Articles

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՀԲԸՄ-ՀԵԸ «ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՄԲԻՆ

Սեպտեմբերի 10-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ Լիբանանի ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախմբի պարգևատրման արարողությունը: Առ ի գնահատանք պարախմբի գործունեութեան և «Արտերկրում հայ ազգագրական մշակույթը պահպանելու և տարածելու, ինչպես նաև սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար», ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը պատվոգիր հանձնեց «Արին» պարախմբի գեղարվեստական ղեկավար Գայանե Մածունյանին: Տեղին է նշել, որ պատվոգիրը ստանալու համար Հայաստան էին ժամանել «Արին»-ի գեղարվեստական ղեկավար Գայանե Մածունյանը և պարախմբի անվանատիրոջ` վաղամեռիկ սիրելի Արին Չերչյանի քույրը` Արաքս Չերչյանը: Պարգևատրման արարողությանը ներկա էին «Կարին» պարախմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Մշակոյթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և պարախմբի 160 անդամներից 9-ը, որոնք նաև ՀԲԸ Միության Դարուհի-Հովակիմյան վարժարանի լավագույն աշակերտներն են և այդ օրերին հայրենիքում էին: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հայտնեց, որ քաջատեղյակ է ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախմբի գործունեությանն ու մեծապես գնահատում է ՀԲԸՄ-ի նվիրումը ազգային ժառանգության պահպանման գործին: Նա նաև շնորհավորեց խմբի ղեկավար Գայանե Մածունյանին` բարձր գնահատելով նրա ստեղծագործական շնորհքը և լիբանանահայ երիտասարդներին հայությամբ ոգևորելու ուղղությամբ գործադրած ջանքերը: Մածունյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարությանը և խոստացավ պատվոգիրը կրել ըստ արժանվույն: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, որը համագործակցելով «Արին»-ի հետ Լիբանանում ազգագրական պարեր է բեմադրել, իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀԲԸՄ-ՀԵԸ-ի ղեկավարությանը` հանձին Վիգէն Չերչյանի, որն աչալրջորեն հետևում է սփյուռքի նորահաս սերնդին ազգային և հոգևոր սնունդով ապահովելու գործին: ՀԲԸՄ-ՀԵԸ-ի «Արին» պարախումբը հիմնադրվել է 60-ականներին և որոշ ընդհատումներով, հատկապես Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, վերակազմավորվել 2001-ին: Խումբը շարունակական ելույթներ է ունենում Լիբանանում և այլ երկրներում, իսկ անցյալ տարի մասնակցեց նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: