Ծրագրեր

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան խմբի ծրագիրը Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաների համար

16.նոյեմբեր 2008-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում տեղի ունեցավ Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Ծրագիրը կազմակերպել էր ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խումբը: Ծրագրի նպատակն է դպրոցահասակների շրջանում շրջակա միջավայրի հանդեպ հարգանքի և ուշադրության դաստիարակությունը, ինչպես նաև կենդանական աշխարհի մասին ճանաչողության բարձրացումը: Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլում մանկատան բոլոր` 69 սաներն այցելել էին Երևան, ծանոթացել մայրաքաղաքին, շրջել Ազգային պատկերասրահում, իսկ օրվա ավարտին դիտել պետական կրկեսի ներկայացումներից մեկը: Վերադարձից հետո սաներն իրենց նկարներում և ձեռքի աշխատանքներում պատկերել են իրենց տպավորությունները և նախապատրաստվել իրենց աշխատանքների ցուցահանդես վաճառքին: Վաճառքից ստացվող գումարը տրամադրվելու է մանկատան համար ստեղծվող համակարգչային դասասենյակի կահավորմանը: Ցուցահանդես-վաճառքին ներկա էին և մասնակցեցին ինչպես բիզնես և բանկային ոլորտների աշխատողներ, հասարակակն կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ արվեստի բնագավառի մարդիկ, երգիչ-երգչուհիներ:Երեխաները բացի իրենց աշխատանքներից, հանդես եկան նաև երգով ու պարով` այդպիսով ավելի հանդիսավոր և տոնական դարձնելով մթնոլորտը:Ցուցահանդես-վաճառքը հաջողությամբ ավարտվեց. հանգանակվեց 1.239000 ՀՀ դրամ: ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի աշխատանքներն այսուհետ ուղղված են լինելու մարզային երիտասարդության խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման ուղիների առաջադրմանը: ՀԲԸՄ ԵԱ մասին Զարգացնելով հայ ինքնությունն ու ժառանգությունը պահպանելու և տարածելու առաքելությունը` ՀԲԸՄ արհեստավարժները ներկայացնում են նվիրված և ձգտում ունեցող ՀԲԸՄ երիտասարդ կամավորների մի ցանց, որն իրականացնում է կրթական, մշակութային, սոցիալական գործունեություն` նպաստելով հայ ԵԱ-ների ակտիվ ապրելակերպին: ՀԲԸՄ ԵԱ-ների աշխարհասփյուռ խմբերն ունեն մեկ ընդհանուր նպատակ` ավելացնել նոր ուղղություն ԵԱ-ների կյանքին` առաջարկելով գործունեության նոր ոլորտներ և միջոցառումներ, որոնք կնպաստեն կայացած երիտասարդների միավորմանը և հայապահպան ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը: ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խումբն ստեղծվել է 2006 թվականի դեկտեմբերին: ԵԱ Երևանյան խումբն աջակցում է ՀԲԸՄ ծրագրերին ՀՀ-ում և Արցախում` կազմակերպելով դրամահավաքներ և կատարելով սոցիալական աշխատանքներ: Բացի Երևանից ՀԲԸՄ ԵԱ ցանցը գործում է նաև Հս. Կարոլինայում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Լիբանանում, Փարիզում, Պլովդիվում, Սոֆիայում, Թեհրանում, Բոստոնում, Դեթրոյտում, Տորոնտոյում, Լոնդոնում, Ավստրիայում, Վաշինգտոնում, Բրազիլիայում և Սիդնեյում:

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2008 Նորություններ ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան խմբի ծրագիրը Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաների համար

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: