Articles

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ

 

«Այլ լեզուն կյանքի այլ ընկալում է»: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) վիրտուալ շրջագայությունները ստիպում են մտաբերել մեծն Ֆեդերիկո Ֆելինիի այս խոսքերը: Այս հանդիպումների շնորհիվ է, որ ՀՎՀ ուսանողները ոչ միայն հայերեն են սովորում, այլ նաև զգում և ապրում են հայերենը` վերագնահատելով կյանքի, ավանդույթների, մշակույթի և արվեստի մասին իրենց ունեցած ընկալումները: 2013թ. ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում ՀՎՀ-ն իր ուսանողների համար կազմակերպեց երկու վիրտուալ հանդիպում: Առաջինը նվիրված էր հայկական ազգային տոներից մեկին` Բարեկենդանին, երկրորդը` ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու կյանքին ու ստեղծագործական ուղուն: Այս միջոցառումները, լինելով ուսումնական ծրագրի կրթական և հետաքրքիր հավելումներ, յուրաքանչյուր նոր ուսումնական շրջանի հետ կազմակերպվում են ավելի հաճախակի և դառնում առավել սիրված ուսանողների կողմից:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ - Կրոնական ծագում ունեցող և պահքից առաջ նշվող Բարեկենդանի տոնն այս տարի հատկապես ուրախ և հետաքրքիր անցավ ՀՎՀ ուսանողների համար շնորհիվ ՀՎՀ օնլայն ուսուցիչների պատրաստած միջոցառման: Այն թատերականացված էր` հաշվի առնելով տոնի ժամանակ անցկացվող հանդիսություններն ու ավանդույթի ոգին: ՀՎՀ օնլայն ուսուցիչները և ուսանողները կրում էին տոնական հագուստ և դիմակներ: Ուսուցիչները ցուցադրեցին «ակլադիզը»` սոխով և հավի փետուրներով պատրաստված և տոնի խորհրդանիշ հանդիսացող տիկնիկը: Ուսանողներին ներկայացվեցին տոնի մասին տարբեր բանաստեղծություններ և երգեր, ինչպես նաև տոնին բնորոշ ուտեստների և թխածքաբլիթների բաղադրատոմսեր: ՀՎՀ ուսանող Նայ Էլ-Հըլուն Լիբանանից միջոցառումից հետո ասաց. «Մինչ այս վիրտուալ հանդիպումը «բարեկենդանը» ինձ համար զուտ մի բառ էր, որ ես չէի հասկանում: Միջոցառման ժամանակ սովորեցի տոնի հետ կապված ամեն ինչ: Հույս ունեմ, որ մի օր կկարողանամ մասնակցել այդ տոնին, քանզի այն իսկապես շատ հետաքրքիր է և նշանակում է «լավ կյանք»»:

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ - Արշիլ Գորկուն նվիրված վիրտուալ հանդիպումը ջերմորեն ընդունվեց ուսանողների կողմից: Նրանց հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ցանկություն հայտնեցին փնտրել և գտնել ավելի շատ տեղեկություններ մեծ արվեստագետի յուրօրինակ կյանքի և ստեղծագործական աշխատանքի վերաբերյալ: Որոշ ուսանողների համար անակնկալ էր այն փաստը, որ ամերիկյան գեղանկարչության հետպատերազմյան շրջանի աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրը ծագումով հայ է եղել: Օնլայն ուսուցիչները ուսանողներին հրավիրեցին հիանալու Գորկու աշխատանքների գույներով և երանգներով: Գորկու վրձնահարվածները ոգեշնչվել են իր կորուսյալ հայրենիքով, Վանա լճի լազուրով, պատմական Հայաստանի իր ծննդավայրի հրաշակերտ բնությամբ: Արվեստագետի յուրօրինակ կյանքի պատմությունը հուզեց ուսանողներին: ՀՎՀ ուսանող Հենրի Իսրայելյանը Ռուսաստանից կիսվեց իր տպավորություններով. «Ես տպավորված էի նրա մեծ տաղանդով, հայկական հողը իր նկարներում ներկայացնելու հմտությամբ: Իր ծննդավայրի հիշողությունը միշտ մնաց իր սրտում»: Մեկ այլ ուսանող` Ուիլյամ Լուիզը ԱՄՆ-ից, այս կերպ խոսեց Գորկու կյանքի և արվեստի մասին. «Ես ցնցված էի այն ծայրահեղ դժվարություններից, որ ապրեց Արշիլը: Իր նվիրվածությունը աշխատանքին ու ընտանիքին արտացոլված էր իր «Նկարիչն ու իր մայրը» կտավի միջոցով, որը Գորկու համար միշտ թերի էր: Արշիլը մի զարմանալի կյանք ապրեց, որը ցավոք շատ վաղ ընդհատվեց»: ՀՎՀ նախորդ վիրտուալ հանդիպումները ներառում էին այցելություններ Հայաստանի նշանավոր թանգարաններ, պատմական և մշակութային նշանակություն ունեցող վայրեր, վիրտուալ զբոսանք Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներով և այլն: Այս միջոցառումները ոչ միայն հարստացնում են ուսանողների հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ ունեցած գիտելիքները և ընկալումը, այլ նաև տալիս են կենդանի շփման վիրտուալ հնարավորություն` ուսանողների համար ստեղծելով մեկ ընդհանուր միջավայր: ՀՎՀ-ն շարունակում է ընդայլնել այս միջոցառումների ցան-կը` հաշվի առնելով ուսանողների կրթական կարիքները և նման հանդիպումների հետ կապված նրանց ակնկալիքներն ու պահանջարկը:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: