Articles

«ՍԻՐԻԱՆ ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի բարեգործական ցուցահանդեսը Երևանում

Սեպտեմբերի 30-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կազմակերպությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացվեց սիրիահայ հանրահայտ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստան տեղափոխված սիրիահայերի օգնության ծրագրերին: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է ՀԲԸՄ երկարամյա անդամ, դամասկահայ Սարգիս Կազանջյանը: Պատերազմի ու ավերածությունների մեջ հայտնված Սիրիան ներկայացվեց իր նախկին ողջ հմայքով ու գեղեցկությամբ: Ցուցահանդես-վաճառքին 150-ից ավելի լուսանկարների միջոցով վարպետը ներկայացրել էր մոտ 30 տարվա իր աշխատանքը: Իսկ վերջին երեք տարիներին, ինչպես խոստովանեց, պատերազմի պատճառով լուսանկարչական ապարատը ձեռքը չի վերցրել: Սիրիահայերին ֆինասական աջակցություն ցուցաբերելուց բացի ցուցահանդեսն ուներ նաև այլ նպատակներ` վառ հիշողություններ արթնացնել Հայաստանում այժմ բնակվող 10,000-ից ավելի սիրիահայերի մոտ, օգնել ու հորդորել նրանց չմոռանալ իրենց անցյալը, ինչպես նաև ցույց տալ հայաստանցիներին, որ Սիրիան պատերազմով չէ, որ պիտի հիշվի: «Ուզում էի նաև, որ Հայաստանում ապրող հայն իմանա, որ Սիրիան պատերազմ չէ, պատերազմի երկիր չէ: Սիրիայում խաղաղություն էր, իսկ հիմա Սիրիան հիսուն տարով հետ ընկավ: Հայաստան տեղափոխված սիրիահայերը պետք է հարմարվեն ու ապրեն այստեղ, չկարողանալ չկա: Մոտ 20-30 հազար հայեր դեռ այնտեղ են: Ապրելը հիմա Սիրիայում բախտ է, չգիտես` ինչ կլինի հաջորդ րոպեին: Ես մերժում եմ պատերազմը և հավատում Սիրիայի լուսավոր ապագային», հուզված ասաց Վահե Շահինյանը: Ցուցահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ում լուսանկարիչն իր նկարը նվիրեց և շնորհակալություն հայտնեց հայրապետական հոգատարության ու սիրիահայերին ցուցաբերած հսկայական օգնության համար: «Ավերակ Սիրիան բոլորի ցավն է, Վահեի լուսանկարներն անմահացրել են մի ամբողջ քաղաքակրթություն, որը առանձնահատուկ հարազատ է հայ ժողովրդին», - ասաց Վեհափառ Հայրապետը: Բացելով ցուցահանդեսը, ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յագուբյանն ի միջի այլոց ասաց. «Պատերազմի և ավերածություններու ճիրաններուն մեջ հայտնված և արյունաքամ եղող մեր ծննդավայրը, Վահե Շահինյանի բարձր արվեստին և այս ցուցահանդեսին ներկայացված անոր գեղեցիկ լուսանկարներուն ընդմեջեն, մեր հիշողություններուն մեջ Սուրիան վերստնի կհառնի իբրև համաշխարհային քաղաքակրթության օրրաներեն մեկը` պատմական իր հարուստ հուշարձաններով և կոթողներով, քրիստոնեա թե իսլամ հոյակերտ սրբայրերով, բայց մանավանդ խաղաղ կյանքով»: Վահէ Շահինյանը ծնվել է 1956թ. Դամասկոսում: Նախնական կրթությունն ստացել է Դամասկոսի ՀԲԸՄ «Սահակյան-Գյուլբենկյան» վարժարանում, այնուհետև շարունակել է ուսումը տեղի պետական վարժարաններում: Ութ տարեկանից հրապուրվել է լուսանկարչությամբ: 1981թ.-ից անդամ է Սիրիայի Լուսանկարիչների միությանը, որի հիմնադիրներից է: Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Սիրիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում ու Հայաստանում: Արժանացել է բազմաթիվ վկայագրերի ու մրցանակների: Երկարամյա անդամ է ՀԲԸ Միության և ՀԵԸ զանազան վարչական մարմինների, ինչպես նաև ՀԲԸՄ «Սահակյան» և Դամասկոսի Սրբոց Թարգմանչաց վարժարանների Խնամակալ մարմինների: Արդեն 15 օր է Վահե Շահինյանն իր ընտանիքի հետ Հայաստանում է: Հնարավոր է, որ մնա ընդմիշտ: 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: