Articles

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԲԸՄ ՓԱՓԱԶՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ԿՀԻՄՆԻ ՆՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՀՈՑ

 

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ՀԲԸՄ Փափազյան գրադարանը պլանավորում է ՀԱՀ արխիվային նյութերի և կրթական աշխատանքների պահպանման և տարածման նպատակով ստեղծել համալսարանական պահոց: Այս անցումին նախապատրաստվելու նպատակով գրադարանը վերջերս կազմակերպել էր հանդիպում Եգիպտոսի Համալսարանի թվային արխիվների մասնագետ Քերոլայն Ռանյոնի հետ, որը ներկայացրեց համալսարանական պահոցների կարևորությունն ու առավելությունները: Ռանյոնը հանդես եկավ «Համալսարանական պահոցների դերը գիտելիքի ժողովրդավարացման գործում» խորագրով իր դասախոսությամբ, որում խոսվում էր համալսարանական պահոցների դերի և արժեքի մասին թե որպես գովազդային և թե որպես գիտահետազոտական հզոր գործիք: Որպես ոլորտի մասնագետ Ռանյոնը, վերապատրաստման դասընթացների և աշխատանքային հանդիպումների միջոցով, կաջակցի ՀԱՀ-ի գրադարանավարներին և տեխնիկական անձնակազմին համալսարանական պահոցի ստեղծման գործում: Ռանյոնը խոսեց նաև նմանատիպ պահոցների նպատակահարմարության մասին` այն բնութագրելով որպես վիրտուալ տարածք տարածելու համալսարանի ինտելեկտուալ ողջ ներուժը: Նոր պահոցը հնարավորություն կտա ՀԱՀ-ին թե պահպանելու արխիվային նյութերը և թե ընդլայնելու համալսարանում գիտակրթական ուսումնասիրությունների ու հետազոտությունների հնարավորությունները: Գիտական նյութերի հասանելիությունը կնպաստի ՀԱՀ-ի կրթական նյութերի դիտումների ու այցելությունների աճին, կարծիքների բազմազանությանը և հասարակության կողմից ավելի լայն ճանաչողությանը: Եվ վերջապես, նոր պահոցը կծառայի որպես արժեքավոր կրթական գործիք, որն ավելի ազատ և հասանելի կդարձնի տեղեկատվությունը համալսարանում: Այն նաև կօգնի ՀԱՀ ուսանողներին իրենց կրթական հետազոտություններն ավելի արդյունավետ և ժամանակին կազմակերպելու հարցում: «Եթե յուրաքանչյուր գիտական աշխատանք լիներ ազատ և հասանելի դասախոսների, աշակերտների, ուսանողների համար, մենք ի վիճակի կլինենք ինտերնետն օգտագործել որպես կրթվելու իրական աղբյուր», ասաց Ռանյոնը և ավելացրեց, որ հենց այդ հույսով է ՀԱՀ-ն նախաձեռնել ունենալ իր սեփական համալսարանական պահոցը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: