ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԻՆ ՎԵՀԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

 

ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանի և նրա տիկնոջ` Վերա Սեդրակյանի բարերարությամբ իրականացվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հին Վեհարանի հիմնանորոգության և վերակառուցման աշխատանքները: 2010 թ.-ի դեկտեմբերին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց օրհնության կարգ: Հին Վեհարանը վերջին անգամ նորոգվել է լուսահոգի Վազգեն Ա. Հայրապետի գահակալության շրջանում` 1958 թ.: Վերանորոգությունից հետո հին Վեհարանի շենքը պահպանել է իր պատմաճարտարապետական հորինվածքը և գործելու է որպես թանգարան, ինչպես նաև ծառայելու է որպես իջևանատուն Ս. Էջմիածին այցելող բարձրաստիճան հոգևորականների համար: