Articles

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 21-23-ը, ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանն այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` հանդիպելու ԼՂՀ նախագահի, տարբեր պաշտոնյաների ու գործիչների հետ, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալու Միության` ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերին: Այցի ընթացքում Արփի Վարդանյանին ուղեկցում էր ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը: Փետրվարի 21-ին, Վարդանյանն այցելեց Ստեփանակերտի թիվ 3 և 7 դպրոցներ, որտեղ ականատես եղավ, թե ինչպես են գործնականում դպրոցականներն օգտվում XO համակարգիչներից: Այդ համակարգիչները, Նոր Ուսումնական Ռազմավարություն (ՆՈՒՌ) ծրագրի շրջանակներում, տրամադրվել են Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի 1-4-րդ դասարանների երեխաներին: ՆՈՒՌ-ի հիմքում ընկած է «Մեկական համակարգիչ յուրաքանչյուր երեխային» ծրագիրը, և ԼՂՀ-ում այն իրականացվում է արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի և ՀԲԸ Միության համատեղ ջանքերով: Համակարգչի առկայությունը և ինտերնետի հասանելիությունը նորանոր հորիզոններ է բացում դպրոցականների, ուսուցիչների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների համար: Նույն օրը, Արփի Վարդանյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվեցին ՀԲԸՄ ներկա ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները Ղարաբաղում, մասնավորապես Միության նոր նախաձեռնության` ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ու կառուցման մանրամասները: Ինչպես նշեց Վարդանյանը, ամեն ինչ արվում է համալիրը որքան հնարավոր է շուտ գործարկելու համար: Այդ իսկ պատճառով, չսպասելով նոր շենքի շինարարության ավարտին, ՀԲԸՄ-ն արդեն իսկ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի հետ միասին սկսում է ծրագրի իրագործումը: Առավելագույն օգուտ ապահովելու նպատակով ծրագրի առաջին մասը կգործարկվի արդեն իսկ այս ապրիլին կառավարության կողմից հատկացված տարածքում: Նախագահ Սահակյանը կարևորեց ՀԲԸ Միության դերը Արցախի զարգացման և բարգավաճման գործում` ընդգծելով այս կրթական ծրագրի նշանակությունը: Նա շեշտեց, որ անհամբեր սպասում է ծրագրի մեկնարկին և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել նախաձեռնությանը բոլոր հնարավոր միջոցներով: Աշխատանքային օրվա ավարտին Արփի Վարդանյանին ընդունեց նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կողմերը խոսեցին Արցախում իրականացվող ՀԲԸՄ ծրագրերի և համագործակցության նոր հնարավորությունների մասին: Փետրվարի 22-ին, Վարդանյանը ներկա եղավ Արցախի կամերային նվագախմբի փորձին: Մաեստրո Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ` նվագախումբն անկասկած հսկայական դեր ունի Արցախում մշակութային կյանքի վերածննդի գործում: Նվագախմբի համերգները միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում և Արցախի երաժշտասեր հասարակությունը անհամբերությամբ սպասում է նվագախմբի նորանոր համերգներին: Գևորգ Մուրադյանի և նվագախմբի տնօրեն Սիմոն Սարգսյանի հետ միասին այդ օրը քննարկվեցին նվագախմբի այսօրվա խնդիրներն ու մարտահրավերները: Նվագախումբը ստեղծվել է 2004-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ-ի հովանավորությամբ, որը շարունակվում է առ այսօր: Ավելի ուշ Արփի Վարդանյանը հանդիպեց նաև ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Քննարկվեցին նվագախմբի գործունեության ու առաջիկա ապրիլին Մոսկվայում կայանալիք համերգի մանրամասները, ինչպես նաև նոր համագործակցության հնարավոր տարբերակներ: Հաջորդ հանդիպումը ԼՂՀ կրթության նախարար Սլավա Ասրյանի հետ էր, որի ընթացքում Վարդանյանը ներկայացրեց ՀԲԸՄ-ԼՂՀ նոր համալիրի ստեղծման ծրագիրը: Նույն օրը Արփի Վարդանյանին ընդունեցին նաև ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Վարչապետը նշեց իր ոգեորությունն ու հավատը ՀԲԸՄ-ի նոր կրթական նախաձեռնության վերաբերյալ` վստահեցնելով, որ այն նոր դռներ կբացի Արցախի ժողովրդի և հատկապես երիտասարդության առջև: Փետրվարի 23-ին, Արփի Վարդանյանը հանդիպեց նաև ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին, որի հետ քննարկվեցին ոլորտի ներկա մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև հնարավոր համագործակցության տարբերակները:

 

Տեսանյութ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: