Articles

ՀԲԸՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ավանդույթի համաձայն, ՀԲԸՄ աշխարհասփյուռ դպրոցների ու վարժարանների սաներն իրենց դպրոցական վերջին ամառներն անց են կանցնում հայրենիքում: Այս տարի այդ այցելությունների շրջանակներում ամռան ամիսներին Հայաստան էին այցելել Լոս Անջելոսի «Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի 30, «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանցի 65, Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» դպրոցի 22 և Մոնտեվիդեոյի «Նուբարյան» վարժարանի 5 աշակերտներ: Այս այցելությունները նպատակ ունեն սփյուռքահայ երիտասարդությանը էլ ավելի կապել հայրենիքին ու մայր հողին և հնարավորություն տալ նրանց տեսնել իրենց սեփական աչքերով այն ամենը, ինչի մասին տարիներ շարունակ լսում են իրենց ծնողներից ու տատիկ-պապիկներից: Այցի ընթացքում, վարժարանների աշակերտները, իրենց ուղեկցող ուսուցիչների հետ միասին, այցելեցին պատմաճարտարապետական հուշարձաններ ու թանգարաններ, ծանոթացան Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և մասնակցեցին բազմաթիվ մշակութային միջոցառումների: Խմբերն այցելեցին նաև ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, ծանոթացան Հայկական վիրտուալ համալսարանի դասընթացներին և մեծ ոգևորությամբ մասնակցեցին ՀՎՀ ուսուցիչների կողմից կազմակերպված մրցույթին` փորձելով իրենց գիտելիքները հայկական երաժշտության, գրականության և կինոյի ոլորտներում: Խմբերը նաև ներկա գտնվեցին ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդաց տան սաների համերգին, ինչպես նաև մի քանի նկարներ ձեռք բերեցին Հայոր-դյաց տանն այդ պահին ընթացող ցուցահանդես-վաճառքից: «Մարի Մանուկյան» դպրոցի սաները նաև նվիրատվություն կատարեցին Նորքի Հայորդյաց տանը` երեխաների համար աշխատանքային նյութեր և այլ անհրաժեշտ պարագաներ գնելու համար: «Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի տնօրինության խնդրանքով` աշակերտների համար կազմակերպվել էին նաև այցելություններ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն և ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարեգործական ճաշարան: Հայաստանի ամերիկյան համալսարանում աշակերտները ծանոթացան այս տարվանից սկսվող բակալավրիատի կրթական ծրագրին, շրջեցին համալսա-րանում, ինչպես նաև եղան ՀԱՀ-ի վերջերս վերանորոգված ՀԲԸՄ Փափազյան գրադարանում: ԹՈՒՄՈ-ում, դասընթացներին ծանոթանալուց և աշակերտների հետ գործնական պարապմունքներին մասնակցելուց բացի, աշակերտների մեծ խանդավառությանն ընդառաջելով` Վաչե և Թամար Մանուկյան դպրոցի և ԹՈՒՄՈ-ի բասկետբոլի թիմերի միջև կազմակերպվեց ընկերական խաղ: Դե իսկ Հայաստան կատարած այցելության ամենահուզիչ պահը աշակերտների այցելությունն էր «Իզմիրլյան» մանկատուն, որտեղ ծանոթացան մանկատան սաների հետ, նրանց հանձնեցին իրենց բերած նվերները և խոստացան կապը պահել մանկատան հետ և կրկին այցելել նրանց հաջորդ տարի: «Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի աշակերտներն այցելեցին նաև ՀԲԸՄ և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի բարեգործական ճաշարան, որտեղ օգնեցին մատուցել ճաշը և շփվեցին տարեցների հետ: Հուսանք, որ հաջորդ տարիներին «Վաչե և Թամար Մանուկյան» դպրոցի օրինակին կհետևեն նաև մյուսները: Այցելության անմոռանալի պահերից էր նաև հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հետ: Հուլիսի 21-ին, Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ընդունեց Բուենոս Այրես ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական սաներին` ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի: Ողջունելով երիտասարդների այցը հայրենիք և Սբ. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը կարևորեց նման ուխտագնացությունների դերը` նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի խորը ճանաչելու հայրենիքը, հարազատ պատմությունն ու մշակույթը, նպաստում Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց դպրոցի վարչության անդամներին, հոգաբարձուներին ու մանկավարժներին, ովքեր հայ երիտասարդներին կրթում ու դաստիարակում են ազգային արժեքներով և հայրերի սուրբ հավատքով: Օգոստոսին Հայաստան այցելեցին նաև ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարանի սաները, որոնք մասնակցեցին Հայագիտական համահայկական 6-րդ օլիմպիադային և ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 9-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում` մասնակցությամբ 8 երկրներից ժամանած 150 դպրոցականների: Հայագիտական համահայկական օլիմպիադան կազմակերպում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և այս տարի առաջին անգամ օլիմպիադայի շրջանակներում անցկացվեց նաև Հայ առաքելական եկեղեցու պատմության մրցույթը: Օլիմպիադան անցկացվեց օգոստոսի 9-15-ը` Ծաղկաձորում: Միջոցառումների նպատակն է` խթանել և խրախուսել հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ մշակույթի իմացությունը սփյուռքի հայկական դպրոցներում, հնարավորություն տալ այլ երկրներում բնակվող սփյուռքահայ աշակերտներին առողջ մրցակցության պայմաններում դրսևորել իրենց գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները` նպաստելով առավել շնորհալի պատանիների հայտնաբերմանը: Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Հայոց եկեղեցու պատմության մրցույթն անցկացվեց առանձին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ: Հայոց եկեղեցու պատմության մրցույթում հատուկ խրախուսանքի արժանացավ ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարանի սան Սոֆյա Մոնտիբելլերը: ՀԲԸՄ Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարանի սաներից օլիմպիադային մասնակցեցին նաև Խորխե Գինոսյանը, Կամիլյա Երկաթագործյանը, Նիկոլ Ժամեն և Կանդելլա Բուենոն, որոնք հեռավոր Ուրուգվայից ժամանել էին իրենց գիտելիքները ցուցադրելու մրցույթում: Նուբարյան վարժարանի աշակերտները մասնակցեցին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Նրանք, հայոց լեզվի ուսուցչուհի Անուշ Հակոբյանի ղեկավարությամբ, շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերը, ծանոթացան հայրենի մշակութային կյանքին, ինչպես նաև այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: