Articles

ԱՄԵՐԻԿԱՅԱՀԱՅ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԲԸՄ ՀՎՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ

Գիտությանն ու ճարտարագիտությանը նվիրված իր հերթական հանդիպումներից մեկի ընթացքում Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների ընկերությունը (AESA) կազմակերպել էր հետաքրքիր մուլտիմեդիա ֆորում հայկական կրթություն առաջարկող միակ օնլայն կրթական հաստատության` ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի գործունեության մասին: Հանդիպումը տեղի ունեցավ Փարսոնս կորպորացիայում, Փասադենա, Կալիֆորնիա: AESA-ի անունից ներկաներին ողջունեց Դր. Արեգ Ղարաբեկյանը, որն իր բացման խոսքից հետո բեմ հրավիրեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀՎՀ հիմնադիր և նախագահ Դր. Երվանդ Զորյանին: Վերջինս նախ ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունը և նպատակները, այնուհետև կենտրոնացավ վերջինիս տեխնոլոգիական և ակադեմիական զարգացումների վրա: Հանդիպմանը օնլայն և ֆիզիկապես ներկա էին նաև ՀՎՀ ուսանողներ և օնլայն ուսուցիչներ, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու տպավորություններով: Նոր նախաձեռնություններից բացի, ՀՎՀ ներկայացուցիչները պատմեցին նաև համալսարանում օնլայն կրթությունից զատ իրականացվող միջոցառումների մասին: ՀՎՀ ուսուցիչների կողմից յուրաքանչյուր ուսումնական շրջանի ընթացքում կազմակերպվում են վիրտուալ շրջագայություններ: ՀՎՀ օնլայն ուսուցիչ և ծրագրի կոորդինատոր Մարինա Խաչատրյանը ցուցադրեց հայկական մի շարք պատմական վայրերի վիրտուալ շրջագայությունները, հայկական տոների անիմացիոն շարքն ու այլ մուլտիմեդիա միջոցառումներ: Այս ամենի նպատակն է ստեղծել վիրտուալ համայնք և խթանել մշակութային և սոցիալական համագործակցությունը տարբեր երկրներից ՀՎՀ-ում սովորող ուսանողների միջև: Հայոց լեզվի բաժնում սովորող Սեդա Ֆիլենկոն, որը Պիտսբուրգից միացել էր օնլայն ֆորումին, կիսվեց ՀՎՀ-ում ունեցած իր փորձառությամբ. □Ես մեծ ոգևորությամբ եմ սովորում ՀՎՀ-ում: Չափազանց տպավորված եմ առաջարկվող դասընթացների որակով և անչափ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց դառնալ ՀՎՀ ուսանող: Այս համալսարանի շնորհիվ է, որ ես սովորեցի գրել ու կարդալ հայերեն լեզվով□: Այնուհետև ՀՎՀ օնլայն ուսուցիչ Իզաբելլա Հարությունյանը ներկայացրեց որոշ ուսանողների հաջողված պատմությունները, ինչպես նաև ցուցադրեց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներն ու ֆորումները: Շնորհանդեսի ընթացքում, ինչպես նաև ավարտից հետո, ներկաները մի շարք հարցեր ուղղեցին Դր. Զորյանին և ՀՎՀ մյուս ներկայացուցիչներին: Նրանք իրենց գնահատանքի խոսքն ասացին այն տեսլականի, առաքելության և ջանքերի համար, որ ՀՎՀ-ն ներդնուն է այդ յուրօրինակ ծրագրում և պատրաստակամություն հայտնեցին նպաստել ծրագրի հզորացմանը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: