Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՅՑԸ ՎՐԱՍՏԱՆ

ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանն (ՀՎՀ) ակտիվորեն ընդլայնում է իր դասացանկը` հարստացնելով ծրագրերը հետաքրքիր կրթական, հասարակական և մշակութային իրադարձություններով: Վերջին միջոցառումներից մեկը տեղի ունեցավ ՀՎՀ-ի` վերջերս Թբիլիսի կատարած ուղևորության շրջանակներում, որի ընթացքում ՀՎՀ օնլայն ուսուցիչները ոչ միայն այցելեցին հայկական մշակութային կենտրոններ, հանդիպեցին ՀՎՀ գործընկերներին և ուսանողներին, այլ նաև պատրաստեցին նյութեր ՀՎՀ ուսանողների համար` վիրտուալ ուղևորություն իրականացնելու համար: Մայիսի 10-ին ՀՎՀ ուսուցիչներն այցելեցին Վիրահայոց Թեմի Հայ Առաքելական Սուրբ Էջմիածին Եկեղեցու Հայարտուն մշակութային, կրթական և երիտասարդական կենտրոն, որը գտնվում է Հավլաբարում, Թբիլիսի: Հայարտունը կարևոր դերակատարում ունի վրացհայ համայնքի համար, որի անդամները շատ ակտիվ են և ձգտում են հավատարիմ մնալ իրենց ազգային արժեքներին և լեզվին: Հետևաբար պատահական չէ, որ Հայարտունն ակտիվորեն ներգրավված է Թբիլիսիում ՀՎՀ-ի հիբրիդ ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում: Թբիլիսիում նախակրթարանի և ՀՎՀ-ի Հիբրիդ Դպրոցի ուսուցչուհի տիկին Եվգենյա Մարկոսյանը Հայարտան կենտրոնում կիսվեց իր մտքերով ՀՎՀ-ի դերակատարման ու գործունեության, դասընթացների ու հաջողությունների վերաբերյալ` ասելով. «Այսօր վրացահայերը հիմնականում խոսում են ռուսերեն կամ վրացերեն, և մեծ խանդավառություն էր, երբ ՀՎՀ Հիբրիդ Դպրոցի ծրագիրը ներկայացվեց Թբիլիսիում: Մենք հույս ունենք, որ շուտով կունենանք նոր և առավել հարմարավետ ՀՎՀ դասասենյակ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և կշարունակենք Թբիլիսիում հիբրիդ դպրոցի արդեն իսկ հաստատված գեղեցիկ ավանդույթները»: Մշակութային Կենտրոնի ներկայացուցիչները, Հայարտան տնօրեն Լևոն Չիդիլյանը և ՀՎՀ-ի ուսանողներից մի քանիսը Կենտրոնում հյուրընկալեցին և ջերմորեն ողջունեցին ՀՎՀ խմբին և իրենց երախտագիտությունը հայտնեցին համալսարանին: Ուսանողներից մեկը` Անժելա Սարգսյանը մասնավորապես նշեց. «Մենք անչափ շնորհակալ ենք ՀՎՀ-ին հայաահպանության ջանքերի համար, այն մեզ օգնում է զարգացնել, պահպանել և կյանքի կոչել մեր հայկական ինքնությունը` ընդլայնելով մեր գիտելիքները հայոց լեզվի, պատմության և մշակույթի ասպարեզում, ինչն այսօր հույժ կարևոր է այստեղ, քանի որ շատ հայեր անգամ հայերեն չեն խոսում»: ՀՎՀ խումբը շարունակեց իր ուղևորությունը` այցելելով մի քանի հայկական եկեղեցիներ և այլ մշակութային կենտրոններ, այդ թվում` Թբիլիսիի Հայկական Պանթեոն` Խոջիվանք, որը ճարտարապետական համալիր է Հավլաբարի հյուսիս-արևելյան հատվածում: Երեկոյան ՀՎՀ խումբը հրավիրված էր համերգի Թբիլիսիի Արվեստի սրահում` նվիրված մայիսյան տոներին` Շուշիի ազատագրմանն ու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին: ՀՎՀ-ի առաքելությունը` ապահովել հայկական կրթություն բոլորի համար և ամենուրեք, արտացոլվում է իր գործունեության ամեն մի քայլում. թե օնլայն ուսուցման, թե՛ խառը` հիբրիդ դպրոցների, և թե այլ տարատեսակ ձևաչափերի միջոցով ՀՎՀ-ն ձգտում է հասանելի լինել աշխարհի յուրաքանչյուր անկյունում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: