Articles

ԱՎԱՐՏՎԵՑ ՀԲԸՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Մարտի 25-ից ապրիլի 21-ը, ՀԲԸՄ Ֆրանսիայի և Լիոնի մասնաճյուղերի և Լիոնի մասնաճյուղի նախկին փոխատենապետ Ժակ Կարապետյանի աջակցությամբ, Հայաստանի ֆրանսիական համալսարանի (ՀՖՀ) 4-րդ կուրսի 11 ուսանողներ իրենց մասնագիտական փորձառությունն անցկացրին Լիոնի, Փարիզի և Վալանսի առաջատար ընկերություններում: Եվգինե Տեր-Օհանյանը փարիզյան փորձառությունն անցավ Estrade, Azad and Harutyunyan իրավաբանական ընկերությունում: Սա բացառիկ հնարավորություն էր նրա համար այցելել Փարիզի արդարադատության պալատ, տարբեր դատարաններ և ներկա լինել դատական նիստերի ու լսումների: «Մեկ ամիս աշխատեցի պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, շփվեցի փաստաբանների ու իրավաբանների հետ, գործնականում ծանոթացա իմ մասնագիտության նրբություններին ու սովորեցի նոր հմտություններ: Սա հիանալի հնարավորություն էր համեմատելու երկու երկրների օրենսդրական և դատաիրավական համակարգերը: Երախտապարտ եմ ՀԲԸՄ-ին այս հնարավորության համար», - ասում է Եվգինեն: Լիլիթ Արզոյանին հնարավորություն ընձեռվեց աշխատել Grant Thornton ընկերությունում: «Դժվարանում են բառերով արտահայտել, թե որքան կարևոր էր այս փորձառությունն ինձ համար: Այդքան հեղինակավոր ընկերության մաս կազմելն արդեն իսկ անկրկնելի հնարավորություն է: Յուրաքանչյուր օր մի նոր հնարավորություն էր ինչ-որ նոր բան սովորելու և անելու: Այս գիտելիքներն ու փորձն անկասկած ինձ շատ են օգնելու կառուցելու և զարգացնելու իմ ապագա կարիերան», - ասաց Լիլիթը: Անի Գալստյանն իր փորձառության շրջանն անցկացրեց Voyage Loisirs տուրիստական ընկերությունում: Տարեկան մոտ 50 միլիոն այցելուներով` Փարիզն աշխարհում երրորդ քաղաքն է զբոսաշրջիկների քանակով, և այս բնագավառի մասնագետի համար Փարիզում փորձառություն անցնելը հրաշքի պես մի բան է: «Հպարտ եմ, որպես ուսանող, զավակ և քաղաքացի: Փարիզից վերադարձել եմ պատասխանատվության մեծ զգացումով` ինքս իմ և իմ հայրենի երկրի հանդեպ, և հայրենիքիս օգտակար լինելու առավել խորը գիտակցությամբ: Հստակ գիտեմ, թե որն է լինելու իմ դերը Հայաստանի մրցունակ և վառ ապագայի կերտման գործում: Եվ այդ ամենի համար իհարկե շնորհակալ եմ ՀԲԸՄ-ին», - ասում է Անին: ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը համագործակցում է ՀՖՀ-ի հետ 2004թ.-ից և առ այսօր ՀՖՀ 73 փայլուն ուսանողներ ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ իրենց փորձառությունն են անցել Գրենոբլում, Լիոնում, Փարիզում և Վալանսում: Ֆրանսիայում ծրագրի մասնակիցները առիթ ունեցան նաև այցելել Ազգային Ժո-ղով, ՀՀ դեսպանատուն, ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, ՀԲԸՄ Նուբարյան գրադարան, Վերսալ, Լուվր և Օրսեյ թանգարան, ինչպես նաև բարելավել ֆրանսերենի իրենց իմացությունը, համտեսել ֆրանսիական ուտեստներ, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ ու ընկերանալ եվրոպայի սրտում ապրող իրենց հասակակից հայրենակիցների հետ: Վերջերս Փարիզում ՀԲԸՄ Ֆրանսիայի ղեկավարների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՖՀ Ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան իր երախտագիտությունն է հայտնել ՀԲԸՄ-ին ՀՖՀ ուսանողների ջերմ ընդունելության և առօրյայի հստակ կազմակերպման համար: «Առանց ՀԲԸՄ-ի և Ֆրանսիայի հայ համայնքի աջակցության շատ դժվար կլիներ իրականացնել ֆրանսիական մշակույթը տարածելու և ուսանողներին բարձրորակ մասնագիտական փորձառությամբ ապահոլու` ՀՖՀ առաքելությունը»:Ծրագրի մասնակիցներն արդեն վերադարձել են Հայաստան: Մայիսի 8-ին նրանցից մի քանիսն այցելեցին ՀԲԸՄ Երևանի գրասենյակ` պատմելու Փարիզում անցկացրած օրերի մասին և շնորհակալություն հայտնելու ՀԲԸՄ-ին այդ հիանալի հնարավորության համար: ՀԲԸՄ-ի աջակցությունը ՀՖՀ-ին այս ծրագրով չի սահմանափակվում: 2007թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն գերազանցության կրթաթոշակներ է տրամադրում ՀՖՀ լավագույն ուսանողներին: Ավելի քան 120 ՀՖՀ ուսանողներ առ այսօր օգտվել են ՀԲԸՄ-ի կրթաթոշակից: Միությունը նաև ֆինանսավորել է ՀՖՀ գրադարանի կառուցման և վերանորոգման աշխատանքները: ՀԲԸՄ-ն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն ընկերություններին, որոնք փորձառության հնարավորություն են ընձեռում ուսանողներին, ինչպես նաև Բուլուկյան Հիմնադրամին ֆինանսական աջակցության համար:

ՀԲԸՄ փորձառության ծրագրերի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.agbu.org/education/internships/

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: