Articles

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԲԸՄ ԹԱԼԻՆԻ ԿԵՆՏՐՈՆ

 

Ապրիլի 2-ին, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանն այցելեց հղի կանանց աջակցության Թալինի ՀԲԸՄ «Հայ կին» կենտրոն, հանդիպեց բժիշկների և կենտրոնի ծառայություններից օգտվող կանանց հետ: Վերջիններս իրենց գոհունակության ու գովեստի խոսքերն ասացին կենտրոնի, նրա հիմնադիրների և ՀԲԸՄ-ի հասցեին, ինչպես նաև կիսվեցին իրենց խնդիրներով ու կարիքներով, այդ թվում գործազրկության ու կենտրոնին կից այգի ունենալու մտահոգությամբ: ՀԲԸՄ Թալինի «Հայ կին» կենտրոնը հիմնվել է 2009թ.: Այստեղ կազմակերպվում են կանոնավոր բժշկական ստուգումներ, վերապատրաստման դասընթացներ, նախածննդյան խնամք և անհատական խորհրդատվական հանդիպումներ բժիշկների, հոգեբանների և իրավաբաններ հետ: Կենտրոնը կարող է միաժամանակ ընդունել 20 կանանց: Հղի կանանց աջակցության ՀԲԸՄ առաջին կենտրոնը բացվեց 2002թ. Գյումրիում: Հետագայում բացվեցին կենտրոններ նաև Վանաձորում, Թալինում և Եղվարդում: Կենտրոնների նպատակն է աջակցել հղի կանանց, նպաստել նրանց առողջության բարելավմանը և նվազեցնել հղիության շրջանում բարդությունների և նորածին երեխաների շրջանում մահացության բարձր տոկոսը: Առ այսօր վերոհիշյալ կենտրոնների ծառայություններից օգտվել են ավելի քան 800 հղի կանայք: Կենտրոնները ստեղծվել են ՀԲԸՄ-ի Հարավային Կալիֆորնիայի «Հայ կին» հանձնախմբի ջանքերով:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: