Ծրագրեր

ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ”Անդրանիկ” սկաուտական բանակումը, երկրորդ տարին անընդմեջ, հաջողությամբ անցկացվեց Հայաստանում: Միության հայաստանակենտրոն երիտասարդական ծրագրերին մաս կազմող սկաուտական ճամբարի բացումն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 15-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում գտնվող ՀԲԸՄ սեփական հողատարածքի վրա: Այս տարի նույնպես սկաուտական ճամբարին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել ավելի քան 200 սկաուտներ ՀԲԸՄ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Կալիֆորնիայի մասնաճյուղերը ներկայացնող յոթ քաղաքներից: Ճամբարին մասնակցեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի անդամները: “Անդրանիկ” սկաուտական ճամբարի ղեկավարն է ՀԲԸՄ-ՀԵԸ Լիբանանի Վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանը: Ճամբարի նախապատրաստական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական շարժման խմբապետական կազմն ու ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության անձնակազմը: Հուլիսի 15-ին տեղի ունեցած բացման արարողությունը սկսվեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի մարզի փոխ-առաջնորդ Հոգեշնորհ Սասուն Ծ. Վարդապետ Զմրուխտյանի աղոթքով, ով կատարեց նաև հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ նույն առավոտյան աղետի ենթարկված Թեհրան-Երևան օդանավի զոհերի, որոնց մեջ էին նաև ՀԲԸՄ Թեհրանի մասնաճյուղի սկաուտներ Շողեր և Նաիրի Ստեփանյան քույրերը: Լոռու մարզի համայնքային իշխանությունների, Գուգարաց թեմի հոգևորականների, ինչպես նաև ՀԲԸՄ ներկայացուցիչների և Երևանից ժամանած բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ կատարվեց դրոշի բարձրացման և սկաուտական խմբերի երդման արարողություն: “Անդրանիկ” սկաուտական ճամբարի առաջին հավաքի խարույկահանդեսը տեղի ունեցավ հուլիսի 25-ին, երեկոյան ժամը 19:00-ին, ներկայությամբ ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի: Բացման խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխ-տնօրեն Հովիկ Յորդեկյանը: Բազմաթիվ ծնողներ, հյուրեր, Լոռու մարզային և գյուղական համայնքների ներկայացուցիչներ ներկա էին խարույկահանդեսին, որի ընթացքում սկաուտները ցուցադրեցին երգելու, պարելու ու ասմունքելու իրենց ունակությունները, ներկայացրին սկաուտական տարբեր խաղեր ու վարժություններ: Ճամբարի ղեկավար Գևորգ Սանթուրյանն իր գոհունակությունը հայտնեց, որ երկրորդ տարին անընդմեջ ՀԲԸՄ սկաուտական ճամբարը տեղի է ունենում Հայաստանում, որի շնորհիվ բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից համախմբվում են հայրենիքում` շփվելով իրենց հասակակիցների հետ ու ապրելով ազգային հպարտության ու վերելքի անմոռանալի պահեր: Բացի ճամբարային կյանքի առօրյայից ու դաստիարակչական զրույցներից, սկաուտներն այցելեցին նաև Հայաստանի տեսարժան վայրեր` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, դիտեցին սահմանից այն կողմ գտնվող Անիի ավերակները, ինչպես նաև ծանոթացան Հայաստանի պատմա-մշակութային հուշարձաններին: Սկաուտները հանդիպումներ ունեցան Արաբկիրի և Նորքի Հայորդյաց տների սաների և Գուգարաց թեմի □Ծիծեռնակ□ ճամբարի իրենց հասակակիցների հետ: Նորքի Հայորդյաց տան սաները հատուկ սկաուտների համար պատրաստել էին համերգային ծրագիր: Ճամբարի մասնակիցներն առիթ ունեցան նաև այցելելու հայկական բանակի զարամասերից մեկը, որտեղ ծանոթացան հայ զինվորների առօրյային և համատեղ մասնակցեցին որոշ զորավարժությունների: Հրաժեշտ տալով ՀԲԸՄ □Անդրանիկ□ ճամբարին` սկաուտները վերադարձան իրենց ծննդավայրերը` հաջորդ տարի Հայաստան գալու հստակ մտադրությամբ: ՀԲԸՄ-ն տարեցտարի բարելավում է ճամբարի պայմաններն ու ենթակառույցները սկաուտների համար լավագույն հարմարություններ ստեղծելու նպատակով:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2009 Անդրանիկ սկաուտական ճամբար ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: