Ծրագրեր

ՀԲԸՄ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Անցած տարիներին Միության աջակցությամբ Ղարաբաղում կառուցվել է պատերազմի վետերանների և այրիների համար նախատեսված շենքը, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը և վերանորոգվել Ալեք Մանուկյանի անունը կրող փողոցը Ստեփանակերտում։ ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2002 թ. սկսվեց Ղարաբաղի Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը։ Հետագայում այս ձեռնարկը վերածվեց ՀԲԸ Միության Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել 1988-1994 թթ. պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ 22 տների և մանկապարտեզի վերակառուցումն ավարտվեց կարճ ժամանակում։ Ավելի ուշ Նորաշենում կառուցվեցին նաև բուժկետ և 80 աշակերտի համար նախատեսված դպրոց։ Դպրոցն ունի ութ դասասենյակ, դահլիճ` նախատեսված տարբեր միջոցառումների համար և համակարգչային սենյակ։ Հետագայում ՀԲԸՄ-ն դպրոցին նվիրաբերեց նաև կահույք։ ՀԲԸՄ Լոս Անջելեսի, Լոնդոնի, Մոնրեալի, Տորոնտոյի ու Սիդնեյի մասնաճյուղերն իրենց մասնակցությունն են բերել վերաբնակեցման ու վերակառուցման ծրագրերին։ Վերջերս ավարտվեցին նաև Նորաշեն գյուղի Բարեշեն և Ջրակն թաղամասերի 13 տների կառուցման աշխատանքները։ Այսօր, Ղարաբաղում ՀԲԸՄ-ի կառուցած 35 տներում ընդհանուր առմամբ ապրում են շուրջ 150 բնակիչներ, այդ թվում երիտասարդ ընտանիքներ։ ՀԲԸՄ-ն աջակցում է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության պաշտոնյաների վերապատրաստման դասընթացների ծրագրին, որն իրականացնում է «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակեր-պությունը։ Այդ դասընթացներին հետևում են Արցախի տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներն ու աշխատակիցները, որոնք հմտանում են կառավարության հասարակայնության հետ կապերի, մրցակցային ազգային ինքնության ռազմավարությունների մշակման, տնտե-սության և ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև մշակութային ինքնության պահպանման բնագավառներում։