Articles

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆՇՎԵՑ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 105-ԱՄՅԱԿԸ

Մայիսի 25-ին, Ստամբուլի ՍԱԼԹ Գալաթա սրահում տեղի ունեցավ «Փոքրամասնությունների նոր իրականությունը. Թուրքիայի հայ համայնքի ապագա հեռանկարները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին մոտ 200 հրավիրյալներ և բանախոսներ Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից և Պորտուգալիայից: Այս գիտաժողովը եզրափակեց Ստամբուլում տպագրվող «Ժամանակ» օրաթերթի 105-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Ժամանակը» ամենաերկար շարունակաբար տպվող հայկական պարբերականն է: Տեղի ունեցան նաև քննարկումներ, կարծիքների փոխանակում և հարց ու պատասխան հետևյալ երեք հիմնական թեմաներով. «Թուրքիայում ոչ իսլամ փոքրամասնությունների օրակարգի ձևափուխումները», «Փոքրամասնության իրավունքների նոր ընկալումը և փոքրամասնությունների մոտ ժառանգության գիտակցումը», և «Հայոց նոր ինքնության ձևավորումը»: Արա Գոչունյանը, որը «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է 1992թ. ի վեր, ողջունեց բոլորին նախքան ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին բեմ հրավիրելը: Ներկաներին ուղղված իր խոսքում պարոն Սեդրակյանն անկեղծորեն ներկայացրեց այն խնդիրներն ու մարտահրավերները, որ այսօր կանգնած են հայ ժողովրդի առջև ողջ աշխարհում: «Հայոց նոր ինքնության ձևավորումը» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանը` խոսելով հայ ժողովրդի և հատկապես սփյուռքահայ երիտասարդության առջև ծառացած այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ձուլման և լեզվի կորստի վտանգը, ինչպես նաև սփյուռքահայերի և հայաստանաբնակների միջև իրական շփման անհրաժեշտությունը: Նա նաև խոսեց այն հնարավորությունների մասին, որոնք ՀԲԸՄ-ն տալիս է այս բնագավառում իրականացրած իր բազում ծրագրերի` այդ թվում Բացահայտիր Հայաստանը, Երաժշտական Հայաստան, Երևանի ամառային փորձառության ծրագրերի, Հայկական վիրտուալ համալսարանի և այլ ծրագրերի միջոցով, որոնք միտված են հզորացնելու մեր ազգը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: