Ծրագրեր

ՀԲԸՄ "ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԲԵՐԵՑ ԵՎՍ 31 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ

ՀԲԸՄ-ի հերթական երիտասարդական ծրագիրը` “Բացահայտի՛ր Հայաստանը”, այս տարի հայրենիք էր բերել 15-18 տարեկան 31 սփյուռքահայ երիտասարդների ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բելգիայից և Սիրիայից: Այս տարվա ծրագիրը, որը թվով 8-րդն էր, մեկնարկեց օգոստոսի 6-ին և ավարտվեց օգոստոսի 25-ին: Այն վարում էր Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը: Ինչպես նախորդ տարիներին այս տարի նույնպես ծրագիրը հարուստ ու բազմազան էր. այցելություններ տեսարժան վայրեր ու մշակութային միջացառումներ, հանդիպումներ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ, կամավոր մարդասիրական ու համայնքային ծրագրեր: Մասնակիցներն այցելեցին Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Մատենադարան, Գաֆեսչյան թանգարան, Խոր Վիրապ, Գեղարդ, Գառնի, Սևան, Նորավանք և Գորիս, եղան Արցախում, բարձրացան Արագած լեռը: Օգոստոսի 24-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում երիտասարդները հյուրընկալվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին: Ծրագրի կարևոր բաղադրիչներից ու նպատակներից է երիտասարդների մեջ կամավոր հիմունքներով հանրօգուտ աշխատանքի և հայրենիքին գործնականում օգտակար լինելու գաղափարների տարածումը: Արդեն ավանդական է դարձել համագործակցությունը Fuller ընկերության հետ, որի հետ համատեղ այս տարի երիտասարդներն այցելեցին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղ և օգոստոսի 15-17-ը մասնակցեցին բնակարանների տանիքի և հատակի վերանորոգման աշխատանքների: Հուզիչ էր մասնակիցների այցը Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որտեղ անցկացրին մի ամբողջ օր տեղի երեխաների հետ` կազմակերպելով հետաքրքրաշարժ ու զվարճալի խաղեր: Օգոստոսի 19-ին, խումբն այցելեց ՀԲԸՄ և Սբ. Էջմիածնի բարեգործական ճաշարան` շփվելու և ճաշ մատուցելու կենտրոնից օգտվող տարեցներին: Խումբը եռօրյա այցով եղավ նաև Ղարաբաղում, այցելեց տեղի պատմա-մշակութային կոթողները, ինչպես նաև Հադրութի շրջանի այն գյուղերը, որոնք վերակառուցվել և վերաբնակեցվել են ՀԲԸՄ-ի կողմից: Ավանդույթ է դարձել նաև ծրագրի մասնակիցների կողմից նոր գրքերի նվիրատվությունը Ստեփանակերտի մանկական գրադարանի օտարալեզու գրականության տաղավարին: Այդ տաղավարը հիմնվել է “Բացահայտի՛ր Հայաստանը” ծրագրի 2009թ. մասնակիցների կողմից և ամեն տարի համալրվում է նոր օտարալեզու գրականությամբ: Խումբն այցելեց Երևանի կոնյակի գործարան, մեկնեց Սաղմոսավանք` մասնակցելու խաղողի օրհնման արարողությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցավ ներկա գտնվելու Համահայկական 5-րդ խաղերի բացման և փակման արարողություններին և ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Սեմ Սիմոնյանի կողմից հիմնված “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երիտասարդներն այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարան, ծանոթացան Միության իրականացրած ծրագրերին, մասնակցեցին նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հայորդաց տան սաների համերգին: Պատասխանելով այն հարցին, թե որն է ծնողների հետ որպես սովորական զμոսաշրջիկ և ՀԲԸՄ ծրագրով կատարած այցերի միջև էական տարբերությունը, մասնակիցներից ոմանք խոստովանեցին, որ ծնողների հետ կատարած նախորդ այցերի ժամանակ բացահայտել են Երևանն իր գեղեցիկ փողոցներով, խանութներով և ռեստորաններով, մինչդեռ ծրագրի միջոցով մասնակիցները կարողացան ճանաչել իրական Հայաստանը` իր առօրյայով ու խնդիրներով, հատկապես սերտ կապեր հաստատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ:

 
Դուք այստեղ եք՝ Home Ծրագրեր Արխիվ 2011 Բացահայտիր Հայաստանը ՀԲԸՄ "ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ" ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԲԵՐԵՑ ԵՎՍ 31 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: