Articles

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» 5-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 10-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Փառատոնն անցկացվում է «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Փառատոնի կազմակերպիչներն են «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեվանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Փառատոնի մշտական հովանավորներից է նաև ՀԲԸՄ-ն: Երաժշտական մրցույթին այս տարի մասնակցեցին 2415 երաժիշտ-կատարողներ` աշխարհի 30 երկրներից: Մրցութային հաձնախմբի կազմում էին հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ, այդ թվում` Ժան Տեր-Մերկերյանը (Ֆրանսիա), Հմայակ և Ելենա Դուրգարյանները (Իսպանիա), Լևոն Օգանեսովը (Ռուսաստան), և այլոք: 5-51 տարեկանների պայքարի ավարտին ժյուրին տասը Մեծ մրցանակ շնորհեց` լավագույններին արժանացնելով I, II և III կարգի մեդալների, դիպլոմների և դափնեկրի կոչումների` չմոռանալով նաև հատուկ մրցանակները` սահմանված հայ անվանի երաժիշտների անուններով: Փառատոնն այս տարի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալների, համապատասխան դիմպոլների և հաղթողի դափնեկրի կոչման է արժանացրել 720 մասնակցի: Փառատոնի օրերը հագեցած էին նաև արվեստի անվանի վարպետների համերգներով ու վարպետության դասերով Գյումրիում և Երևանում: Փառատոնի շրջանակներում անցկացվեց «Մշակույթների երկխոսություն» գիտաժողովը: Հյուրերը նաև ծանոթացան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին: Փողային նվագարանների երրորդ տարիքային խմբում (19-23), առաջին մրցանակին արժանացավ ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագրի անցյալ տարվա մասնակից, ֆլեյտահար Առնի Կիրակոսյանը, որը նաև շահեց «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարում» անվանակարգում` Գագիկ Հովունցի «Թեմա» ստեղծագործությամբ: Փառատոնի փակման հանդիսությունը տեղի ունեցավ ապրիլի 18-ին:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: