Ծրագրեր

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԱԼԵՔՍԻ ԳՈՎՑՅԱՆԸ ԵՎ ՀԲԸՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՏԵՆԱՊԵՏ ՊԵՐՃ ԹԵՐԶՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ և ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովցյանը և ՀԲԸՄ Եգիպտոսի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ, գրող, հրապարակախոս, ՀԲԸՄ “Արեգ” ամսաթերթի խմբագրական խորհրդատու Պերճ Թերզյանը պարգևատրվեցին Մխիթար Գոշի մեդալով: Ալեքսի Գովցյանը պետական բարձր պարգևը ստացավ սեպտեմμերի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում կայացած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ: Այդ օրը Մխիթար Գոշի մեդալով պարգեվատրվեցին նաև Վարդգես Մահտեսյանը, Գեորգի Տեր-Ղազարյանցը և Հարություն Սելիմյանը: Պերճ Թերզյանի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համառոտ ներկայացրեց Թերզյանի հասարակական և լրագրողական գործունեությունը` ընդգծելով նրա մարդկային բարձր որակները և բարձր գնահատելով նրա դերը Եգիպտոսի հայ համայնքի կյանքում և անմնացորդ նվիրումը ազգային խնդիրներին: Պարգևատրման առթիվ շնորհավորական խոսքեր ասացին Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը և այլոք: Շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին, սփյուռքի նախարարին և ներկաներին բարձր պարգևի և ջերմ բարեմաղթանքների համար` Պերճ Թերզյանը նշեց, որ բախտավոր է տեսնել Հայաստանի անկախությունը, տոնել այդ անկախության 20-ամյակը և զգալ սփյուռքի նկատմամբ պետական հոգածությունը: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, ՀՀ նախագահի հրամանագրով, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար ՀՀ Պատվո շքանշանի արժանացան նաև Ալբերտ Բոյաջյանը և Վահե Կարապետյանը:

 

 

Տեսանյութ

 

end faq