Ծրագրեր

ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ

Ինչպես նախորդ երկու տարիներին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ամառային փորձառության Երևանյան ծրագիրն այս տարի նույնպես հաջողությամբ ավարտվեց: Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդությանն ավելի մոտիկից ծանոթացնել և կապել հայրենիքի հետ, նրանց ընդգրկել ազգային կյանքի և իրադարձությունների մեջ: Ծրագիրը շարունակական է և տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Սույն թվականի հունիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը 25 երիտասարդներ վեց երկրներից` ԱՄՆ, Կանադա, Սիրիա, Ռուսաստան, Շվեյցարիա և Իսրայել, իրենց ամառային փորձառության ծրագիրն անցկացրին Երևանում` աշխատելով այնպիսի առաջնակարգ կազմակերպություններում ու հաստատություններում ինչպիսիք են Երևանի պետական բժշկական համալսարանի հիվանդանոցը, HSBC և Ամերիա բանկերը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ՄԱԿ-ը, Ազգային և միջազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնը, "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը, "Ապագան քոնն է" հասարակական կազմակերպությունը, Կրթության զարգացման ակադեմիան, Արմենբրոկ ընկերությունը, ՀԱՀ հանրային առողջապահության հետազոտական կենտրոնը, ABA/CEELI և Տեր-Տաճատյան իրավա-բանական գրասենյակները, Կարագյոզյան մանկական կլինիկան, թիվ 2 նյարդաբանական հիվանդանոցը, Deem Communications ընկերությունը, ՀՀ Սփյուռքի նախարարությունը: Սա մշակութային հարստացման և փորձի փոխանակման միամսյակ էր, որի շնորհիվ մեր սփյուռքահայ երիտասարդները ակտիվորեն շփվեցին իրենց հասակակիցների հետ և մոտիկից զգացին հայրենի պետականության իրողությունը: Մասնագիտական փորձառություն ձեռք բերելուց բացի, երիտասարդները մասնակցեցին նաև մի շարք մշակութային միջոցառումների, հետևեցին հայերեն լեզվի, հայոց պատմության և հայկական ժողովրդական պարերի դասընթացների: Ծրագրի ընթացքում երիտասարդներն այցելեցին նաև Հայաստանի պատմամշակութային կոթողներ, Արցախ, ինչպես նաև ծանոթացան Հայաստանում և Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Արցախում երիտասարդներին ընդունեց ԼՂ Ազգային Ժաղավի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպման ընթացքում զրույց ընթացավ հայրենիք-սփյուռք հարաբերու-թյունների ու հայ երիտասարդության դերին առնչվող հարցերի շուրջ: Հուլիսի 25-ին երիտասարդները հյուրընկալվեցին Լոռու մարզում տեղակայված ՀԲԸՄ "Անդրանիկ" սկաուտական ճամբարում, որտեղ նրանք ներկա եղան սկաուտական անմոռանալի խարույկահանդեսին: Հատուկ ծրագրի մասնակիցների համար ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը ներկայացրեց ՀԲԸՄ լայնածավալ գործունեությունը Հայաստանում` երկրի պատմության նախախորհրդային, խորհրդային ու անկախության տարիներին: 2009 թվականի ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագիրը հաջողությամբ վարեցին ՀԲԸՄ ԱՓԵԾ կոորդինատորներ Աննա Աղաջանյանը և Ալին Թովմասյանը: Խոսելով ծրագրի մասին ԱՄՆ-ից Աննա Աբալյանն ասաց, "Աշխատանքիս առաջին իսկ օրը բոլոր աշխատակիցներս չափազանց սիրալիր էին. Ես ապշեցի, երբ ինձ ասացին, որ ընկերությունը, որտեղ ես անց էի կացնելու իմ ամառային փորձառությունը, ունի խոհարար, որն ամեն օր աշխատակիցների համար ճաշ է պատրաստում: Ընդմիջմանը զարմացած էի, երբ տեսա թե որքան ընկերական են բոլոր աշխատակիցները: Նրանք այնքան բան գիտեին միմյանց մասին և իրոք շատ հոգատար էին միմյանց նկատմամբ: ԱՄՆ-ում իմ աշխատած ոչ մի վայրում երբեք այսքան մոտ չեմ եղել գործընկերներիս հետ: Այստեղ ինձ զգում եմ ոչ թե մի ընկերության այլ մի ամբողջ ընտանիքի անդամ": "Յուրաքանչյուր ապրածդ օրից վերցրու այն ամենը ինչ կարող ես, ազատ մտքով և բաց սրտով, եղիր կամեցող և այնքան ճկուն, որ կարողանաս ձուլվել այլ մշակույթի հետ, որն այս դեպքում, հենց քո հայրենի մշակույթն է", ասաց ծրագրի մասնակիցներից Դանիել Հարթունյանը: Լիբանանահայ Նանոր Բալաբանյանը հետևյալն ասաց, "Ես հասկացա ինքնավստահության, համբերատարու-թյան, ներողամտության, բարության, նվիրվածության, ընկերության, հարգանքի ու հպարտության կարևորությունը հայկական ինքնության մեջ":

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2009 Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵՑ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: