Articles

ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԱՅՑԵԼԵՑ ՀԲԸՄ ԹԱԼԻՆԻ «ՀԱՅ ԿԻՆ» ԿԵՆՏՐՈՆ

Մայիսի 18-ին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր տիկնոջ` Լիբի Հեֆերնի հետ միասին այցելեց հղի կանանց աջակցության ՀԲԸՄ Թալինի «Հայ կին» կենտրոն` ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի և ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան Շրջանակային հանձնաժողովի նախկին ատենապետ Հայկ Մսրլյանի: Անցյալ դեկտեմբերին ԱՄՆ ուղևորության շրջանակներում սփյուռքահայության հետ հանդիպման ժամանակ դեսպան Հեֆերնը հրավեր էր ստացել ՀԲԸՄ Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» հանձնախմբի հիմնադիր և ատենապետ Սոնա Յակուբյանից այցելել Հայաստանում գործող «Հայ կին» կենտրոններ` ավելի լավ հասկանալու Հայաստանի շրջաններում ապրող կանանց խնդիրները: «ՀԲԸՄ Հայ կին հանձնախումբը ողջունում է դեսպան Հեֆերնի և նրա տիկնոջ կողմից ցուցաբերված ուշադրությունը մեր կենտրոնների հանդեպ: Հայաստանում գործող մեր կենտրոնները չափազանց կարևոր են մեզ համար: Առողջ երեխաներ և առողջ ու կրթված մայրեր ունենալը մեր հայրենիքի ապագայի և ապահովության խնդիր է: Ես ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայկ Մսրլյանին և Արփի Վարդանյանին այս այցի կազմա-կերպմանն ու իրականացմանը աջակցելու համար», - ասաց տիկին Սոնա Յակուբյանը: Հայկ Մսրլյանը, Արփի Վարդանյանը և ՀԲԸՄ Թալինի «Հայ կին» կենտրոնի ծրագրի համակարգող Անի Ասլանյանը ներկայացրին կենտրոնի գործունեությունը, նվաճումներն ու մարտահրավերները: Քսան ապագա մայրեր, որոնք ներկա էին այդ հանդիպմանը, կիսվեցին իրենց տպավորություններով, խոսեցին իրենց ամենօրյա խնդիրների մասին: Դեսպան Հեֆերնը և նրա կինը, որոնք հինգ երեխաների ծնողներ են և ունեն նաև մեկ թոռ, ուրախ էին հյուրընկալվել կենտրոնում, շփվել այդ կանանց հետ, լսել նրանց մտահոգություններն ու կիսել նրանց փորձն ու գաղափարները: «Հրաշալի է տեսնել, որ այսքան Թալինցի կանայք ակտիվորեն մասնակցում են այս կենտրոնի ծրագրերին: Վստահ եմ, որ գրագետ նախածննդյան խնամքն ամենաթանկ նվերն է երեխաներին», - ասաց տիկին Լիբի Հեֆֆերնը: Այցի ընթացքում հնչեցին մի շարք հետաքրքիր առաջարկություններ, և Թալինի կենտրոնն արդեն իսկ մտածում է դրանց իրականացման շուրջ: ՀԲԸՄ ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ դեսպանին և նրա տիկնոջն այս այցի և ցուցաբերած ուշադրության, ինչ-պես նաև Հայաստանին և հայ ժողովրդին իրենց աջակցության համար: Ինչպես նշեց պարոն Մսրլյանը, այս այցը շատ կարևոր ու իմաստալից էր և հավերժ կմնա բոլորի հիշողություններում: ՀԲԸՄ Թալինի «Հայ կին» կենտրոնը հիմնվել է 2009թ.: Այստեղ կազմակերպվում են կանոնավոր բժշկական ստուգումներ, վերապատրաստման դասընթացներ, նախածննդյան խնամք և անհատական խորհրդատվական հանդիպումներ բժիշկների, հոգեբանների և իրավաբանների հետ: Կենտրոնը կարող է միաժամանակ ընդունել 20 կանանց: Առ այսօր, ՀԲԸՄ Թալինի «Հայ կին» հղի կանանց աջակցության կենտրոնը սպասարկել է մոտ 160 հղի կանանց և նրանց երեխաներին: Հղի կանանց աջակցության ՀԲԸՄ առաջին կենտրոնը բացվեց 2002թ. Գյումրիում: Հետագայում բացվեցին կենտրոններ նաև Վանաձորում, Թալինում և Եղվարդում: Կենտրոնների նպատակն է աջակցել հղի կանանց, նպաստել նրանց առողջության բարելավմանը և նվազեցնել հղիության շրջանում բարդությունների և նորածին երեխաների շրջանում մահացության բարձր տոկոսը: Առ այսօր վերոհիշյալ կենտրոնների ծառայություններից օգտվել են ավելի քան 800 հղի կանայք: Կենտրոնները ստեղծվել են ՀԲԸՄ-ի Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» հանձնախմբի ջանքերով:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: