Articles

ՀԲԸՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՈՒԿՐԱԻՆԱ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԻՄՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

Մշակութային միջոցառումներ և գործնական հանդիպումներԿիևում և Օդեսայում

Ուկրաինայում ՀԲԸՄ մասնաճյուղ հիմնելու ծրագրի իրագործումն ընթացքի մեջ է: Փետրվարի 22-24-ը ՀԲԸՄ պատվիրակությունն այցելեց Կիև և Օդեսա և հանդիպումներ ունեցավ տեղի քաղաքական և համայնքային առաջնորդների ու ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին Ուկրաինայի հասարակական կյանքում տեղի հայ համայնքի դերին ու ներդրումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲԸՄ նոր մասնաճյուղ հիմնելու հեռանկարներն ու դրա հնարավոր ազդեցությունը տեղի հայ համայնքի հզորացման և համախմբման հարցում: 300-500,000-անոց ուկրաինահայ համայնքը, որի արմատները տանում են դեպի նախորդ հազարամյակի սկիզբ, ամենահներից է Եվրոպայում: ՀԲԸՄ պատվիրակությանը, որում ընդգրկված էին ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ Վազգեն Յակուբյանը և Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամ Նիկոլա Դավիդյանը և ՀԲԸՄ Ռազմա-վարական խորհրդատվական կենտրոնի անդամ Գի Մարգարյանը, ողջ այցի ընթացքում ուղեկցում էին Ուկրաինայի խորհրդարանի անդամ Արսեն Ավակովը և նրա խորհրդական Տիգրան Ավագյանը: Առաջին հանդիպումը Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակի, խորհրդարանի անդամներ Մհեր Մխիթարյանի և Վիլեն Շատվորյանի, ինչպես նաև խորհրդարանական տարբեր հանձնաժողովների ղեկավարների հետ էր: Օրվա վերջում հետագա քննարկումների համար ՀԲԸՄ պատվիրակությանը միացան նաև ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամ Գոռ Աբգարյանը, ինչպես նաև Արսեն Ավակովն ու Տիգրան Ավագյանը: Հաջորդ օրը պատվիրակությունն ուղևորվեց Օդեսա, որտեղ ծանոթացավ հայկական ամենաակտիվ համայնքներից մեկի ներկայացուցիչների հետ: Պատվիրակությանը դիմավորեցին ականավոր համայնքային ղեկավարներ ողջ Ուկրաինայից: ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանի, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի հետ հանդիպումներից բացի, ՀԲԸՄ պատվիրակությունն իր հարգանքի տուրքը մատուցեց նաև 2-րդ համաշխարհային պատերազմի ԽՍՀՄ հերոս Մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին: Տեղի մշակութային կենտրոնում պատվիրակության պատվին կազմակերպվել էր նաև տոնական համերգ: Այցի վերջին օրը պատվիրությունն արդեն հանդես եկավ Ուկրաինայում ՀԲԸՄ նոր մասնաճյուղ հիմնելու հստակ ծրագրով և Ուկրաինայի հայկական համայնքը Միության գլոբալ ցանցին ու առաքելությանն ինտեգրելու առաջարկներով: Արսեն Ավակովի և նրա գործընկերների` Տիգրան Ավագյանի, Արտյոմ Քարաջյանի և Ալեքսանդր Ավակովի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին խոշոր հայկական համայնքներ ունեցող Ուկրաինական քաղաքներում ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների խմբեր և ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի գրասենյակներ հիմնելու հնարավորությունները: Առաջարկ եղավ նաև Ուկրաինայի հայ երիտասարդությանը մասնակից դարձնել ՀԲԸ Միության ամառային երիտասարդական ծրագրերին և Անդրանիկ սկաուտական ճամբարի, Բացահայտիր Հայաստանը, Երաժշտական Հայաստան և Երևանի ամառային փորձառության ծրագրերի միջոցով բերել Հայաստան: Այցի ավարտին, խոսելով հանդիպումների և հեռանկարների մասին, պարոն Յակուբյանն ասաց, «Ուկրաինայի հայ համայնքը չափազանց կարևոր մաս է կազմում հայկական աշխարհի և ես ուրախ եմ, որ ՀԲԸՄ-ն գործելու է նաև այստեղ: Մեզ շատ լավ ընդունեցին և մենք տեսանք, թե որքան մեծ ներուժ ունենք: Այժմ արդեն ՀԲԸՄ-ի հերթն է գտնել համագործակցության լավագույն տարբերակներ, որոնք արդյունավետ կլինեն թե տեղի հայ համայնքի, թե հայության համար ողջ աշխարհում»: Այս խոսքերը ևս մեկ անգամ ընդգծում են այն քայլերը, որ ՀԲԸՄ-ն անում է այսօր ընդլայնելու իր գործունեության սահմանները և խրախուսելու հայկական ինքնության խորը և ամուր զգացումներ ողջ աշխարհում:

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: