ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

1996 թ. Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտի հետ համատեղ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Ջեֆերսոնի համալսարանի հիվանդանոցի ռադիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Լևոն Նազարյանի ղեկավարությամբ, ՀԲԸՄ-ն հիմնադրել է գերձայնային հետազոտության բաժիններ Ուռուցքաբանության և Էրեբունի հիվանդանոցներում։ Չորս տարի անց ՀԲԸՄ-ն և Թոմաս Ջեֆերսոնի անվան գերձայնային հետազոտությունների և կրթության ինստիտուտը Երևանի պետական բժշկական համալսարանում բացեցին նոր գերձայնային ուսուցողական կենտրոն։ Կենտրոնում վերապատրաստվելիս բուժանձնակազմը ստանում է ցուցումներ և վերապատրաստվում գերձայնային հետազոտության բոլոր բնագավառներում` ներառյալ վիրահատական, որովայնային, մանկաբարձական և գինեկոլոգիական կիրառումները։ Ստեղծման օրվանից ի վեր կենտրոնում վերապատրաստվել են ավելի քան 140 բժիշկներ և մոտ 235 ուսանողներ։ Դոկտոր Նազարյանի հովանավորությամբ կենտրոնը 2005 թ. ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆ: ՀԲԸՄ բարերարները շարունակում են աջակցել Հայաստանում ու Արցախում գերձայնային հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը` մի շարք հիվանդանոցներին տրամադրելով ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներ։ Շարունակելով իր աջակցությունն այս բնագավառում` 2010-ին ՀԲԸՄ Հոգաբարձուների Խորհրդի անդամ Նազար Նազարյանի նվիրատվությամբ Երևանում բացվեց ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լևոն և Կլաուդիա Նազարյան ճառագայթային ախտորոշման և բուժման կենտրոնը»: