Ծրագրեր

ՀԲԸՄ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԻՆ

“Հայկի սերունդ” երիտասարդական կազմակերպությունը նպատակադրվեց իր կազմակերպությանը կից ստեղծել Արցախի սկաուտական շարժում: Նրա ջանքերի շնորհիվ 2010 թվականի օգոստոսի 3-10 կազմակերպվեց Արցախի առաջին սկաուտական ընդհանուր բանակումը, որի իրականացմամբ էլ Արցախում հիմնադրվեց սկաուտական շարժում` “Հայորդիներ” անվամբ: “Հայկի սերնդին” օժանդակելու նպատակով բանակավայր Շուշի էին մեկնել Թեհրանից` սկաուտական ավագ խմբապետ Ռուբիկ Սարդարյանը, սկաուտական առաջնորդներ, Երեւանից` Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական բաժանմունքի հինգհոգանոց կազմը (սկաուտական խորհրդի անդամներ Մինաս Լեւոնյանն ու Սաթենիկ Էլոյանը, սկաուտական ընդհանուր խմբապետ Գեւորգ Սիմոնյանը, շարքային սկաուտներ Սվետա Գյոզալյանն ու Ասիա Բաղդոյանը):

Երեւանից բանակումին մասնակցում էին նաեւ “Միասին” երիտասարդական շարժման եւ Հան-րապետական կուսակցության ուսխորհուրդներից հինգական ներկայացուցիչներ: Բանակումին մասնակցող սկսնակ սկաուտները եկել էին Ստեփանակերտից, Շուշիից, Մարտակերտից, Շահումյանից եւ Քաշա-թաղից: Բանակումի ընդհանուր պատասխանատուն էր եղբայր Արամ Հարութունյանը, որը նաեւ “Հայկի սերունդ” երիտասարդական կազմակերպության նորաստեղծ սկաուտական բաժանմունքի սկաուտապետն է: Նրա հետ համագործակցում էին սկսնակ պա-տասխանատուներ:

Բանակումի նշանաբանն էր`“Ուղին ճշմարիտ է, երբ հայրենիք է բերում”: Բանակումի ընթացքում ՀԲԸՄ-ի եւ Թեհրանի սկաուտները աշխատեցին իրենց սկաուտական փորձը փոխանցել նորաստեղծ սկաուտական պատասխանատուներին ու սկաուտներին, դասընթացների մեծամասնությունը սկաուտական գիտելիքների փոխանցման բնույթ էին կրում, կազմակերպվում էին գիշերային պահակություն, սկաուտական խաղեր ու ռազմահայրենասիրական դասընթացներ: Բանակումի փակման արարողությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, արձակագիր, հրապարակախոս, ազգային գործիչ Զորի Բալայանը, ԼՂՀ կրթության եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարները, ՀՀ եւ Արցախի բանակի ներկայացուցիչներ եւ պետական այլ այրեր:

Պրն նախագահը դրական է գնահատել սկաուտական շարժման հիմնադրումը “Հայկի սերունդ” կազմա-կերպության կողմից եւ կարեւորել է այն մատաղ սերնդի դաստիարակության գործում:

Փակման արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան “Հայկի սերունդ” երիտասարդական կազմակերպության նախագահ Արմինե Պետրոսյանը, արձակագիր Զորի Բալայանը եւ սկաուտապետ Արամ Հարութունյանը: Իսկ “Հայորդիներ” սկաուտական շարժման սկիզբը օրհնեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: