Articles

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳԻՐԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սփյուռքում հայ երաժշտության երիտասարդ դեսպանների թիվն ավելացավ ևս յոթով: Հուլիսի 15-ին մեկնարկեց ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի 2-րդ շրջանը: 7 տաղանդավոր սփյուռքահայ երիտասարդներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից և Կանադայից ժամանեցին հայրենիք` օգտվելու ՀԲԸՄ-ի ընձեռած այս բացառիկ հնարավորությունից. 3-շաբաթ անցկացնել Հայաստանում, հաճախել դասընթացների ու անհատական վարպետության դասերի, ներկա գտնվել բազում մշակութային միջոցառումների, իսկ ծրագրի ավարտին հանդես գալ նաև սեփական համերգային ծրագրով: «Երաժշտական Հայաստան»-ը մեկնարկեց 2012թ.` համալրելով ՀԲԸՄ երիտասարդական բազում ծրագրերի շարքը: Ամենամյա այս ծրագրին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի, երաժշտական որևէ գործիքի տիրապետող կամ վոկալային տվյալներով, տարրական երաժշտական կրթությամբ ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն նոր փորձ և գիտելիքներ ձեռք բերել հայրենիքում: Այս տարվա մասնակիցները մասնագիտացած են երաժշտական հետևյալ բնագավառներում` ջութակ, տավիղ, թավջութակ, գալարափող, հարվածային գործիքներ, վոկալ և ստեղծագործական հմտություններ: Երեքշաբաթյա հագեցած ծրագիրը ներառում էր միասնական դասընթացներ ու անհատական վարպետության դասեր ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, այդ թվում` Աննա Մայիլյանի, Թովմաս Պողոսյանի, Արմեն Թութունջյանի, Ալինա Փահլևանյանի, Գա-գիկ Գինոսյանի, Մհեր Նավոյանի, Բագրատ Վարդանյանի, Ալեքսանդր Կոսեմյանի, Արթուր Շահնազարյանի, Արուսյակ Սահակյանի, Արամ Հովհաննիսյանի և Հայկ Արսենյանի: Երիտասարդները մասնակցեցին հայրենի մշակութային կյանքի անցուդարձին` հաճախելով համերգների, շփվելով հանրահայտ ու կայացած երաժիշտների ու արվեստագետների հետ, ելույթներ ունենալով տաղանդավոր հասակակիցների հետ, մասնակցելով տարբեր սոցիալական և ժամանցային երեկոների, այցելելով տեսարժան վայրեր ու թանգարաններ: Շաղիկ Քազանջյանը գալարափող է նվագում: Սովորում է Տորոնտոյի համալսարանի երաժշտության բաժնում: Լսեց ծրագրի մասին, որոշեց գալ, մասնակցել…ու արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները. Շաղիկն աշխատանքի հրավեր ստացավ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբից և Հայաստանում անցկացրած 3 շաբաթների ընթացքում արդեն 2 անգամ ելույթ ունեցավ նվագախմբի հետ` «Ռոմեո և Ջուլիետ»-ում և «Լա Տրավիատա»-ում: Նվագելուց բացի Հայաստանում Շաղիկը կատարելագործեց նաև իր վոկալ ունակությունները` հաճախելով անհատական դասերի Աննա Մայիլյանի մոտ: «Անչափ ուրախ եմ, որ այսպիսի ծրագիր է իրականացվում և շնորհակալ եմ, որ ներգրավված եմ ծրագրում: Երկրորդ տարին է այսպիսի ակտիվ ամառ եմ անցկացնում այս ծրագրի շնորհիվ, - ասաց Աննա Մայիլյանը: Շաղիկը միակը չէր, որ պատիվ ունեցավ հանդիսատեսի առջև ելույթ ունենալու հայտնի երաժիշտների հետ: Անդրեա Գոդոշյանն ԱՄՆ-ից, որը և ստեղծագործում է և տիրապետում հարվածային գործիքների, հնարավորություն ունեցավ Երևանյան հայտնի «Առագաստ»-ում նվագել Արմեն «Չիկո» Թութունջյանի և մեր մյուս անվանի ջազմենների հետ: «Ամենակարևորը, որ սովորեցի այն է, որ մեր երաժշտական ժառանգության երբեմն միակ փաստագրական ապացույցները պահպանված են Հայաստանի թանգարաններում և որ մենք` հայ երաժիշտներս է, որ պետք է մեր արվեստի ու երաժշտության միջոցով լույս սփռենք ու կյանք տանք դրանց», - ասաց Ստեփան Ադամյանը ԱՄՆ-ից: Այս տարվա առանձնահատկություններից էր համագործակցությունը «ԷԼ-Սիստեմա» ընկերության հետ: «ԷԼ-Սիստեման» միջազգային մշակութային ցանց է, որը ստեղծվել է 1975թ. Վենեսուելայում: Նպատակը երաժշտության և հատկապես խմբային երաժշտության միջոցով կյանքի և սոցիալական պայմանների բարելավումն է: «Սիստեմա Արմենիա»-ն ունի ընդամենը մեկ տարվա պատմություն: Թալինի երաժշտական դպրոցը դարձավ նրանց առաջին մարզային կենտրոնը և հենց այդ դպրոցն էլ այցելեցին ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան»-ցիներն ու ղեկավարները, «Սիստեմա Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ միասին: Մի ամբողջ օր անցկացրին այնտեղ, լսեցին դպրոցի սաների կատարումները, այնուհետև իրենք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցեցին փոքրիկներին: «Հենց Թալինում էր, որ հասանք ծրագրի բուն առաքելության իրագործմանը. այն է աշխարհի տարբեր անկյուններից եկած հայերին մոտեցնել մեր երկրի մշակույթին ու արվեստին: Տեսնելով այդ համագործակցությունը` մենք հասկացանք, որ հասանք մեր նպատակին: Մեր մասնակիցները ոգևշնչված էին այն ամենով, ինչ սովորեցին Թալինի երեխաներից և վստահ եմ, որ պահելու և փայփայելու են այդ փորձառությունը, երբ վերադառնան տուն և շարունակեն զարգացնել իրենց կարիերաները», ասաց ՀԲԸՄ Կատարողական արվեստի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը: Անմոռանալի էր նաև ետկուլիսյան հանդիպումը Հասմիկ Պապյանի և Էդուարդ Թոփչյանի հետ նրանց համատեղ համերգից անմիջապես հետո, որին ներկա էին նաև ՀԲԸՄ ծրագրի մասնակիցները: «Երաժշտական Հայաստան»-ի բոլոր մասնակիցներն անհատական հրավերներ ստացան մասնակցելու 2014թ. Գյումրիի «Վերածնունդ» միջազգային փառատոնին անձամբ փառատոնի տնօրեն, դաշնակահարուհի Կարինե Ավդալյանից: Երեքշաբաթյա երաժշտական ուսուցումը եզրափակվեց օգոստոսի 3-ին Արամ Խաչատրյան տուն թանգարանում տրված համերգով: «Երաժշտական Հայաստանի» մեկուկեսժամյա ծրագիրը հագեցած էր` Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատրյան: Վերջում հնչեց նաև «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներից մեկի` Անդրեա Գոդոշյանի հեղինակած ստեղծագործությունը, որը նա գրել էր հենց Հայաստանում անցկացրած վերջին 3 շաբաթների ընթացքում: Համերգի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան վկայագրերի, որը նրանց հանձնեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ և «Երաժշտական Հայաստան» ծրագրի նախաձեռնող Վազգեն Յակուբյանը: Ավարտվեցին «Երաժշտական Հայաստան»-ի հագեցած 3 շաբաթները: Ծրագրի յոթ երիտասարդներն ապրեցին ու սովորեցին հայրենիքում, տեսան ու զգացին այն ինչի մասին լսել էին տարիներ շարունակ, զարմացան ու զարմացրին: Հաջողված 2-րդ շրջանն անշուշտ ամրացրեց «Երաժշտական Հայաստան»-ի ուրույն տեղը ՀԲԸՄ-ի երիտասարդական ծրագրերի շարքում: Երաժիշտները Հայաստանում ստացան նոր գիտելիքներ` ամրապնդելով իրենց մշակութային ինքնությունը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

end faq