Articles

ՀՀ ՄԱՐԶԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շախմատի հանրապետական դպրոցական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը Ծաղկաձորում

Մայիսի 7-10-ը, Ծաղկաձորի Գրողների Տունը հյուրընկալել էր շախմատի հանրապետական համադպրոցական 7-րդ օլիմպիադայի եզրափակիչը: Ութամսյա լարված ու համառ պայքարից հետո, սկզբնական ավելի քան 5,000 մասնակցից եզրափակիչ փուլ էին անցել 72 մասնակից (18 թիմ, յուրաքանչյուրում 4 հոգի` 3 տղա և 1 աղջիկ): Հենց այս 18 թիմերն էլ Ծաղկաձորում մրցեցին պատվավոր առաջին տեղի և ՀԲԸՄ-ի կողմից սահմանած մրցանակների համար: Բացի մրցաշարին մասնակցելուց երեխաները երեք օր շարունակ մասնակցեցին Հայաստանի Շախմատի Ակադեմիայի կողմից կազմակերպված մի շարք ուսուցողական ձեռնարկների և այցելությունների: Մինչև եզրափակիչ հասնելը դպրոցականները հաղթահարում են երեք փուլ: 1-ին` ներդպրոցական փուլում մրցում են - միևնույն դպրոցի տարբեր թիմեր: Հաղթող թիմն արդեն ներկայացնում է տվյալ դպրոցը 2-րդ փուլում, որտեղ մրցում է միևնույն համայնքի մյուս դպրոցների հաղթող թիմերի հետ: Համայնքային փուլում հաղթող դպրոցը 3-րդ փուլում մրցում է միևնույն մարզի մյուս համայնքների հաղթող թիմերի հետ: Եվ վերջապես 4-րդ փուլ են դուրս գալիս մարզի լավագույն թիմը կամ թիմերն ու մրցում միմյանց դեմ: 18 մասնակից թիմերի շարքում այս տարի լավագույնը Արտաշատի ավագ դպրոցի թիմն էր` Հրայր Հովհաննիսյան, Յուրա Ղազարյան, Նարեկ Դզոյան և Կարինե Վարդանյան կազմով և գլխավորությամբ մարզիչ Միքայել Մարտիրոսյանի: Մրցաշարի հաղթող թիմի բոլոր անդամները ՀԲԸՄ- ի կողմից արժանացան mini iPad-ների: II և III տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Երևանի թիվ 2 և թիվ 54 ավագ դպրոցների թիմերը, որոնք ՀԲԸՄ-ի կողմից ստացան դրամական պարգևներ: Չորս խաղատախտակների վրա անհատական հաշվարկով լավագույններն էին Հրայր Հովհաննիսյանը և Նարեկ Դզոյանը Արտաշատի ավագ դպրոցից, Էդուարդ Մկրտչյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցից և Սուսաննա Գաբոյանը Երևանի թիվ 2 ավագ դպրոցից: «Ուրախ եմ, որ հաղթեց Արտաշատի թիմը: Սա նշանակում է, որ մեր մարզերն ակտիվանում են և դառնում ավելի մրցունակ Երևանյան թիմերի հետ պայքարում», - ասաց Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: «Առաջին տարիներին մեր նպատակն էր ապահովել բոլոր դպրոցները, մայրաքաղաքից մինչև հեռավոր գյուղական դպրոցներ, շախմատի տախտակներով, շախմատային ժամացույցներով ու գրականությամբ, որպեսզի հնարավոր դառնար այս մրցաշարի անցկացումը: Այսօր արդեն ՀԲԸՄ-ի շնորհիվ այս խնդիրը լուծված է, և մեր նպատակներն էլ արդեն այլ են, մրցանակներն` ավելի անհատական ու գրավիչ», - ասաց ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրերի համակարգող Ինեսա Մարգարյանը: Այս օլիմպիադան անց է կացվում 2008թ.-ից, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀԲԸՄ-ի համատեղ ջանքերով: Մրցաշարի մասնակիցներից շատերը դարձել են պրոֆեսիոնալ շախմատիստներ և տարբեր տարիների մասնակցել և հաղթել են հանրապետական և միջազգային տարբեր մրցաշարերում, ներառյալ Հայաստանի շախմատի պատանեկան մրցաշարը, Հայաստանի շախմատի առաջնությունը և Վլ. Դվորկովիչի Գավաթի խաղարկությունը Մոսկվայում:

 

Տեսանյութ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: