Articles

ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԵՐԳԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ղարաբաղի կամերային նվագախմբի համբավն արդեն դուրս է եկել ԼՂՀ և Հայաստանի սահմաններից: Անցյալ օգոստոսին Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հրավերով նվագախումբը համերգներով հանդես եկավ Նորվեգիայում: Այս տարվա ապրիլի 22-ին, Արամ Խաչատրյան հիմնադրամի տնօրեն Գագիկ Գաբրիելյանի հրավերով, Ղարաբաղի կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, ելույթ ունեցավ Մոսկվայի գրականագետների կենտրոնական տան մեծ դահլիճում: Միջոցառումը նվիրված էր Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին, հաղթանակի օրվան և Շուշիի վերանորոգված պատկերասրահի վերաբացմանը: Երեկոն կազմակերպել էին Ռուսաստանի հայերի միությունը և Մոսկվայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը: Նվագախմբի ղեկավար Գևորգ Մուրադյանն իր հատուկ շնորհակալական խոսքերն ուղղեց նաև ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին այս համերգը հնարավոր դարձնելու համար: Նվագախմբի 16 անդամների հետ Մոսկվա էին մեկնել և նվագախմբի հետ ելույթ ունեցան նաև դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, մենակատարներ Իրինա Զաքիյանը (սոպրանո), Ալեքսանդր Վարդանյանը (բարիտոն), Ծովինար Մնացականյանը (սոպրանո): Համերգին ելույթ ունեցան նաև Ռուսաստանցի մեներգիչներ Թերմինե Սարյանը, Սոնա Արշակյանը, Գնեսինյան երաժշտական դպրոցի երգչախումբը` գլխավորությամբ Կարինե Ավետիսյանի: Հնչեցին Խաչատրյանի, Բաբաջանյանի, Կոմիտասի, Կանաչյանի, Միրզոյանի, Շուբերտի, Բախի, Տոստիի, Կուրտիսի ստեղծագործությունները: Իսկ համերգի ավարտին բոլորը միասին կատարեցին Շարլ Ազնավուրի «Քեզ, Հայաստան» երգը: «Արամ Խաչատրյան» հիմնադրամը ստեղծվել է 2002թ. մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ, կոմպոզիտորի որդու` Կարեն Խաչատրյանի, «Հայաստանի նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանի և Գագիկ Գաբրիելյանի ջանքերով: Հիմադրամը զբաղվում է երաժշտության քարոզչությամբ, ինչպես նաև օգնում և անմիջական մասնակցություն է ունենում մշակութային մի շարք միջոցառումների կազմակերպմանը: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1831թ. կնքված Գյուլիստանի (Ղարաբաղ) պայմանագրով Պարսկաստանն ընդունում էր, որ Ռուսաստանին է անցնում Ղարաբաղի խանությունը (այժմյան ԼՂՀ տարածքը), և Ռուսաստանին բացառիկ իրավունք էր տրվում նավատորմ ունենալ Կասպից ծովում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: