ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:

1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել ներդրումներ կատարել հայ ժողովրդի կրթական, սոցիալական, առողջապահական ու մշակութային կարիքների բավարարման ու նրա առաջընթացի ապահովման ասպարեզներում` կենտրոնանալով բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:

 

ՏԵՍՆՅՈՒԹՆ ԱՅՍՏԵՂ

 

end faq

 

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համահայկական մեծագույն կազմակերպության` Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 7-րդ նախագահ Պերճ Սեդրակյանը ծնվել է Բեյրութում, Լիբանան, 1949 թ.: Միության նախագահի բարձր պաշտոնում նա ընտրվել 2002 թ. փետրվարի 22-ին: Որպես միության երկարամյա և ակտիվ անդամ, տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել սկզբնապես Լիբանանում, ապա ԱՄՆ-ում, որտեղ նա ապրում է 1976-ից: Պարոն Սեդրակյանը եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի երբեւէ ընտրված ամենակրտսեր անդամը (1977թ.), որի կազմում մի տասնամյակ ծառայելուց հետո ընտրվել է Կենտրոնական վարչական ժողովի քարտուղար,ապա մի քանի տարի անց ընտրվել ՀԲԸՄ փոխնախագահ-քարտուղար, մինչեւ միության նախագահ ընտրվելը:

Մինչ Միացյալ Նահանգներ հաստատվելը, երիտասարդ տարիքում Պերճ Սեդրակյանը եղել է Լիբանանյան շրջանակներում համալսարանական–ուսանողական երիտասարդ քաղաքական գործիչ, ինչպես նաև համալիբանանյան սկաուտական շարժման ղեկավար:

Իր պաշտոնավարության տարիներին նախագահ Սեդրակյանը սերտորեն համագործակցել է իր նախորդների` Ալեք Մանուկյանի եւ Լուիզ Մանուկյան Սիմոնի հետ: Անցնող ավելի քան երեք տասնամյակների ընթացքում պարոն Սեդրակյանը շրջագայել է շատ երկրներում, ամրապնդելով իր կապերը ՀԲԸՄ-ի կառույցների, ընդհանրապես երիտասարդության ու մասնավորապես սփյուռքահայ երրորդ կամ չորրորդ սերնդի այն երիտասարդների հետ, որոնք կապված չեն եղել հայկական կառույցներին ու հայ կյանքին: Նա միաժամանակ ընդլայնել է կազմակերպության ընթացիկ բազմաբնույթ ծրագրերը Հայաստանում ու սփյուռքում, զարկ տալով նոր ծրագրերի:

Պարոն Սեդրակյանը ամուսնացած է Վերա Նազարյանի հետ և ունի երկու դուստր` Անի, մասնագիտությամբ իրավաբան, ապրում է Նյու Յորքում և Լարա` մասնագիտությամբ քաղաքական մեկնաբան միջազգային հայտնի լրատվական ցանցերում, ինչպես ABC, Bloomberg և այլ:

Տիրապետում է հայերեն, արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին: Նա ֆրանսերեն լեզվի ու համեմատական իրավունքի մագիստրատուրայի գիտական աստիճան է ստացել Լիբանանի Սեն Ժոզեֆ և Ֆրանսիայի Լիոնի հայտնի համալսարաններից: Այժմ ավագ գործընկեր է Նյու Յորքում տեղակայված միջազգային իրավաբանական առաջատար ընկերություններից մեկում:

ՀԲԸՄ նախագահը անդամ է Նյու Յորքի ու Բեյրութի իրավաբանական պալատների, հասարակական ու շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների տնօրենների խորհրդի, ինչպես նաև ամերիկյան-լիբանանյան համատեղ Task Force for Lebanon ընկերակցության նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հոգաբարձուների խորհրդի:

ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը 2011թ. Հայաստանի հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով` ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսեւորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար:

Շնորհիվ աշխարհով մեկ կատարած իր հաճախակի ուղեւորությունների, միջազգային քաղաքական ասպարեզին քաջածանոթությանը, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպություններում երկարամյա ակտիվ ներգրավվածությանը՝ Պարոն Պերճ Սեդրակյանը ՀԲԸՄ-ի նախագահի իր պաշտոնին հաղորդում է գլոբալ աշխարհի եզակի հեռանկար: Նա առաջին ՀԲԸՄ նախագահն է, ով նախքան այդ պաշտոնն ստանձնելը կազմակերպությունում զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ: Կարծում ենք, ինչպես իր ողջ պատմության ընթացքում, ՀԲԸՄ-ն այսօր էլ բախտավոր է ունենալ այնպիսի նախագահ, ով հանդիսանում է մեր ժամանակների փայլուն առաջնորդ: Խորապես ըմբռնելով ներկայի մարտահրավերներն ու գիտակցելով հայրենիքի և սփյուռքի իրողությունները՝ պարոն Սեդրակյանը կոչված է առաջնորդելու ՀԲԸՄ-ն իբրև առաջատար համահայկական կազմակերպություն, այնպես ինչպես վիճակված էր Միության հիմնադիր Պողոս Նուբար Փաշայի տեսլականի շնորհիվ:

ՀԲԸՄ պատմությունը

ՀԲԸՄ պատմությունը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ՀԲԸՄ հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար: Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը` իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր: 1906-1912 թթ ՀԲԸ Միությունը Արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում ՀԲԸՄ-ն հիմնել էր դպրոցներ և որբանոցներ: 1914 թ-ին ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով` 8533 անդամ: Առաջին համաշխարհային պատերազմի տարիերը և հատկապես Մեծ Եղեռնը շրջադարձային եղան ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ ՀԲԸՄ-ի համար: 1914թ-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և վերջնականապես տեղափոխվում Փարիզ: Չնայած ՀԲԸՄ տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, Միությունը այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին: 1915 թ-ի հոկտեմբերին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի Սիսուան վարժարանը (1222 աշակերտ), ապա` որբանոցը և այրիանոցը: Եղեռնի հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Պատերազմից հետո ՀԲԸՄ-ն վերաձևավորվում և վերահաստատվում է նոր գաղթօջախներում, Մերձավոր Արևելքում, Հունաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 1921թ-ին Միության նստավայրը Կահիրեից տեղափոխվում է Ֆրանսիա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն է կրթական, մշակութային և բարեսիրական ծրագրերի միջոցով «պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը»: 1926թ-ին ՀԲԸՄ-ն Նիկոսիայում հիմնում է Մելգոնյան կրթական հաստատությունը, Նուպարյան սաներ հիմնադրամը, որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար, իսկ 1930-ին Մարի Նուպար ուսանողական տունը Փարիզում: 1930թ-ին Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում ոչ պակաս ականավոր հայ գործիչ, նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: Երկու տարի նախագահությունից հետո նրան փոխարինում է իր որդին` Զարեհ Բեյ Նուբարը, որը նախագահել է մինչև 1940 թվականը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու-Յորք: 1942 թ-ին Արշակ Կարագյոզյանը դառնում է ՀԲԸՄ չորրորդ հախագահը: ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում է և դառնում ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը: 1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ: ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով` ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա: ՀԲԸՄ-ն տնօրինում է մոտ 20 դպրոց (6600 աշակերտ) և ֆինանսավորում ավելի քան 16 կրթական հաստատություն: Փարիզում և Նյու Ջերսիում ՀԲԸՄ-ն ունի 2 գրադարան: 1989թ-ից ՀԲԸՄ-ի նախագահությունը ստանձնել է Լուիզ Մանուկյան Սիմոնը, Ալեք Մանուկյանի դուստրը, որն իր հերթին մի նոր շունչ է հաղորդել Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը: 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ: 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում: Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում` ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին: 1995 թ-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրում է «Երիտասարդ արհեստավարժներ (ԵԱ)» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի, և Եվրոպայի համալսարանի շրջանավարտները: Այսօր աշխարհի 11 երկրում գործում են 17 «Երիտասարդ արհեստավարժնրի» խմբեր, որոնց թվում է նաև նորաստեղծ (2007թ) ԵԱ Երևան խումբը: 2002թ-ից ՀԲԸՄ-ն նախագահում է Պերճ Սեդրակյանը, որը դեռ երիտասարդ տարիներից լինելով ՀԲԸՄ երիտասրդական կառույցների անդամ, այսօր շարունակում է մեկ դար առաջ սկսած այս հայրենանվեր գործը:

 

«ՀԲԸՄ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
Հեղինակ՝ Հովիկ Եորդեկյան

 

 

ՀԲԸՄ-ն Հայաստանում

ՀԲԸՄ-ն Հայաստանում

20-րդ դարի սկզբի սովի տարիներին ՀԲԸՄ-ն իր բարեգործական առաջին ծրագրերի շրջանակներում

1907 թ.-ին սննդամթերք և սերմացու ներմուծեց Երևան` որպես օգնություն սովյալ հայերին:

ՀԲԸՄ-ն Խորհրդային Հայաստանում

1923թ Աս. Մռավյանի և Ար. Երզնկյանի կողմից ստորագրված հոդվածով ՀԲԸՄ դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել Խորհրդային Հայաստանում հետագա 14 տարիների ընթացքում:

1920-ական թթ. Գյուղատնտեսական մեքենաների, սերմացուի և այլ օժանդակություն Խորհրդային Հայաստանին:

1926 թ. Օգնություն Շիրակի երկրաշարժի գոտու վերականգման աշխատանքներին:

1937 թ. ՀԲԸՄ-ի կողմից կառուցված Մատենադարանի հանրային գրադարանի և տպարանի բացում:

1930 թ.-ից Աջակցություն Երևանի Պետական Համալսարանին կարևոր գիտական հրատարկություններում և ապահովում անհրաժեշտ նորագույն սարքավորումներով:

1936թ. Երևանում Հայ մտավորականների տան կառուցում:

1923-36 թթ. Մոտ 17,000 հայ գաղթականների վերադարձ մայր հայրենիք Հունաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Իսրայելից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և այլ երկրներից:

1924 թ. ՀԲԸՄ-ի որբանոցների 250 որբերի տեղափոխում Հայաստան:

1929 թ. Մարի Նուբար աչքի կլինիկայի հիմնում

1929 թ. "Դարուհի Հակոբյան Մայրանոց" ծննդատան հիմնում

1925 թ. Նոր Եդովկիա գյուղի հիմնում` գաղթածների վերաբնակեցման համար:

1937 թ. Հանգանակություն 1 մլն ԱՄՆ դոլար և Նուբարաշեն ավանի կառուցում, որտեղ բնակվեցին 1000 գաղթական:

1944 թ. 105,000 ԱՄՆ դոլարի դեղորայք և հագուստեղեն Հայաստանին:

1946 թ. Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Հունաստանից և Ռումինիայից 51,060 հայերի ներգաղթ ՀԲԸՄ-ի կողմից այդ նպատակով հանգանակված 1,073,810 ԱՄՆ դոլարի շնորհիվ:

1944-48 թթ. Ընդհանուր առմամբ ներգաղթին օժանդակելու և հետպատերազմյան Հայաստանին օգնելու նպատակով ՀԲԸՄ-ն հանգանակել է մոտ 2, 300,000 ԱՄՆ դոլար:

1950-88 թթ. ՀԲԸՄ-ի աջակցությունը Հայաստանին եկեղեցու միջոցով:

1983թ. Ալեք Մանուկյան գանձատան բացում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 

1988 թ. երկրաշարժ

  1. Երկրաշարժից արդեն 3 օր անց դեղորայքի, հագուստի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների ներմուծում Հայաստան:
  2. Աղետից տուժածների բուժում ԱՄՆ-ում:
  3. Արտերկրի բժիշկ մասնագետների միջոցով տուժածների բուժում տեղում:
  4. 10 մլն ԱՄՆ դոլարի հանգանակություն ՀԲԸՄ բարերաների կողմից` որպես օգնություն հայ ժողովրդին:
  5. 1989-1992 թթ. - Գյումրիում մթերանոց սառցարանի կառուցում:
  6. 1991թ. - Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության կենտրոնի հիմնում Երևանում:

 

ՀԲԸՄ-ն Հայաստանի Երրորդ Հանրապետությունում

1. ՀԲԸՄ կենտրոններ

2. Մշակույթ

3. Կրթություն

4. Առողջապահություն

5. Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

6. Մարդասիրություն

7. ԼՂՀ ծրագրեր

8. Երիտասարդական ծրագրեր

9. ՀԲԸՄ փորձառության ծրագրեր

10. Հատուկ հատկացումներ 1991թ.-ից ի վեր

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Մայր Աթոռ Սբ. Էջմիածին Հին վեհարանի վերանորոգում Content About

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: