Articles

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՆԵՑ ԻՐ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 1-ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 7-ին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն տոնեց իր հիմնադրման 1-ամյակը: Այս առթիվ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնի գործադիր տնօրեն Լենա Հալաջյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր, բազմաթիվ սիրիահայեր: Ողջունելով ներկաներին` Հրանուշ Հակոբյանն ասաց. «Ուրախ եմ այսօր գտնվել այս կենտրոնում, որը ստեղծվել է 1 տարի առաջ կարգավորելու սիրիահայերի հիմնախնդիրներն ու ներկայացնելու դրանք պետական կառույցներին` լուծումներ ստանալու համար: Միասին իրականացրել ենք 30-ից ավելի ծրագրեր, ֆինանսական օգնությունից մինչև սնունդի և հագուստի տրամադրում: Ընդունվել և կյանքի են կոչվել 20-ից ավելի օրենսդրական ակտեր»: Նախարարը ներկայացրեց աջակցող և համագործակցող կառույցներին, անհատներին, շնորհակալություն հայտնեց նրանց մարդասիրական, հայապահպան ու ազգանվեր գործունեության համար և շնորհակալագիր հանձնեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ին մեկամյա ակտիվ և անաչառ գործունեության համար: Նա գոհունակությամբ նշեց, որ սիրիահայերը բերեցին նոր մշակույթ ու վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, պատասխանատվություն և ազնվություն: «Մենք պետք է լուծենք նրանց բոլոր խնդիրները: Հայրենիքը նոր գտած մեր հայրենակիցներն իրավունք չունեն նորից փախստական դառնալու», - ասաց սփյուռքի նախարարը: Կենտրոնի մեկամյա գործունեության առթիվ շնորհավորական ելույթներ ունեցան ՄԱԿ-ի, ՀԲԸՄ-ի ներկայացուցիչները, կաթողիկե և ավետարանչական եկեղեցիների սրբազան հայրեր, հյուրեր: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ-ն ստեղծվեց մեկ տարի առաջ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀԲԸՄ-ի աջակցությամբ, որը պարտավորվեց հ/կ-ին տրամադրել տարածք և հոգալ աշխատակիցների աշխատավարձերը: Հավատարիմ այդ պայմանավորվածությանը` Կենտրոնն առ այսօր գործում է ՀԲԸՄ գրասենյակի շենքում: ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված մեկ այլ կառույց` սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախումբը` գլխավորությամբ Արուշ Եսայանի, սերտորեն համագործակցում է վերոհիշյալ կենտրոնի հետ:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: