Articles

ՀԲԸ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ԳՅՈՒՂՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիական քաղաքացիական պատերազմն ու երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ստիպել են հարկադրաբար լքել իրենց բնակավայրերը: Սիրիայի խաղաղ բնակչության հետ մեկտեղ հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան և Արցախ: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, Իշխանաձորում և առավելաբար Կովսականում, որտեղ բնակություն են հաստատել ավելի քան երկու տասնյակ սիրիահայ ընտանիքներ, մեծ մասամբ Քամիշլիից: Կովսականում սիրիահայ ընտանիքների վերաբնակեցման, նրանց բնակարանային ու կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ ԼՂՀ կառավարությունն ու այլ կազմակերպություններ աջակցության տարբեր ծրագրեր են իրականացրել: Մի քանի ընտանիքներ արդեն ապահովվել են բնակարաններով, կառուցվում է երկհարկանի շենք: Սիրիահայ ընտանիքների կարևոր մասը զբաղվում է հողագործությամբ, որոնց տրամադրվել են բավականին մեծ հողակտորներ ու գյուղատնտեսական վարկ: Սիրիահայ ընտանիքներն արդեն իսկ սկսել են ցանել ցորեն և գարի: Արցախի հարավարևմտյան հատվածի Ողջի գետի ափին գտնվող Կովսականում բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքներին աջակցելու նպատակով ՀԲԸ Միությունը, Չերչյան ընտանիք հիմնադրամի առատաձեռն նվիրատվության շնորհիվ, նախաձեռնեց գյուղատնտեսական աջակցության ծրագիր, որով սիրիահայ մեր հայրենակիցներին անհատույց տրամադրվեց գյուղտեխնիկա: Ձեռք են բերվել 3 Բելառուս MT3-82.1 մակնիշի տրակտորներ, 2 սերմնացաններ, ցաքաններ, պարարտանյութերի ցրիչներ, թունաքիմիկատների սրսկիչ և այլ գյուղտեխնիկա: Հողագործությամբ զբաղվող սիրիահայերը մեծ խանդավառությամբ ընդունեցին ՀԲԸՄ-ի նվերը: Գյուղտեխնիկայի սակավության պայմաններում այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա ամրապնդվելու տեղում և առավել արդյունավետ դարձնելու գյուղատնտեսական աշխատանքները: Ծրագրի իրականացման համար Կովսականում պատրաստվել է տրակտորների կայանատեղի, ինչպես նաև գյուղտեխնիկայի օգտագործման ծրագիր-ժամանակացույց, որը համակարգում է սիրիահայ վերաբնակիչ Վարդան Պողոսը: Այս ծրագիրը մեծապես կնպաստի Քաշաթաղի գյուղատնտեսության զարգացմանն ու սիրիահայ ընտանիքների խնդիրների լուծմանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq