Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի ութ փուլերին մասնակցեցին 13-20 տարեկան ավելի քան 1000 երիտասարդներ 30-ից ավելի երկրներից: Յուրաքանչյուր փուլին մասնակցեց 100-150 երիտասարդ, ովքեր հնարավորություն ունեցան այցելել Հայաստան, ձեռք բերել ընկերներ, ապրել հյուրընկալող ընտանիքներում և ամուր կապեր հաստատել հայրենիքի հետ: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը «Արի տուն» ծրագրի բոլոր խմբերին հյուրընկալեց իր հարկի տակ: Այցելության և շնորհանդեսների ընթացքում երիտասարդները ծանոթացան ՀՎՀ ծրագրերին, դասընթացներին ու գրանցման գործընթացին: Հանդիպման առաջին հատվածում ՀՎՀ համագործակցության զարգացման մասնագետ Նաիրա Գասպարյանը ներկայացնում էր համալսարանի գործունեությունը` խոսելով համալսարանի նպատակների, օնլայն դասերի, արձանագրման գործընթացի մանրամասների մասին: Այնուհետև, ՀՎՀ օնլայն ուսուցիչները հակիրճ ներկայացնում էին օրինակներ օնլայն դասերից` ցուցադրելով ուսանողի էջի կառուցվածքը, մուլտիմեդիա դասերը, խաղային և ուսումնական գործիքները, ֆորում-քննարկումների և չաթի համար նախատեսված դաշտերը: Երկրորդ մասում կազմակերպվում էին զվարճալի և ուրախ խաղեր, հետաքրքիր քննարկումներ և մրցույթներ, որոնց ընթացքում երիտասարդները բաժանվում էին երեք խմբի, ընտրում էին իրենց խմբերի ղեկավարներին և պատասխանում էին հայկական մշակույթին և պատմությանը վերաբերող հարցերին` կատարելով հայկական երգեր ու պարեր: Մասնակիցներին հետաքրքրեց ՀՎՀ օնլայն կրթական միջավայրը: ՀՎՀ անձնակազմն արեց ամեն հնարավորը երիտասարդ սերնդի մեջ սերմանելու հետաքրքրություն հայկական կրթության հանդեպ` հավատարիմ մնալով իր առաքելությանը. ընդարձակել հայկական կրթական համայնքի սահմանները` խթանելով մշակութային կրթությունը և աշխարհասփյուռ հայերի միջև սոցիալական հաղորդակցությունը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: