Articles

ՀԲԸՄ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Հուլիսի 12-ին, «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրի ներքո, Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը մեկնարկեց Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը, որին մասնակցում էր 71 գրող սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը: Համաժողովի հովանավորներից էր նաև ՀԲԸ Միությունը, որն ավանդականորեն աջակցում է հայ գրականությանն ու գրողներին՝ իրականացնելով գրահրատարակչական ծրագրեր ու հովանավորելով նման նախաձեռնություններ: Համաժողովի բացման խոսքով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, որը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Ելույթներ ունեցան նաև համաժողովի հովանավորները՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանն ու Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Արփի Վարդանյանն իր խոսքում ասաց, որ ՀԲԸՄ-ի համար մեծ պատիվ է լինել համաժողովի հովանավորներից, որով Միությունն իր նպաստն է բերում հայ գրականության զարգացմանն ու տարածմանը: Օտարագիր գրողները համաժողովի օրերին քննարկեցին համաշխարհայնացման և ազգային ինքնությանն առնչվող հարցեր, մանավանդ համընդհանրացման պայմաններում ազգային ինքնության պահպանման հիմնախնդիրները: Համաժողովին մասնակցում էին գրողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Իրանից, Թուրքիայից, Չեխիայից, Նիդեռլանդից, Հունգարիայից և այլ երկրներից ժամանած օտարագիր հայ գրողներ:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: