազմաթիվ պարգևների, մրցանակների ու հեռուստադիտողների բարձր գնահատանքին։

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 

Հայոց ցեղասպանության միջազգայնացման, ինչպես նաև ցեղասպանությանը վերաբերող հայտնի ու անհայտ նյութերի թվայնացման ծրագրերին նպաստելու նպատակով, ՀԲԸՄ-ն համակարգիչներ, կրիչներ, սկաներներ և տպիչներ է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Շնորհիվ 10 անուն տեխնիկայի, թվայնացվում և համացանցում տեղադրվում են թանգարանում պահվող բոլոր փաստաթղթերն ու արխիվը։ ՀԲԸՄ-ն նպաստում է նաև թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի հարստացմանը։ 2009 թ. ՀԲԸՄ Լոս Անջելեսի Երիտասարդ արհեստավարժների հանգանակած գումարով ձեռք են բերվել 150 արժեքավոր թանգարանային միավորներ, այդ թվում՝ 75 միավոր հազվագյուտ սկզբնաղբյուրային գրականություն, որոնցից 30-ը` եզակի նշանակության հնատիպ հրատարակություններ։ ՀԲԸ Միությունը 1995 թ. մեծ ներդրում էր ունեցել թանգարան-ինստիտուտի կառուցման գործում։

ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

1996 թ. Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի ռադիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Նազարյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն հիմնադրել է գերձայնային հետազոտության բաժիններ Ուռուցքաբանության և Էրեբունի հիվանդանոցներում։ Չորս տարի անց ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտը Երևանի պետական բժշկական համալսարանում բացեցին նոր գերձայնային ուսուցողական կենտրոն։ Կենտրոնում վերապատրաստվելիս բուժանձնակազմը ստանում է ցուցումներ և վերապատրաստվում գերձայնային հետազոտության բոլոր բնագավառներում` ներառյալ վիրահատական, որովայնային, մանկաբարձական և գինեկոլոգիական կիրառումները։ Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնում վերապատրաստվել են ավելի քան 140 բժիշկներ և մոտ 235 ուսանողներ։ Դոկտոր Նազարյանի հովանավորությամբ կենտրոնը 2005 թ. ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆ: ՀԲԸՄ բարերարները շարունակում են աջակցել Հայաստանում ու Արցախում գերձայնային հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը` մի շարք հիվանդանոցներին տրամադրելով ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ։ Շարունակելով իր աջակցությունն այս բնագավառում` 2010-ին ՀԲԸՄ Հոգաբարձուների Խորհրդի անդամ Նազար Նազարյանի նվիրատվությամբ Երևանում բացվեց ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոնը»:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր ԼՂՀ ԹՈՒՄՈ X ՀԲԸՄ կենտրոն Content Project

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: