Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵԳԻՊՏԱՍՈՒՄ

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր գործունեությունն ամբողջ աշխարհում` ամեն անգամ պաշտոնապես ներկայանալով մի նոր երկրում: Այս շարքի հերթական հանգրվանը Եգիպտոսն էր: Սեպտեմբերի 21-ին, Կահիրեի Չաքըր մշակութային կենտրոնում ՀՎՀ-ի օնլայն կրթական ծրագրերը ներկայացվեցին տեղի հանրությանը: Հանդիպումը, որը համատեղ կազմակերպել էին ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղն ու ՀՎՀ-ն, վարեցին Եգիպտոսում ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանն ու նրա օգնական Արփի Խաչերյանը: Միջոցառմանը ներկա էին Եգիպտոսի հայկական կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսան, Եգիպտոսում ՀՀ դեսպան Դր. Արմեն Մելքոնյանը, ՀԲԸՄ Կահիրեի ատենապետ Դր. Վիգեն Ճիզմեջյանը, ՀԲԸՄ Եգիպտոսի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Պերճ Թերզյանը, ինչպես նաև բազմաթիվ հայ և այլազգի հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲԸՄ Կահիրեի ատենապետ Դր. Ճիզմեջյանը, որը կարևորեց ծրագրի նշանակությունը` առանձնացնելով հատկապես Կահիրեի համայնքում հայկական մշակույթը և լեզուն տարածելու առաքելությունը: Եգիպտոսում ՀՎՀ ներկայացուցիչ Աննա Դոլաբջյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունը, նպատակներն ու մասնակցության կարգը, իսկ Դր. Արփի Խաչերյանը խոսեց avc-agbu.org կայքի գործունեության և գրանցման կարգի մասին: Ներկաներին տեսահոլովակի միջոցով ողջունեց նաև ՀՎՀ հիմնադիր նախագահ Դր. Երվանդ Զորյանը: Լսարանին հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո երեկոյի վարողները եզրափակիչ խոսքի իրավունքով բեմ հրավիրեցին Պերճ Թերզյանին և դեսպան Արմեն Մելքոնյանին: Շնորհանդեսի ժամանակ ուշադրությունը հրավիրվեց այն կարևոր փաստի վրա, որ ՀՎՀ-ն տրամադրում է ոչ միայն հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ, այլ նաև առաջարկում է բոլորովին նոր շախմատի օնլայն դասընթացներ: ՀՎՀ-ի բոլոր դասընթացները հասանելի են բազմաթիվ լեզուներով և տարբեր մակարդակներում: Բացի այն, որ ՀՎՀ-ն 25% հատուկ զեղչ է տրամադրում Եգիպտոսից բոլոր գրանցվողներին, ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղը լրացուցիչ 50% զեղչ կտրամադրի նաև Եգիպտոսում բնակվող հայերին` ընդառաջ գնալով վերջիններիս խնդրանքին: