Ծրագրեր

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ Էդուարդո Էռնեկյանը հռչակվեց "ՀԲԸՄ-ի տարվա մարդ"

Հոկտեմբերի 13-17-ը, Բուենոս Այրեսում գումարվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 86-րդ ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի օրակարգի հիմնական հարցերն էին միության հայաստանակենտրոն գործունեության ընդլայնումը, համայնքներում նոր շրջանակների կազմավորումը, ընդլայնվող ծրագրերի իրականացման համար միջոցների տրամադրումը, մասնաճյուղերի նախաձեռնությունների աշխուժացումը, Կենտրոնական վարչական ժողովին առընթեր երիտասարդական կազմի ստեղծումը, ինչպես նաև ծրագրերի արդյունավետ իրագործման նպատակով արհես-տավարժ անձնակազմի ընդլայնումը: ՀԲԸՄ ընդհանուր ժողովն սկսվեց հոկտեմբերի 13-ին Արգենտինայում Ֆրանսիական դեսպանատանը տեղի ունեցած դասական երաժշտության համերգով: Արգենտինայում Ֆրանսիայի դեսպան Ժան Պիեռ Աստվածատուրյանի հյուրընկալությամբ տեղի ունեցած համերգից հետո ժողովի մասնակիցները ուղվեցին ՀԲԸ Միության կենտրոն, որտեղ տեղի ունեցավ միության Երիտասարդական լիգայի 70-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդես: Հաջորդ օրը, ժողովի մասնակիցները ներկա գտնվեցին միության վարժարանի տարրական դասարանների աշակերտների համերգին և ապա շրջեցին միության կենտրոնում տեղակայված ցուցասրահներում, դահլիճներում և մարզասրահներում: Ընդհանուր ժողովի օրերին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամները հանդիպումներ ունեցան տարբեր մասնաճյուղերի պատվիրակների հետ` քննարկելով միության գործունեությանն առնչվող հարցեր: Ժողովին մասնակցում էին Երիտասարդ արհեստավարժներ տարբեր երկրներից: Նրանց հետ հանդիպման ընթացքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր գոհունակությունը հայտնեց ԵԱ-ների աճող թվի և ի նպաստ հայրենի ծրագրերի նրանց կատարած աշխատանքի համար: Նա շեշտեց իր վճռականությունը երիտասարդությանը միության ղեկավարությունում ընդգրկելու, նրանց հայեցակետն ու գործելակերպը խրախուսելու հարցում: Ընդհանուր ժողովի նիստերն սկսվեցին հոկտեմբերի 16-ին, Բուենոս Այրեսի Ալեք Մանուկյան կենտրոնում, գլխավորությամբ նախագահ Պերճ Սեդրակյանի ու ներկայությամբ Կենտրոնական վարչական ժողովի անդամների: Ժողովին մասնակցում էին շուրջ 200 լիազոր անդամներ ու հյուրեր, որոնք ժամանել էին Հայաստանից, Հունաստանից, Իտալիայից, Սիրիայից, Ավստրալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Բրազիլիայից ու Ուրուգվայից: Ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանն ու Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակվել էին տեղեկագրեր, որոնք ներկայացնում էին միության անցնող 2 տարիների գործունեությունն ու ֆինանսական պատկերը: Ժողովը բացեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, որն ամփոփեց անցնող 2 տարիների ընթացքում միության դիմագրաված մարտահրավերներն ու ձեռքբերումները: ՀԲԸՄ նախագահը գոհունակությամբ նշեց, որ հակառակ տնտեսական դժվարություններին, բոլոր մասնաճյուղերի գործունեությունն ու համամիութենական ծրագրերը հաջողությամբ են իրագործվել: Ամփոփելով 2008-2009 տարիների գործունեության համապատկերը` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և Միջին Արևելքի ներկայացուցիչ Վազգեն Յակուբյանը ներկայացրեց 4 գլխավոր ուղղությունները. Հայաստանում և Արցախում միության հատուկ ծրագրերը, կրթական գործունեությունը, մասնաճյուղերի գործունեությունը, երիտասարդական ծրագրերը: Ֆինանսական տեղեկագիրը ներկայացրեց Կենտրոնական վարչական ժողովի գանձապահ Սեմ Սիմոնյանը: Ընդհանուր ժողովի կողմից տեղեկագրերի հաստատումից հետո տեղի ունեցավ Կենտրոնական վարչական ժողովի իրենց պաշտոնավարման շրջանն ավարտած անդամների վերընտրություն: Նկատի ունենալով, որ ավարտվել էր միության երկարամյա փոխնախագահ Արշավիր Գյոնջյանի պաշտոնավարման կանոնագրային տարիքը, նախագահ Սեդրակյանը բարձր գնահատեց նրա կատարած միութենական, ազգային ու հասարակական դերն ու վաստակը: Նա շնորհակալություն հայտնեց Արշավիր Գյոնջյանին ու նրան մաղթեց կորով ու քաջառողջություն: Կենտրոնական վարչական ժողովի 8 անդամներ վերընտրվեցին չորս տարվա համար: Կենտրոնական վարչական ժողովի նոր անդամ ընտրվեց Ջոզեֆ Ուղուրլյանը: Ընդհանուր ժողովի նիստում ելույթ ունեցավ նաև Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Նա վերհանեց ՀԲԸՄ ստեղծման պատմական նշանակությունն ու նրա հայրենաշեն գործունեությունը: Ժողովի ավարտին իրենց երկարամյա նվիրյալ ծառայության համար միության նախագահի գնահատագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին Րեժինե Բազարյանը, Հակոբ Չամիքյանը, Էլիզաբեթ Գյոզուկարայանն ու Անտոնիո Սարաֆյանը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի կողմից ս. Ներսես Շնորհալի պատվո բարձր շքանշանին ու օրհնաբեր կոնդակին արժանացան Կենտրոնական վարչական ժողովի հաշվապահական ու ֆինանսական բաժնի նախկին երկարամյա տնօրեն Պետրոս Փիանդարյանն ու Կենտրոնական վարչական ժողովի անդամ Ռուբեն Քեշիշյանը: Նախագահ Պերճ Սեդրակյանը գնահատեց ընդհանուր ժողովի դիվանի և հանձնաժողովների, Բուենոս Այրեսի համա-կարգող մարմինների ու անդամների աշխատանքը: Ընդհանուր ժողովի բանաձևերի վավերացումից հետո առաջնորդ սրբազան հոր պահպանիչով փակվեց ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի շրջանակներում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Մարգրետ Աճեմյան Ահներթի “Դռան թակոցը” գրքի և հայկական ճաշագրքի իսպաներեն թարգմանությունների շնորհանդեսը, ինչպես նաև միության սկաուտական նոր կենտրոնի կառուցման հիմնարկեքը: ՀԲԸՄ ընդհանուր ժողովի ամենափայլուն իրա-դարձությունն անշուշտ հոկտեմբերի 15-ին կայացած հանդիսությունն էր, որի ընթացքում “ՀԲԸՄ-ի տարվա մարդ” հռչակվեց հայտնի ձեռնարկատեր ու բարերար Էդուարդո Էռնեկյանը` իր ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար: Հանդիսության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքն ընթերցեց Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Ողջունելով ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահը շնորհավորում ու բարձր էր գնահատում Էդուարդո Էռնեկյանի ազգանվեր նախաձեռնություններն ու Հայաստանում կատարած ներդրումները: Իր ողջույնի ու օրհնության խոսքն էր ուղղել նաև Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը բարձր էր գնահատում Միության կապվածությունը հայրենիքին ու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, ինչպես նաև շնորհավորում էր Էդուարդո Էռնեկյանին “ՀԲԸՄ-ի տարվա մարդ” հռչակվելու կապակցությամբ` գնահատելով նրա ծառայությունները հայրենիքին ու Մայր Աթոռ ս. Էջմիածնին: Էդուարդո Էռնեկյանը հռչակվեց նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի Պատվավոր անդամ: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` պարոն Էռնեկյանը դրվատեց Միության նախախնամական դերը հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահերին: Նա հայտնեց, որ հայ ժողովրդի, հայրենիքի ու Հայ եկեղեցու համար կատարած ներդրումներն իր առօրյա աշխատանքն ու բնական պարտականություններն են:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2010 Նորություններ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ 86-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ Էդուարդո Էռնեկյանը հռչակվեց "ՀԲԸՄ-ի տարվա մարդ"

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: