Articles

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «ՕՐԵՐ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Պերճ Սեդրակյան.

Մենք քաղաքական շահ չենք հետապնդում

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը պատասխանում է «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

-Պարոն Սեդրակյան, ՀԲԸՄ 87-րդ Ընդհանուր ժողովում նշվեցին կառույցի անցած ճանապարհն ու ապագայի անելիքները։ Ձեր կարծիքով, այսօր Բարեգործականն ի՞նչ հանգրվանում է, եւ ինչպիսի՞ մարտահրավերներ կան։

-Հայաստանի ու Արցախի զարգացման խնդիրներին առընթեր, մենք դիմագրավում ենք տարածաշրջանային, քաղաքական, ընկերային, տնտեսական նոր զարգացումներ, որոնք ավելի սուր կերպով են շեշտում սփյուռքի փոփոխվող իրականությունը։ Դրանք լուրջ եւ բարդ հրամայականներ են ներկայացնում եւ մեզ պարտադրում են բոլորովին նոր աշխարահայացք եւ նոր գործելակերպ։ Անկախության առաջին քսան տարիների դրական մի շարք երեւույթներին զուգընթաց, այսօր Հայաստանը եւ հայ ժողովուրդը դիմագրավում են լուրջ խնդիրներ, տնտեսության դանդաղ աճ՝ շարունակվող շրջափակումի, անգործության եւ զանգվածային արտագաղթի երեւույթներով։ Սփյուռքն էլ իր հերթին արդեն մի այլ փոխված իրականություն է, եւ հատկապես այս օրերին մեր ողջ ուշադրությունը սեւեռել ենք դեպի սփյուռքի մայր գաղութ՝ Սիրիա, որը մեր աչքի առջեւ արնաքամ է լինում եւ նոր արտահոսքի պարտադրվում։ Մի այլ նոր իրականություն են պարտադրում Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի եւ Ռուսաստանի հայկական համայքներն իրենց նոր կարելիություններով։ Իրատեսությամբ պետք է ընդունենք, որ սփյուռքի մեր ազգային ավանդական կառույցները եւ դրանց ղեկավարությունները չկարողացան փոփոխվող իրականության հասկացողությամբ տարբեր մարզերի մեջ հաջողության հասած մեր արհեստավարժ հայրենակիցների եւ մանավանդ երիտասարդ սերնդի հետ, հավասարապես քայլել։ Անհրաժեշտ է, որ այդ զանգվածի մոտ արթնացնենք ազգային հետաքրքրություն՝ մեր ծրագրերը մշակելով ժամանակակից, խստապահանջ, արհեստավարժ եւ բարձրորակ չափանիշներով։ Հաջորդ խնդիրն այն է, որ սփյուռքն իր կարելիությունների չափով դեռ չի օգնել Հայաստանին ու Արցախին, եւ ներդրումների ծանրությունը տակավին կենտրոնանում է մի քանի անհատների վրա։ Պետք է ասեմ նաեւ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այսօր իր տարեկան դրամահավաքներով մեր ակնկալություններից հեռու է՝ հակառակ Արցախի կենսական կառույցներին բերած իր նպաստով, սակայն համազգային առումով ձախողություն է, եթե նկատի ունենանք, որ միայն հայությանն ի վնաս հանրային կարծիքի եւ դիվանագիտական ճնշման համար հարյուրապատիկ գումարներ են տրամադրում հարեւան երկրները։ Հետեւաբար նաեւ մեր կազմակերպության նախաձեռնությունները պետք է լինեն այս ամենի հասկացողությամբ եւ տարողությամբ։ Մեր բոլոր շրջանակները եւ ազգային կառույցները պետք է բարձր գիտակցությամբ եւ պարտավորությամբ գնահատեն ստեղծված վիճակը եւ իրենց կարելիություններն ուղղեն Հայաստանին՝ վեր մնալով նեղ ու տեղական հաշիվներից։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին համապատասխան վերաբերմունք եւ գործակցություն սկսեն սփյուռքի կարող ուժերի հետ։ Նույն ձեւով մենք վերատեսության ենք ենթարկում մեր կրթական ու մշակութային ծրագրերը, մեր սուղ միջոցները կենտրոնացնելով այնպիսի նախաձեռնությունների վրա, որոնք կօգնեն երիտասարդ սերնդի քաջալերմանը, որպեսզի նրանք ծանոթանան հայկական ժառանգությանը եւ առաջնորդող դերեր ստանձնեն իրենց գաղութներում։ Նաեւ տալիս ենք բարձրագույն ուսումնական կրթաթոշակներ, շատ երիտասարդների աջակցում ենք, որպեսզի հառաջանան իրենց ընտրած մասնագիտությունների մեջ։ Այդպիսի մի նախաձեռնություն է նաեւ Հայաստանում բացված ԹՈՒՄՈ կենտրոնը՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ։

-Ձեր ելույթներից մեկում նշեցիք, որ ՀԲԸՄ մասնաճյուղերն էլ ավելի ակտիվ պետք է գործեն։ Դուք ի՞նչը նկատի ունեիք։

-Մեր ցանկությունն է, որ մասնաճյուղերն ավելի աշխուժություն ցուցաբերեն եւ մասնակցեն Կենտրոնական վարչության կողմից մշակված ծրագրերին, հատկապես այն ծրագրերին, որոնք կապ ունեն հայրենիքի հետ։

-Սերնդափոխության հարցն ինչպե՞ս է լուծվում, ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի նոր սերունդը ակտիվորեն ընդգրկվի Բարեգործականի ծրագրերում։

-Նոր սերունդը թե՛ Ամերիկայում, եւ թե՛ Եվրոպայում ակնկալում է նոր ծրագրեր, որն ավելի հետաքրքրում է իրենց առօրյա պրոֆեսիոնալ կյանքում։ Նրանք ավելի մշակութային կյանքով են հետաքրքրվում, քան առաջնորդվում ակումբային նախկին մտայնությամբ։ Գլոբալիզացիան, որի մասին այսօր շատ են խոսում, պետք է կարողանանք ճիշտ օգտագործել, այդ թվում համացանցի հնարավորությունները։ Գլոբալիզացիան բոլոր ժողովուրդների մոտ ինքնության հետ կապված հարցեր առաջացրեց։ Հետեւաբար, մեր երիտասարդ պրոֆեսիոնալների կամ կրթական վերապատրաստության ծրագրերը շատ արդյունավետ իրականացնում ենք երիտասարդների հետ։ Այսօր սփյուռքի մի ստվար զանգված հեռանում է իր ակունքներից, եւ մենք պետք է փորձենք այդ մարդկանց համար, որոնք հարմարվել են նոր միջավայրին, ապահովել իրենց պահանջներին համապատասխան ծրագրեր։ Դրանք առնվազն պետք է լինեն այն մակարդակին, ինչը նրանց օտար միջավայրի մակարդակն է։ Դյուրին գործ չէ։ Մեր կազմակերպությունների ընդհանուր ղեկավարություններն էլ այնպես չեն անում, որ նոր սերնդի համար համապատասխան ծրագրեր մշակվեն։ Սերնդե-սերունդ մեր նյութական եւ ուսյալ ժողովրդի մակարդակն էլ հառաջանում է եւ դա ուրախալի երեւույթ է, բայց միաժամանակ նաեւ մտահոգիչ։ Անցյալում՝ Ալեք Մանուկյանի սերնդի ամենահաջողած հայերն իրենք իրենց գոհունակությունն առնում էին իրենց ընկերային-սոցիալական աշխարհը հայկական աշխարհի մեջ պահելով։ Հիմա նույն ձեւով հաջողած հայերը նախ խառն ամուսնություններով հայեր են կամ կիսով չափ, եւ այն ինչ իրենց հայկականության հետ կապված առաջարկվում է, մարգինալ է թվում եւ դուրս է իրենց աշխարհից։ Պարագան մի փոքր տարբեր է Լոս Անջելեսում։ Երրորդ սերնդի հայերն իրենց միջոցներով ամեն ինչ հիմնեցին, նոր հայերն եկան ու տեսան, ամեն ինչ պատրաստ է, եւ սկսեցին վայելել։ Ֆրեզնոյում կամ թե Բոստոնում հայերն ի՜նչ հարստություն ունեն, բայց չեն կարողանում այդ ամենը փոխանցել նոր սերնդին։ Մեծահարուստներ են ձեւավորվել, հողեր ունեն ու կալվածներ, բայց հեռու են մնացել հայկական հարցերից։ Ուստի, սփյուռքի մեջ նախ այդ գաղափարախոսությունը պետք է փոխենք։ Սփյուռքը դեռ ղեկավարվում է յոթանասունականների մտայնությամբ։ Մինչդեռ այսօր այլ աշխարհում ենք։ Արեւմտյան աշխարհի մեջ հայերի հարյուրից տասը- տասնհինգը հազիվ հետաքրքրություն են ցուցաբերում մեր ազգային հարցերին։ Անշուշտ, երբ տագնապ է լինում, այդ մասնակցությունը մեծանում է։ Բայց եթե մարդիկ միայն հետաքրքրվելով բավարարվեն, շատ դժվար կլինի։

-Սիրիայի տագնապի հետ կապված ՀԲԸՄ□ն առաջին հայկական կազմակերպությունն էր, որ մեկ միլիոն դոլլարի օգնություն տրամադրեց սիրիահայությանը, նաեւ երեւանյան ժողովի հրաժեշտի երեկոյին նույն նպատակով մոտ 250 000 դոլար հանգանակվեց։ Այսօր ի՞նչ ծրագրեր կան սիրիահայության հետ կապված։

-Ամեն օր կացությունը փոխվում է, բայց մենք հետեւում ենք եւ անհրաժեշտ օգնությունն ենք ցույց տալիս թե՛ բուն Սիրիայի հայերին, թե՛ Լիբանանում կամ Հայաստանում ապաստանած հայերին։ Կանխատեսել թե մեկ ամիս հետո ի՞նչ կլինի, դժվար է։ Մեր տեղական մարմինների կողմից որոշ սցենարներ մշակվել են, թե այս կամ այն պարագայում ինչ քալյեր պետք է ձեռնարկվեն։ Նախ, գաղութը նման դեպքերի փորձառությունը չունի։ Մենք փորձեցինք Լիբանանի փորձից օգտվել, բայց դրանք տարբեր իրավիճակներ են, եւ նույնիսկ Դամասկոսի վիճակն է տարբերվում Հալեպից։ Հալեպում հայերը շատ ավելի կենտրոնացած են ապրում, իսկ Դամասկոսը նախ ավելի մեծ է եւ, հետո, հայերն այնտեղ շատ ավելի ցրված են ապրում։ Դժվար է կանխատեսել, բայց մի բան հայտնի է, որ օգնության աշխատանքը շատ երկար կտեւի։

-Անկախության վերջին քսան տարիներին ՀԲԸՄ□ն մշտապես սատարել է Հայաստանի բոլոր իշխանություններին, ոչ միայն խոսքով, այլեւ գործով իրականացրել եք բազմում ծրագրեր։ Ո՞ր ծրագիրն եք համարում ամենահաջողվածը, որն արմատական փոփոխություն է մտցրել Հայաստանի բնակչության կյանքում կամ երիտասարդության շրջանում, ինչն այլ կազմակերպությունների չի հաջողվել անել։

-Շատ դժվար է ասել, թե որը։ Ամեն մեկն իր կարեւորությունն ունի։ Առաջինը հայորդաց տների վերակազմավորումն էր, երբ համայնավարությունից հետո պիոներական պալատները վերակազմավորվեցին հայորդաց տների։ Անցած քսան տարիներին մոտ քսանհինգ հազար հայորդիներ Բարեգործականի հովանավորությամբ վայելեցին եւ վայելում են Սուրբ Էջմիածնի ղեկավարությամբ գործող հայորդաց տների ընձեռած պայմանները։ Դա հնարավորություն էր տալիս երեխաներին զարգացնելու իրենց տաղանդներն արվեստի տարբեր ճյուղերում։ Չլինեին դրանք, Աստված գիտե այդ երեխաներն ինչո՞վ կզբաղվեին։ Սա ամենակարեւորներից մեկն է։ Երկրորդը Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությունն է եւ հատկապես հոգեւորականների պատրաստությանը ցույց տված օժանդակությունը։ Սփյուռքի համար դժվար կլինի երիտասարդ հոգեւորականներ պատրաստել, մանավանդ, որ Միջին Արեւելքում այսպիսի ահավոր վիճակ է։ Մեր հույսն է, որ սփյուռքի գաղութներում երիտասարդ հոգեւորականությունը նոր շունչ ու նոր աշխուժություն կբերի, ինչը կնպաստի նաեւ նոր սերնդի համախմբմանը եկեղեցու շուրջ։ Այնուհետեւ անկախության առաջին տարիներին Միությունն օգնեց, որ Հայաստանն ունենա իր դեսպանատները, եւ մինչեւ օրս էլ Եգիպտոսում ու Լիբանանում, շարունակում է օգնել։ Ամեն մի ժամանակաշրջան իր կարեւորությունն է թելադրել։ Հիմա «Վիրտուալ Քոլեջն» իր դերն ունի եւ իր ծրագրերն ունի։ Մեր միությունը սկսել է ավելի հեռանկարային ծրագրերի մասին մտածել։ Մենք ունենք ե՛ւ ճկունութուն, ե՛ւ կարելիություն, եւ՛ ժամանակի հրամայականով նոր ծրագրեր սկսելու փորձ։ ՀԲԸՄ-ն իր ծրագրերը համապատասխանեցնում է ժամանակի պահանջներին։ Մենք ոչ միայն նյութական, այլեւ ազգային-քաղաքական, ընկերային, կրթական կազմակերպություն ենք։ Դեռ Պողոս Նուբարի ժամանակներից Բարեգործականը գյուղացիների խնդիրներով էր զբաղվում, 1924-ին, Ֆրանսիայում հիմնեց հայ համալսարանական ուսանողների տասներորդ տունը քաղաքի կենտրոնում։ Այն տարիներին քննադատում էին, ասելով՝ հայությունը անոթի է, ինքը շենք է կառուցում։ Բայց նա տեսլական ուներ, որ ջարդից փախած սերունդը մի օր ոտքի պետք է կանգնի, գա Ֆրանսիա ուսանելու եւ մնալու տեղ փնտրի։ 1928-ին հայրենիքում առաջին ակնաբուժական կլինիկան բացեց, 1931-ին Նուբարաշեն քաղաքը կառուցեց, Բարեգործականի կողմից ներգաղթի շարժումի ֆինանսավորումը քաջություն էր պահանջում։ Այն ժամանակ Բարեգործականի ղեկավարները սփյուռքում հալածվեցին իբրեւ համայնավար գործիչներ այլ կազմակերպությունների կողմից, թե իբր ավելի ընկերվարական էին։ 1971-ին, երբ Ալեք Մանուկյանը թանգարանը կառուցեց Էջմիածնում, դա նույնպես քաղաքական որոշում էր։ Եթե Բարեգործականը սկզբում որբանոցներ էր հիմնում, ապա հետագայում՝ 1930-40-ականնին կամաց-կամաց կրթական ոլորտին աջակցեց։ Դպրոցներ բացվեցին տարբեր համայնքներում։ Հիսունականների այցի ժամանակ սփյուռքի համայնքներում Ալեք Մանուկյանը կնոջն ասում էր, որ արդեն մեր ժողովուրդը ոտքի է կանգնել՝ ժամանակն է ֆիզիկական օգնություն ցույց տալ։ Դրա համար էլ Ալեք Մանուկյանի օրոք սփյուռքի բոլոր գաղութներում երիտասարդական ակումբներ բացվեցին։ Դրանից զատ, անկախությունից հետո այլ ծրագրեր սկսեցին։ Այնպես որ, շատ կարեւոր է, որ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնենք։ Ազգային քաղաքական ձեւական քայլեր չենք արել։ Ճիշտ է, որ պետությանը միշտ թիկունք ենք եղել, քանի որ համարել ենք, որ երկիրը, պետությունը եւ սփյուռքը միասնական պետք է լինեն։

-Ինչպե՞ս եք համատեղում ներքին քննադատությունը արտաքին պաշտպանության հետ, որպեսզի դա չվնասի Բարեգործականի հեղինակությանը։

-Մենք քաղաքական շահեր չենք հետապնդում։ Եթե պետք է քննադատենք, դա հրապարակում չենք անում, քանի որ գիտենք, որ դրանով որեւէ դիրք չենք հետապնդում։ Բայց քանի որ պատասխանատվություն ունենք, անկախությունից հետո բոլոր իշխանություններն էլ քիչ թե շատ հետեւում են մեր քննադատություններին, քանի որ մեր քննադատությունը անում ենք չորս պատի մեջ, դրանք շինիչ բնույթ են ունենում, եւ լսում ես դիմացինիդ բացատրությունները։ Իշխանությունից դուրս ինչքան ուզես կարող ես քննադատել։ Ի վերջո, Հայաստանը Խորհրդային Միությունից անջատված այն երկիրն է, որ երեք նախագահ ունեցավ, եւ ոչ մեկը չփորձեց իր ժամկետից ավելի մնալ, հինգ խորհրդարանական ընտրություններ եղան, եւ ոչ մեկը չփորձեց իր իշխանությունը հաստատել։ Հիմա ասում են խարդախություններով են ընտրվել։ Մենք էլ ասենք, որ Ամերիկայի ընտրություններում, ինչպես ընտրվեց Ջորջ Բուշ կրտսերը, նույնպես խարդախություններ եղա՞ն։ Երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, հաղթանակ եղավ, թրքական ու ազերիական շրջափակում եղավ, որը մինչ օրս շարունակվում է։ Դժբախտաբար աշխարհի ամեն տեղերում այսօր չարաշահումներ կլինեն, բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա այսօր այդպես շարունակվի։ Օրինապահության հարցը կա։ Դեմոկրատիան կարող է ավելի առաջ գնալ։ Մարդկանց սոցիալական վիճակը, թոշակների հարցը կա։ Այս նյութերի շուրջ մենք իշխանությունների հետ խոսում ենք եւ չենք կարծում, որ դա համաշխարհային քննարկման նյութ պետք է լինի։ Կարեւորը մեր պետությունն առաջ տանելն է։ Արձանագրությունների ժամանակ մենք ձայն բարձրացրինք։ Ազգային-քաղաքական, ընկերային եւ կրթական հաստատություն ենք։ Մենք միայն բարեգործություն չենք անում, մենք ամեն ինչ հայության համար ենք անում։ Դա էլ քաղաքականություն է։ Եթե նույնիսկ մեկ հայ կա, պետք է հետաքրքվենք նրանով։ Սա է մեր մոտեցումը։

-Եկեղեցաշինությունն ի՞նչ շրջանակ է ընդգրկում։ Դուք տեսնո՞ւմ եք դրա արդյունքները։

-Սփյուռքը միշտ էլ եկեղեցով ավելի հրապուրված է եղել։ Որովհետեւ դարեր շարունակ պետության բացակայության պայմաններում եկեղեցին է եղել մեր սփյուռքի հավաքականությունն ապահովող հաստատությունը։ Մատենադարանը տեսանք վերանորոգված, որտեղ պահպանված ժառանգության մեծ մասը մեր եկեղեցու շնորհիվ է պահպանվել։ Մեր պետության տարածքում ամեն մի թաղամաս եկեղեցի պետք է ունենա: Երբ առաջին եկեղեցին Բանգլադեշ թաղամասի մեջ սկսվեց, ամեն գիշեր մի պատ էին շարում, գալիս քանդում էին։ Ժողովուրդը կամաց-կամաց հասկացավ, թե ինչու է դա պետք։ Պետք է օգնես, որ մարդիկ կարողանան կազմակերպվել։ Այսօր Էջմիածնից ներս կարեւոր շինարարություններ եղան, Վանատունը, միաբանական շենքը, Վաչե Մանուկյանի Մատենադադրանը։ Մեր միաբանները պետք է իմանան, որ տեղ ունեն Էջմիածնում, այնտեղ կարող են ապրել եւ ապահով լինել։ Շատ կարեւոր է, որ եկեղեցին կարողանա ինստիտուցիոնալ կազմակերպված լինել։ Բարեգործականի ամեն մի ծրագիր մեր տեսլականի մաս պետք է կազմի։ Այն ժամանակ, երբ պետությունը միջոցներ չուներ, մենք աջակցեցինք ֆիլհարմոնիկին: Եթե մենք տեր չկանգնեինք նվագախմբին, բոլոր երաժիշտները կմեկնեին։ Քանի՞ պետություն գիտեք, որ ֆիլհարմոնիկ ունի։ Միջին Արեւելքում մի հատ չկա։ Աշխարհում երեսուներկուերորդ տեղում է Հայաստանի ֆիլհարմոնիկը։

-Տեսակետներ են հնչում, որ մի օր ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչական ժողովը կամ կենտրոնական գրասենյակը Հայաստան է տեղափոխվելու. ի՞նչ կասեք այս մասին:

-Լավ կլինի միշտ երազ ունենաս։ Կասկած չկա, որ մեր ղեկավարության վարչական մի մասը կվերադառնա այստեղ, հիմնավորապես: Դա անշուշտ մոտ ապագայում չի լինի, բայց ապագայում ամեն ինչ կարող է լինել, առայժմ հիմնականը կմնա Նյու Յորքում։ Մի օր այդ երազն իրականություն կդառնա:

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Orer 10-12- 2012

www.Orer.eu

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: