Articles

ՀԲԸՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀՖՀ 22 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է աջակցել Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններին և այդ համալսարաններում ներգրավված ուսանողներին: Վերջին 10 տարիներին Հայաստանի ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ) եղել և այժմ էլ մնում է ՀԲԸՄ-ի ուշադրության կենտրոնում: Հունիսի 21-ին, Երևանի «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցի ձմեռային դահլիճում տեղի ունեցավ միանգամից երկու միջոցառում` ՀՖՀ «Շրջանավարտների տեղեկատու»-ի շնորհանդեսը և ՀՖՀ 2-4-րդ կուրսերի 22 լավագույն ուսանողներին` ՀԲԸՄ-ի կողմից գերազանցության կրթաթոշակներ շնորհելու արարողությունը: Այս տարի համալսարանը նախաձեռնել էր շրջանավարտների տեղեկատուի հրատարակությունը, որի նպատակն է ամրապնդել շրջանավարտների միջև համագործակցությունը համատեղ նախագծերի իրականացման համար և ծառայել որպես աշխատանքային գործիք ձեռնարկությունների համար: Ինչպես դա ընդունված է աշխարհի լավագույն բուհերում, այս տեղեկատուն ներկայացնում է համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման աստիճանը և զբաղվածության ոլորտները: Հայաստանում ֆրանսիական համալսարանը գործում է 2000 թվականից: Ժան-Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների հետ համագործակցության արդյունքում համալսարանի երեք` Կառավարման, Իրավաբանական և Մարքեթինգի ֆակուլտետները տվել են 1057 շրջանավարտ, որոնցից ավելի քան 70%-ն աշխատում է իր մասնագիտությամբ և միայն մոտ 6%-ն է սովորում կամ աշխատում Հայաստանից դուրս: Շնորհանդեսին հաջորդեց համալսարանի 22 լավագույն ուսանողներին ՀԲԸՄ կողմից գերացանցության կրթաթոշակների հանձնման արարողությունը: ՀԲԸՄ-ի շնորհիվ համալսարանի ևս 22 ուսանող կշարունակեն իրենց ուսումը առանց ֆինանսական պարտավերությունների մասին մտածելու: Այս տարի ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությունը ՀՖՀ-ին կազմում է 30,000 ԱՄՆ դոլար: Միջացառմանը ներկա էին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՖՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՖՀ ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գյովջյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը և փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ: Երախտիքի խոսքեր հնչեցին ՀՖՀ հովանավորների ու աջակիցների հասցեին բարձրակարգ մասնագետների պատրաստման գործում համալսարանին աջակցելու համար: ՀԲԸՄ-ն և ՀՖՀ-ն 2004թ.-ից համագործակցում են տարբեր ծրագրերի շուրջ: 2004թ. ի վեր համալսարանի 73 ուսանողներ ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրենց փորձառությունն են անցել Գրենոբլում, Լիոնում, Փարիզում և Վալանսում: 2007թ.-ից ՀԲԸՄ-ն ՀՖՀ-ին աջակցում է նաև անվճար սովորող ուսանողների ուսման հետ կապված ֆինանսական պարտավորությունները հոգալու հարցում: Վերջին 6 տարիներին մոտ 150 ուսանողներ օգտվել են ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությունից: ՀԲԸՄ-ն ֆինանսավորել է նաև ՀՖՀ գրադարանի վերանորոգման աշխատանքները:

 

Տեսանյութ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: