Articles

ՀԲԸՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿԱՆԱՅՔ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21-րդ դարը կարելի է համարել տեխնոլոգիական դարաշրջան` հաշվի առնելով այն փաստը, որ մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտներում գերիշխում են համակարգչային և բարձր տեխնոլոգիաները: Միևնույն ժամանակ դժվար է պատկերացնել, որ աշխարհում զանգվածային համակարգչայնացման սկիզբը դրվել է դեռևս մեր դարաշրջանից մոտավորապես 200 տարի առաջ Բայրոնի դստեր` մաթեմատիկոս Ադա Լովելասի կողմից: Այս տարի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի կանանց միջազգային օրը նշվել է ապրիլի 25-ին, որի նպատակն էր շատ աղջիկների և կանանց ներգրավել ՏՏ ոլորտ` ավելի մեծ հնարավորություն տալով Ադայի հետնորդներին կայանալ և խոստումնալից ապագա ունենալ այս բնագավառում: «Կանայք ՏՀՏ ոլորտում» միջազգային կոնֆերանսը նախաձեռնված էր «Կանայք և ՏՏ հասարակությունը» հ/կ-ի կողմից, որի հիմնադիրն է Նարինե Աբազյանը: Հայաստանում ՏՏ զարգացող ոլորտը կարող է փայլուն կարիերա խոստանալ շատ հայ երիտասարդ կանանց: Սա էր Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցած կոնֆերանսի կոչը և առաքելությունը: ՀԲԸ Միության Հայկական Վիրտուալ Համալսարանը (ՀՎՀ) ներկայացված էր որպես հաջողակ և բացառապես նոր տեխնոլոգիաների վրա հիմնված կազմակերպություն: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասած գործունյա կանայք իրենց անցած ուղին ներկայացրեցին 18 դպրոցներից և այլ ուսումնական հաստատություններից միջոցառմանը ներկա գտնվող 200 երիտասարդ աղջիկներին: Իրենց բացման խոսքով հանդես եկան ՀԱՀ նախագահ Դր. Բրյուս Բողոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք: ՀԲԸՄ ՀՎՀ վարչական տնօրեն Աննա Ենգիբարյանը ներկայացրեց այն հաջողությունները, որոնց հասել է ՀՎՀ-ն իր գործունեության ընթացքում` ՏՀՏ ոլորտի զարգացումներին զուգահեռ, ինչպես նաև այս ոլորտում ունեցած իր անձնական ձեռքբերումները: «Մեր համալսարանի դռները միշտ բաց են», - ասաց նա` մատնանշելով օնլայն կրթության առավելությունները և հասանելիությունը միշտ և ամենուր, - «ՏՀՏ ոլորտի արագ զարգացումների շնորհիվ այսօր մենք ունենք նման առաջադիմական և նորարարական ծրագիր»: Աննա Ենգիբարյանը հավելեց նաև, որ ՀՎՀ-ն, ռազմավարապես կայուն մնալու համար, հետևում է ՏՀՏ ոլորտում ժամանակակից միտումներին` ջանալով ապահովել ընկերությունը որակյալ ՏՀՏ մասնագետներով: «Չնայած այն փաստին, որ ՏՀՏ ոլորտը արագընթաց տեմպերով առաջ է շարժվում, կանանց հետաքրքրությունն այս ոլորտում նվազում է», - ասաց նա: Նա քաջալերեց երիտասարդ կանանց և աղջիկներին իրենց մասնագիտության ընտրության հարցում լինել ավելի ակտիվ ու շրջահայաց և ներկայացրեց իր անձնական փորձը. «Կրթություն ստանալով կիրառական մաթեմատիկայի ոլորտում` սկզբում մի փոքր հիասթափվեցի` տեսնելով համակարգիչների սև և անխոս էկրանները, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումը, ՀԱՀ-ի աշխատանքային միջավայրն ու ՏՏ դասընթացները հետագայում փայլուն կարիերայի հնարավորություններ ստեղծեցին ինձ համար»: ՀՎՀ վարչական տնօրենն իր ելույթն ավարտեց աշխատանքային խմբերում կանանց և տղամարդկանց հավասար տեղաբաշխման վերաբերյալ իր դիտարկումով. «Որպես կանոն, նման աշխատանքային խմբերն ավելի ստեղծագործ, արդյունավետ և մոտիվացված են: Ուստի, սիրելի կանայք, բաց մի թողեք ՏՀՏ ոլորտում թափուր աշխատատեղերը զբաղեցնելու հնարավորությունը: Այս ոլորտը կանանց առկայության կարիք ունի», - եզրափակեց նա: ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի եզակի նորարարական մոտեցումը ներկաների հետաքրքրությունը և ուշադրությունը սևեռեց համալսարանի առաքելության և նոր տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեության վրա: Համաժողովի ավարտին միջոցառման կազմակերպիչն առանձնացրեց ոլորտի երեք հաջողակ կանանց` Մարի Լու Փափազյան (Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն), Աննա Ենգիբարյան (ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան), և Եվա Հյուսյան (Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան):

 

Տեսանյութ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: