ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

 

Անցած տարիներին ՀԲԸ Միության աջակցությամբ Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը և վերանորոգվել Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը Ստեփանակերտում, որտեղ կանգնեցված է մեծ բարերարի արձանը։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ Միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ 22 տների և մանկապարտեզի վերակառուցումն ավարտվեց կարճ ժամանակում։ Ավելի ուշ Նորաշենում կառուցվեցին նաև բուժկետ և 80 աշակերտի համար նախատեսված դպրոց։ Դպրոցն ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Հետագայում ՀԲԸՄ-ն դպրոցին նվիրաբերեց նաև կահույք։ ՀԲԸՄ Լոս Անջելեսի, Լոնդոնի, Մոնրեալի, Տորոնտոյի ու Սիդնեյի մասնաճյուղերն իրենց մասնակցությունն են բերել վերաբնակեցման ու վերակառուցման ծրագրերին։ Այսօր, Ղարաբաղում ՀԲԸՄ-ի կառուցած 35 տներում ընդհանուր առմամբ ապրում են շուրջ 150 բնակիչներ, այդ թվում երիտասարդ ընտանիքներ։ ՀԲԸՄ-ն աջակցել է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտոնյաների վերապատրաստման դասընթացների ծրագրին, որն իրականացվել է «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության հետ համատեղ։ Այդ դասընթացներին հետևել են Արցախի տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներն ու աշխատակիցները, որոնք հմտացել են կառավարության հասարակայնության հետ կապերի, մրցակցային ազգային ինքնության ռազմավարությունների մշակման, տնտեսության և ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանման բնագավառներում։