Articles

20 ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՆՈՐ ՆՊԱՏԱԿՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտները միշտ էլ աչքի են ընկել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ ու որակներով: Այսօր նրանցից շատ շատերը, թե Հայաստանում և թե արտերկրում, զբաղեցնում են բարձր պաշտոններ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև մասնավոր հատված: Ուրախալի և օրինակելի է այն, որ ՀԱՀ շրջանավարտները փորձում են մշտապես պահել կապը իրենց համալսարանի հետ և ամենատարբեր առիթներով օգտակար լինել հաստատության հետագա ծրագրերին ու զարգացմանը: Հուլիսի 12-ին, ավարտելուց 20 տարի անց, ՀԱՀ առաջին շրջանավարտները հավաքվեցին իրենց մայր ԲՈՒՀ-ում` նշելու այդ հոբելյանը: 20 տարի անց, արդեն հասուն, հաստատված և իրենց ասպարեզներում որոշակի դիրքի հասած այս անհատները որոշել էին, որ այս անգամ իրենց հերթն է աջակցելու տարիներ առաջ, մասնագիտական առաջին քայլերն անելիս, իրենց օգնած ու կրթած հաստատությանը: ՀԱՀ առաջին շրջանավարտների նպատակն էր ստեղծել մնայուն մի բան և այդ մնայունը հիմնադրամն էր: Տոնական միջոցառմանը եկել էին մասնակցելու գրեթե բոլորը` Երևանից, մարզերից, արտերկրից: Այս միջոցառմանը նախորդած մի քանի հանդիպումների արդյունքում որոշվել էր ստեղծել ՀԱՀ շրջանավարտների հիմնադրամ` համալսարանի կարիքավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Որոշվել էր հավաքել 20,000 ԱՄՆ դոլար, բայց արդյունքը գերազանցեց նախատեսվածը. հավաքվեց 24,000 ԱՄՆ դոլար, որի կտրոնն էլ տոնական հանդիսության ժամանակ շրջանավարտները հանձնեցին ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանին: Շրջանավարտների մի մասը տեղում ավելացրեց իր անձնական ներդրումը համալսարանի հիմնադրամին: Առաջին շրջանավարտներին միացան նաև հաջորդ տարիների ուսանողները` այսպիսով հիմնադրամի գումարը հասցնելով 35,000 ԱՄՆ դոլարի: Այն հաջորդ տարիներին պետք է դառնա յուրահատուկ բանկ, որը կօգտագործվի ամերիկյան համալսարանի ուսանողների համար: «Այս շրջանավարտները համալսարանի կյանքում շատ կարևոր դեր ունեցան: Ուզում եմ շնորհավորել նրանց: Շատերն այսօր բարձր պաշտոնների են և ուրախալի է, որ նրանք վերադառնում են Հայաստան: Կարծես մեծ ընտանիք լինեն, միասնական են: Հույս ունեն, որ հավաքված դրամագլուխը կաճի, որպեսզի մյուս սերունդներն էլ կարողանան սովորել, եթե անգամ ֆինանսապես ի վիճակի չեն: Նրանք ճանապարհ են բացում ապագա սերունդների համար», - ասաց ՀԱՀ հիմնադիր անդամ Արմեն Տեր-Կյուրեղյանը: «Համալսարանն ուզում է, որ շրջանավարտները պահպանեն երկարաժամկետ կապը համալսարանի և միմյանց հետ: Լավ կլինի, որ ստեղծվի միջավայր, որի միջոցով համագործակցությունը հնարավոր կլինի ու նաև կնպաստի երկրում կրթության զարգացմանը: Այս դասարանը ցույց տվեց` ինչ է նշանակում լինել կազմակերպված խումբ: Նրանց նվաճումները պետք է օրինակ լինեն մյուսների համար», - ասաց ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը: «Գաղափարն այն էր, որ ստեղծվի այս հիմնադրամը և մենք մեր օրինակով քաջալերենք նաև մյուս տարիների շրջանավարտներին, որպեսզի նրանք էլ, իրենց ավարտելու հոբելյանները նշելիս, իրենց ներդրումը բերեն այս նախաձեռնությանը», - ասաց ՀԱՀ վարչական տնօրեն Անահիտ Օրդյանը, որը նաև ՀԱՀ առաջին շրջանավարտներից է: Երեկոն ավարտվեց ՀԱՀ «Ակեան» արվեստի սրահում նկարիչ Աշոտ Հարությունյանի աշխատանքների ցուցադրությամբ և «Գարի Քեսայան» ջազ քառյակի կատարմամբ: ՀԱՀ-ի ստեղծման գործում իր կարևոր ու անուրանալի դերն է ունեցել ՀԲԸՄ-ն: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Հայաստանի վերականգնմանն ուղղված իր ջանքերի շրջանակներում ՀԲԸՄ-ն համաձայնվեց իր վրա վերցնել համալսարանի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի մեծ մասը: Միությունը ստեղծել է ՀԱՀ հիմնադրամ, որով էլ աջակցում է համալսարանին զարգանալ և ընդլայնվել: Անցած 15 տարիների ընթացքում ՀԱՀ-ն ավելի քան 10 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է ստացել ՀԲԸՄ-ի ՀԱՀ հիմնադրամից:

 

Տեսանյութ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: