Articles

ՀԲԸՄ ԴԱՐՈՒՀԻ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն 3-րդ տարին է, ինչ ՀԲԸՄ Բեյրութի «Դարուհի-Հովակիմյան» վարժարանի լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում իրենց պատմական հայրենիքում անցկացնել մեկ շաբաթ` շրջելով Հայաստանի տեսարժան վայրերով և ծանոթանալով նրա պատմությանն ու ներկային: Այս տարի Հայաստան այցելեցին վարժարանի 23 աշակերտներ, ովքեր իրենց ուսուցչուհի Հայարփի Հաջյան Ջերեջյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Գառնի, Գեղարդ, եղան Տառերի պուրակում, Խոր վիրապում, Նորավանքում, Տաթևի վանքում, Ծաղկաձորում, Սևանում և Սարդարապատում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին Սուրբ պատարագի և շրջեցին «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն թանգարանում, իրենց ներկայությամբ ոգևորեցին մեր հավաքականին Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ, ինչպես նաև ներկա գտնվեցին Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի համերգին: Սեպտեմբերի 10-ին Դարուհի-Հովակիմյան դպրոցի աշակերտներն այցելեցին ՀԲԸՄ Երևանյան գրասենյակ, ծանոթացան գրասենյակի, ինչպես նաև ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի գործունեությանն ու ծրագրերին: Այնուհետև շտապեցին Նորքի Հայորդաց տուն` սաների պատրաստած համերգը դիտելու: Այս տարի Հայաստան ժամանած խմբի անդամներից 9-ը ընդգրկված են Բեյրութի ՀԲԸՄ-ՀԵԸ «Արին» պարախմբում, որը ՀՀ մշակույթի նախարարության կողմից սեպտեմբերին պարգևատրվեց պատվոգրով` արտերկրում հայ ազգագրական մշակույթը պահպանելու և տարածելու, ինչպես նաև սփյուռքի երիտասարդության հայեցի դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Պատվոգիրը խմբի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Գայանե Մածունյանին հանձնեց նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Արարողությանը ներկա էին նաև պարախմբի 9 անդամները: Երիտասարդները Հայաստանից հեռացան շատ տպավորված` ապագայում հայրենիք վերադառնալու և այստեղ հաստատվելու մասին երազելով:

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: