Articles

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ-ՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 5-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) բակալավրի կրթական աստիճան շնորհող նորաստեղծ ծրագիրը հյուրընկալեց իր առաջին ուսանողներին: Առաջին անգամ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունն իր առաջին կուրսեցիների համար կազմակերպել էր նորամուտի հանդիսավոր արարողություն: ՀԱՀ բակալավրիատ են ընդունվել մոտ 300 ուսանողներ աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Վրաստան, Կանադա: Առաջարկվող բոլոր ծրագրերը հաստատագրված են ԱՄՆ-ի համալսարանների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի կողմից: Սա նախկին Խորհրդային տարածքում առաջին ամերիկյան հավատարմագրված բակալավրի ծրագիրն է: Բակալավրի ամերիկյան կրթություն ՀԱՀ-ն առայժմ առաջարկում է երեք բաժիններում` գործարար կառավարում, անգլերեն լեզու և հաղորդակցություն և հաշվողական գիտություններ: Ինչպես նշեց համալսարանի ընդունելության բաժնի տնօրեն Արինա Զոհրաբյանը, ՀԱՀ բակալավրիատի առաջին կուրս ընդունված մոտ 300 ուսանողների մեծ մասը նախապատվությունը տվել է գործարար կառավարում բաժնին (170 ուսանող), այնուհետև անգլերեն և հաղորդակցություն բաժինն է մոտ 60 ուսանողով, իսկ հաշվողական գիտությունները երրորդն է մոտ 50 ուսանողով: Նորամուտի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը, ՀԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը, ՀԱՀ Պրովոստ Դենիս Լիվենսը, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԱՀ պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները: Առաջին անգամ համալսարանի ղեկավարությունը նույնքան կամ նույնիսկ ավելի հուզված է քան ուսանողությունը. պատասխանատվության առյուծի բաժինը հենց համալսարանի ուսերին է: «Հայաստանի ամերիկյան համալսարանը անկախության տարիների մեր լավագույն ձեռքբերումներից է: Այս համալսարանն էր, որ սկսեց հայագիտական հետազոտություններ իրականացնել: Բայց որպես սփյուռքի նախարար` ես առավել կարևորում եմ այն, որ այս կառույցը հիմնված է մեր սփյուռքահայ կազմակերպությունների ֆինանսական օգնության և աջակցության վրա, և այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար Հայկական բարեգործական ընդհանուր միությանը», - ասաց Հրանուշ Հակոբյանը: ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանն այս առիթով ասաց. «ՀԱՀ ողջ աշխատակազմն ու դասախոսական կազմը խիստ ոգեշնչված են բակալավր ընդունված առաջին կուրսեցիների նորամուտով: Մենք երկուսուկես տարի ջանք չենք խնայել և սպասել ենք այսօրվան: Մենք ինչ-որ չափով այս պահին պատմություն ենք կերտում: Ամերիկյան կրթությունը ինքնատիպ և կարևոր կողմեր ունի, ինչպիսին է ակադեմիական ազատությունը, դասախոսների և ուսանողների ղեկավարումը և այլն, և մենք երջանիկ ենք ներմուծել այս ամենը հայկական կրթական համակարգ»: «Ուրախալի օր է այսօր բոլորիս համար: Ակամա հիշում եմ համալսարանի հիմնադրման առաջին օրերը և ուրախ եմ տեսնել այն առաջընթացը, որ այսօր ապրում է Հայաստանի ամերիկյան համալսարանը», ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, որն այդ օրերին Հայաստանում էր և մասնակցեց ՀԱՀ նորամուտի արարողությանը: Հիշեցնենք, որ համալսարան ընդունվելու համար դիմորդները միասնական քննություն հանձնում են միայն հայոց լեզվից: Անգլերենի գիտելիքները գնահատող TOEFL քննության միջին գնահատականը 79 է եղել (IELTS քննությանը` 6.5): 78 կամ 6 և ցածր միավորներ ստացածները ընդունվել են պայմանով, որ պետք է անգլերենի հավելյալ 100 ժամանոց դասընթաց անցնեն, որը հաղթահարելու դեպքում միայն կհամարվեն ընդունված ուսանողներ: Միջոցառումն ավարտվեց առաջին կուրսեցիների երդման արարողությամբ, որին հետևեց նաև հյուրասիրություն: Բակալավրի ծրագրի ներմուծման մասին ՀԱՀ-ն առաջին անգամ հայտարարեց 2012թ. հուլիսին` նպատակ ունենալով ընդլայնել իր կրթական ծրագրերը գործունեության 3-րդ տասնամյակի շեմին: Եվ ահա առաջին խոշոր ու համարձակ քայլն այդ ճանապարհին դարձավ բակալավրի աստիճան շնորհող ծրագրի ներմուծումը: ՀԲԸՄ և ՀԱՀ գործակցության մեկ այլ արդյունքի սպասում են Ստեփանակերտում: ՀԲԸՄ Մշակութային կենտրոնի շինարարությունը շուտով կսկսվի: Ամերիկյան կրթական առավելությունները շուտով կհասնեն նաև արցախցի ուսանողին: Կենտրոնն իր մեջ ներառելու է ՀԱՀ Շարունակական կրթության կենտրոնի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Արցախյան մասնաճյուղերը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: