Articles

ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանում իրականաց-վող ամառային ծրագրերի հիմնական թիրախը սփյուռքահայ երիտասարդներն են: Միությունն ամառվա ամիսներին Հայաստանում իրականացնում է մի քանի ծրագրեր, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր մասնագիտության տեր երիտասարդների համար: Եվ քանի որ ամառն արդեն ավարտվում էր, ճիշտ ժամանակն էր ամփոփել արդյունքները: Հենց այս նպատակով էլ Երևանի Նոյյան Տապան մամուլի ակումբում օգոստոսի 23-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս մասնակցությամբ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի, ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի ղեկավար Հայկ Արսենյանի (Նյու Յորք) և ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դուզյանի (Ֆրանսիա): Բանախոսները ներկայացրին անցյալ 2 ամիսների ընթացքում Հայաստանում իրականացված ՀԲԸՄ ծրագրերը` «Անդրանիկ» սկաուտական ճամբարը, Երևանի ամառային փորձառության ծրագիրը, «Երաժշտական Հայաստան», «Բացահայտիր Հայաստանը» և ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խմբի «Հայաստան, կյանքի երկիր» ծրագրերը, ինչպես նաև ՀԲԸՄ դպրոցների սաների այցելությունները Հայաստան: Այս ծրագրերն ընդհանուր առմամբ անցյալ 2 ամիսներին Հայաստան են բերել ավելի քան 500 սփյուռքահայ երիտասարդների: «Մեր հույսը, մեր հավատը և մեր ապագան մեր երիտասարդներն են, որոնց համար էլ կազմակերպում ենք տարբեր ծրագրեր: Մենք շեշտը դնում ենք երիտասարդների և նրանց կրթության վրա: Ծրագրերի շրջանակներում տարբեր երկրներից երիտասարդները երեքից վեց շաբաթ անց են կացնում Հայաստանում, ապրում ու աշխատում որպես կամավոր, ձեռք են բերում փորձառություն ու նոր ընկերներ, ծանոթանում Հայաստանի հետ և բացահայտում իրենց ով լինելը», - ասաց Արփի Վարդանյանը: «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասին խոսեց Հայկ Արսենյանը. «Արդեն 2-րդ տարին է, որ անցկացնում ենք այս ծրագիրը: Ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից հայազգի տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ 3 շաբաթ անց են կացնում հայրենիքում` ծանոթանալով հայ երաժշտությանն ու մշակույթին` դասականից մինչև հոգևոր, աշուղականից մինչև խորհրդային շրջան, ջազից մինչև ժամանակակից երաժշտություն: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրենց ապագան հյուսել Հայաստանում: Կան մասնակիցներ, որոնք աշխատանքի հրավեր են ստանում և մնում են Հայաստանում: «Երաժշտական Հայաստան»-ի անցյալ տարվա 10 մասնակիցներից 7-ն այսօր Հայաստանում են: Այս տարի նույնպես, մեր մասնակիցներից մեկը հրավեր ստացավ նվագելու օպերայի և բալետի նվագախմբում: Այս ծրագրերը ներգաղթի մի հետաքրքիր ու յուրօրինակ միջոց են»: Հերմինե Դյուզյանը ներկայացրեց «Բացահայտիր Հայաստանը» ծրագիրը, որն ավարտվել էր նախօրեին և որն այս տարի տոնեց իր 10-ամյակը: «Այս տարի աշխատեցինք Ուջանում և 3 օրում կատարած մեր շինարարական աշխատանքները գրեթե մեկ ամսով առաջ գցեցին ընդհանուր շինարարական գործընթացը»: Խոսվեց նաև ՀԲԸՄ «Անդրանիկ» սկաուտական ճամբարի, Երևանի ամառային փորձառության ծրագրի և ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդների «Հայաստան, կյանքի երկիր» ծրագրերի մասին: Այս վերջինում, ի դեպ, ընդգրկված են ոչ միայն հայազգի, այլ նաև օտարազգի երիտասարդներ: Բոլոր այս ծրագրերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ ՀԲԸՄ Հայաստանի Լրատուի այս համարում:

 

Տեսանյութ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: