Articles

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 6-ը երաժշտական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի` աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ծննդյան 110-րդ տարեդարձի օրն է: Ողջ տարվա ընթացքում, աշխարհի տարբեր ծայրերում, նշվելու է մեր սիրելի կոմպոզիտորի ծննդյան տարեդարձը: Հայաստանը բացառություն չէ: Ի թիվս ծրագրված բազմաթիվ ավանդական համերգների և ելույթների, Երևանի կենտրոնում տեղի ունեցավ «Սուսերով պար՝ փողոցում» եզակի և բացառիկ միջոցառումը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) և Emporium ընկերության հետ համատեղ, ժամանակակից մատուցմամբ ներկայացրեց Խաչատրյանի հանրահայտ սուսերով պարը «Գայանե» բալետից: Պատահական անցորդներ ու զբոսաշրջիկներ զարմանքով ու հետաքրքրասիրությամբ հետևում էին պարին, Երևանի Cascade համալիրի Գաֆեսչյան քանդակների պարտեզում: Առաջին տպավորությունն այն էր, որ փողոցում կռիվ է ծագել մի աղջկա համար երկու տարբեր խմբերի միջև: Բայց ներկաները հանդարտվեցին և սկսեցին վայելել միջոցառումը, երբ երևաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը` ուղեկցությամբ նվագախմբի երաժիշտների և Հայաստանի պետական «Բարեկամություն» պարախմբի անդամների: Եթե ուշադիր դիտեք տեսանյութը, անպայման կնկատեք ՀԲԸՄ մեծ ընտանիքի ներկայությունը` ի դեմս անձնակազմի ու աջակիցների, այդ թվում ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան-2012»-ի երկու մասնակիցների, որոնք ելույթ ունեցան 100 հոգանոց նվագախումբի հետ, ինչպես նաև Հայաստանի շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի 2012-2013թթ. մրցաշրջանի եզրափակիչ փուլի մասնակիցների: ՀԲԸ Միության նախագահ պարոն Պերճ Սեդրակյանի կինը` տիկին Վերա Սեդրակյանը, ՀԲԸՄ երկարամյա անդամ և աջակից տիկին Սոսի Քելեկյանը, նույնպես ներկա էին վայելելու բացօթյա այս գեղեցիկ իրադարձությունը: Ականավոր երաժշտի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ 2013թ. UNESCO-ի կողմից հայտարարվել է Խաչատրյանական տարի: Մեծ արվեստագետի հարուստ երգացանկն ընգրկում է դաշնամուրի, ջութակի, թավջութակի և նվագախմբի համար գրված բազմաթիվ գործեր, ինչպես նաև բալետներ և այլ ստեղծագործություններ: Արամ Խաչատրյանը կյանքից հեռացավ 1978թ.-ի մայիսի 1-ին` մարդկությանը թողնելով հարոստ երաժշտական ժառանգություն:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: