Articles

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՊԱՏՎՈՒՄ Է ՆԱԶԱՐ ԵՎ ԱՐՏԵՄԻՍ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արևելյան թեմի և ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված գալա երեկո Նյու Յորքի Պլազա հյուրանոցում

Կան մարդիկ, որոնք տալիս են ուրախությամբ և հենց այդ ուրախությունն է նրանց պարգևը: Լեգենդար բանաստեղծ Խալիլ Ժիբրանի այս խոսքերը կարելի է համարել կյանքի դավանանք տեր և տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների համար: Մայիսի 10-ին, մոտ 400 հրավիրյալների մասնակցությամբ, Նյու Յորքի հանրահայտ Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ Նազար և Արտեմիս Նազարյանների մեծարման երեկոն` կազմակերպված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ: Երեկոն անցավ Թեմական առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի բարձր հովանու ներքո: Հանդիսության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց տիար Նազարյանին և նրան շնորհեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ի գնահատություն Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի հավետ պայծառությանը որդիական սիրով ու նախանձախնդրությամբ բերած բացառիկ ավանդի ու աստվածահաճո ծառայությունների: Երեկոյին ներկա էին Վաշինգտոնում Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հարցերով բաժնի տնօրեն Դր. Մովսես Աբելյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն: Ողջունելով ներկաներին` երեկոյի կազմակերպչական հանձնախմբի նախագահ Նիլա Ֆեստեկջյանն ընդգծեց հանդիսության կարևորությունը, Նազարյաններին անվանելով «Զույգ, որին սիրում, փայփայում ու հարգում ենք բոլորս»: Երեկոն վարում էր ՀԲԸՄ գանձապահ Երվանդ Դեմիրճյանը: Իր ելույթում Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հարգանքի տուրք մատուցեց Վեհափառ Հայրապետին, որը հատուկ այս առիթով ժամանել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից: «Նազարն ու Արտեմիսը ազդեցիկ անհատներ են հայկական աշխարհասփյուռ համայնքում, որոնց բարեգործություններն օգնել են կրթության, մշակույթի, ազգային և հոգևոր ոլորտների զարգացմանը մեր հայրենիքում: Այս զույգն իր մեջ մարմնավորում է հայկական քրիստոնեական ժառանգության փայլուն օրինակ»: Իրենց ծնողներին ուղղված սրտաբուխ շնորհավորական խոսքում քույր և եղբայր Սեդա Նազարյան Ալբրեխտը և Լևոն Նազարյանը, խոսեցին տարիների ընթացքում ծնողներից սովորած դասերի մասին: Սեդան պատմեց իր մանկությունից մի դրվագ, երբ մայրը` Արտեմիս Նազարյանը, մեծահոգաբար օգնեց մի օտար հաճախորդի հանրախանութում` ասելով, «Մենք օրհնված ենք մեր ունեցածով և պետք է կիսվենք ուրիշների հետ»: «Մենք պետք է կենտրոնանանք ոչ թե մեր այլ ուրիշների կարիքների վրա», այս խոսքերը Սեդան սովորել է հորից` Նազար Նազարյանից: «Եթե մենք բոլորս հետևենք իմ ծնողների օրինակին, մեր համայնքները, եկեղեցին, մեր մշակույթը ոչ միայն կգոյատևեն, այլ նաև կբարգավաճեն», ասաց Սեդան` ամփոփելով իր խոսքը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց երեք մասից բաղկացած հիանալի մի ֆիլմ Նազար և Արտեմիս Նազարյանների մասին, որը պատրաստել էին Անի Մանուկյանը և Բրայընթ Բոտերոն: Ֆիլմում Նազարյանների մասին իրենց հիշողություններով ու պատմություններով կիսվում են նրանց ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամներն ու հինգ թոռները` Ուիլյամը, Նիկոլասը, Մեթյուն, Դանիելան և Գրեգորին: Նազարն ու Արտեմիսը ամուսնացել են 1954-ին: Միասին նրանք անշահախնդրորեն աջակցել են հայկական համայնքներին ողջ աշխարհում: Նրանց բազմաթիվ համատեղ բարեգործություններից են Բեյրութի ՀԲԸՄ Լևոն Գ. Նազարյան տարրական դպրոցը, ՀԲԸՄ Լևոն և Սաթենիկ Նազարյան հիմնադրամը, ՀԲԸՄ Նուբար Նազարյան շենքը, որտեղ տեղակայված է ՀՀ դեսպանությունը Բեյրութում, Արտեմիս Նազարյան նախակրթարանը Կալիֆորնիայում, «ՀԲԸՄ և ԵՊԲՀ Լևոն և Կլաուդիա Նազարյան Ռադիոլոգիայի Կենտրոնը» Երևանում, ՀԲԸՄ նոր կենտրոնատեղին Երևանի կենտրոնում, որի կառուցումն այժմ ընթացքի մեջ է: Նրանք իրենց աջակցությունն են բերել նաև ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի իրականացմանը, ՀԲԸՄ Նուբար ճամբարի կազմակերպմանը Նյու Յորքում, տրամադրել են բազմաթիվ ՀԲԸՄ ակադեմիական կրթաթոշակներ: Ազգասեր ու եկեղեցաշեն բարերարները մշտապես սատարել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Հայոց Եկեղեցուն: Նազար և Արտեմիս Նազարյանների ազնիվ բարերարությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով կառուցվեց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու Ս. Տրդատ մատուռը: Նազարյան ընտանիքի առատաձեռն նվիրաբերումներով Մայր Աթոռում 2002թ. հիմնանորոգվեց Ղազարապատի սարկավագների թաղը և միաբանական սեղանատունը, իսկ 2008թ. կառուցվեց Դիվանատան շենքը: Հավատավոր Նազարյան ամուսիններն այսօր էլ շարունակում են զորավիգ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրթական, սոցիալական ու հայապահպան առաքելությանը: Նազար Նազարյանն իր ներդրումն է ունեցել նաև Սբ. Վարդան մայր եկեղեցու, Սբ. Թովմաս եկեղեցու, Սբ. Ներսես հայկական ճեմարանի և Արևելյան թեմի այլ նախաձեռնությունների մեջ: Նազարյան ընտանիքի վաղեմի բարեկամ Հայր Առնակ Գասպարյանն իր հարցազրույցում ասաց, «Դուք Աստծո պարգևն եք հայ ժողովրդին»: Նազարյանների որդին, հայտնի գիտնական և ռադիոլոգ Դր. Լևոն Նազարյանը պատմեց իր ծնողների մասին` նկարագրելով իր մորը` Արտեմիսին, որպես բարի, վստահող, մեծահոգի ու բարեգործ անձնավորություն, հոգատար կին, մայր և տատիկ: Նա նաև հիշեց իր այցելությունը Հայաստան իր հոր հետ, որի ժամանակ նորովի բացահայտեց Նազար Նազարյան անձնավորությանը, որը անընդհատ ուզում էր բարևել ու զրուցել բոլորի հետ փողոցում և օգնել կառուցելու ազատ և օրինակելի Հայաստանի Հանրապետություն: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, որը ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովում Նազար Նազարյանի հետ աշխատել է ավելի քան 35 տարի, իր ջերմ ու մտերմիկ խոսքերն ուղղեց Նազարյաններին, «Նրանք հերոսներ են, ումից պետք է օրինակ վերցնել: Նրանք խորհրդանշում են ՀԲԸՄ հիմնադիրների բնավորության լավագույն գծերը: Շատ քչերին եմ հանդիպել, որ այսքան հոգատար լինեն ՀԲԸՄ-ի, Հայ եկեղեցու և հայ ազգի նկատմամբ, որքան Նազարն է: Նա ուշադիր հետևում է մեր բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին` ապահովելով դրանց շարունակականությունն ու հաջողությունը»: ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որն իր երախտիքի խոսքերն էր հղել զույգին «Հայաստանին և Արցախին մատուցած իրենց բոլոր ծառայությունների և ներդրումների համար»: Հանդիսության ընդմիջումներին հնչում էր Կոմիտաս` լարային քառյակի կատարմամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ասաց, «Մենք այսօր եկել ենք Ձեզ հետ միասին գոհաբանություն բարձրացնելու առ Աստված, որ ազգիս պարգևում է այսպիսի արժանավոր զավակներ, որոնք ապրում են իրենց կյանքը նվիրումով. նվիրումով երեք հիմնական արժեքների` ընտանիք, Հայրենիք և Եկեղեցի: Նազար և Արտեմիս Նազարյանների կյանքը բնորոշվում է այս երեք արժեքների ընդգրկումի մեջ. ընտանեասիրություն, հայրենասիրություն և եկեղեցանվիրում»: Այնուհետև Վեհափառ Հայրապետը, շրջապատված Նազար և Արտեմիս Նազարյաններով, նրանց պարգևատրեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանով: Վերջում Նազարյան ընտանիքի անունից իրենց երախտիքի խոսքն ասաց Արտեմիս Նազարյանը, որը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, բոլոր կազմակերպիչներին և հյուրերին: «Սա մեր կյանքի ամենահիշարժան միջոցառումներից էր: Մեզ համար մեծ պատիվ է, որ մեր ընկերները, բարեկամներն ու բոլոր ներկաներն այսօր այստեղ են, մեզ հետ, այս անմոռանալի առիթով», ասաց Արտեմիս Նազարյանը: Բացի ղեկավար Նիլա Ֆեստեկջյանից, երեկոյի կազմակերպչական հանձնախմբում ներառված էին նաև Սեդա Նազարյան Ալբրեխտը, Անիտա Անսերյանը, Սանդրա Բալուզյանը, Լինն Բեյլերյանը, Քրիստին Կասալին, Բեթի Չերկեզյանը, Ռուբի Գուլյանը, Մարալ Հաջարը, Արդա Հարաթունյանը, Հիլդա Հարթունյանը, Լինն Ջեյմին, Մարալ Ջեբեջյանը, Անի Գասպարյանը, Անի Մանուկյանը, Վեսնա Մարգարյանը, Կլաուդիա Նազարյանը, Սոսի Սեդրակյանը և Ալիս Յիգիտկուրտը:

 

Տեսանյութ

 

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: