Articles

ՀԲԸՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

Հոկտեմբերի 4-7-ը, Երևանում անցկացվեցին Ֆրանսիական գրականության օրեր: Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս միջոցառումն այս տարի նվիրված էր ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր և քննադատ Ժան Պոլ Սարտրին: Միջոցառման հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ): Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊԼՀ ռեկտոր, պրոֆեսոր Գայանե Գասպարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը, Փարիզ-Սորբոն համալսարանի գիտխորհրդի փոխնախագահ Պասկալ Աքիենը, Համեմատական գրականության ամբիոնի վարիչ Բեռնար Ֆրանկոն, պրոֆեսոր Աննի Կոեն-Սոլալը: Բացման արարողությանը հետևեց դասախոսություն նվիրված Սարտրի վաղ շրջանի ստեղծագործություններին: Այնուհետև ԵՊԼՀ ուսանողները ներկայացրին Սարտրի «Ճանճերը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը: Ֆրանսիական գրականության օրերի շրջանակներում Գաֆեսջյան արվեստի կենտրոնում ցուցադրվեց «Տինտորետտո. դեղին պատռվածքը» ֆիլմը ըստ Սարտրի «Վենետիկի կալանակյացը» տեքստի: Նույն օրը, «Սարտրի ստեղծագործության աշխարհաքաղաքականությունը» դասախոսությամբ, Երևանի պետական համալսարանում հանդես եկավ Անի Կոհան-Սոլալը, որին հետևեց «Ժ.Պ.Սարտրի և Ս.դը Բովուարի կովկասյան փորձությունները» փաստագրական ֆիլմի ցուցադրումը: Հոկտեմբերի 7-ին, «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Վիտորիո դե Սիկայի «Ալտոնայի կալանակյացները» ֆիլմը` անկրկնելի Սոֆի Լորենի մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանում ֆրանսիական գրականության օրերի պատասխանատու Աիդա Գառնիկյանը և ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անուշ Սեդրակյանը: «Առաջին անգամը չէ, որ համալսարանը հյուրընկալում է Սորբոնի համալսարանի ներկայացուցիչներին: Վստահ եմ, որ այս կապը շարունակական կլինի և կնպաստի հետագայում ուսանողների և դասախոսների ավելի արդյունավետ փոխանակմանը», - ասաց Անուշ Սեդրակյանը: Միջոցառման անցկացմանն ինչպես նախորդ տարիներին աջակցել է նաև ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղը: Միջոցառման շրջանակներում կազմակերպվող գիտաժողովները, ֆիլմերի ցուցադրումը, հանդիպումները բաց են ինչպես ուսանողների, այնպես էլ Հայաստանի ֆրանկոֆոն հասարակության համար: