Articles

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իր նախադեպը չունեցող ՀԲԸՄ Եվրոպայի և EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման միասնական պատվիրակությունը` բաղկացած 15 Եվրոպական երկրների 20 անդամներից, հավաքվեցին Ստամբուլում`հիշատակելու 1915թ-ի Հայոց Ցեղասպանությունը: Պատվիրակության անդամները հրավիրված էին DurDe! (Ո'չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը) թուրքական կազմակերպության կողմից, որն անցած չորս տարիների ընթացքում հիշատակում է Հայոց Ցեղասպանությունը: Ապրիլի 24-ին` խորհրդանշական ժամը 19:15-ին, մոտ 2 000 թուրքեր, հայեր և այլոք խաղաղորեն հավաքվեցին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում` վերապրելու սուգի, հիշատակի և համերաշխության զգայական մի պահ: Նույն օրը, ավելի վաղ, նրանք հավաքվել էին նախկին Սուլթանահմեդ բանտի (ներկայումս`թանգարանի) բակում, որտեղ 1915թ-ի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներին, արհեստավարժներին և այլոց սկզբում բանտարկեցին` նախքան սպանելը: Ոստիկանությունը աչալրջորեն հետևում էր, մինչ ի նշան բողոքի հավաքված փոքրաթիվ բազմությունը մոտակայքում բարձրաձայն գոչում էր ազգայնամոլական բնույթի լոզունգներ: Այս միջոցառումները կազմակերպել էր DurDe!-ն և IHD-Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան: EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման և ՀԲԸՄ Եվրոպայի կողմից կազմակերպված և առաջնորդված միջազգային պատվիրակության կազմում ընդգրկված էին ռասիզմի դեմ պայքարող առաջադեմ եվրոպական ակտիվիստներ, այնպես նաև երիտասարդ հայ առաջնորդներ: Ստամբուլում Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններին նախորդող օրերին պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ էին ունեցել, մամլո ասուլիս տվել և Շեհիրի համալսարանում կոնֆերանս կազմակերպել` բացատրելու համար իրենց տեսակետն ու գործողությունները, ինչպես նաև ծանոթանալու Ցեղասպանության ճանաչման և փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի ասպարեզում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբթանը ասաց, որ իր այցը ի սկզբանե նպատակ ուներ սատարելու Թուրքիայում այն անձանց, ովքեր պայքարում են ռասիզմի դեմ: «Ցեղասպանությունը ռասիզմի ամենավատ դրսևորումն է»,-ասաց նա: «Ցեղասպանության մերժումը նշանակում է շարունակել ցեղասպանության ոճիրը»: Ապրիլի 24-ին ՀԲԸՄ Հայաստանի հրավերով պատվիրակության մի փոքր խումբ այցելեց Երևան` միասին հիշատակելու Հայոց Ցեղասպանությունը և հայ հասարակության հետ կիսելու Ստամբուլյան իրենց տպավորույթյունները: Պատվիրակության անդամներից EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման նախագահ պարոն Աբթանը, ՀԲԸՄ Եվրոպայի վաչության անդամ Նիկոլա Դավիդյանը և DurDe!-ի ներկայացուցիչ Յըլդըզ Օնեն Երևանում պսակ դրեցին Ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես նաև հանդիպեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: Պատվիրակության անդամները նաև մամլո ասուլիս տվեցին և ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում հանդիպեցին հայ-թուրքական հարաբերությունների ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ստամբուլում և Երևանում պատվիրակության իրականացրած միջոցառումները լայնածավալ լուսաբանվեցին թուրքական, հայկական և եվրոպական մամուլում: Կազմակերպիչների կոչը, որի տակ իրենց ստորագրությունն էին դրել եվրոպական հայտնի գործիչներ, ապրիլի 24-ի նախաշեմին տպագրվեց եվրոպական մամուլում: ՀԲԸՄ Եվրոպայի վաչության անդամ Նիկոլա Դավիդյանը ասաց. «2007թ.-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքերից շատերը գիտակցեցին, որ Հայոց Ցեղասպանությունը շարունակվում է, և որ դրա շարունակական ժխտումը թունավորում է թուրքական ժողովրդավարությունը»: Նա նաև ավելացրեց. «քաջարի մարդիկ սկսեցին ճիշտ ուղղությամբ ճնշում գործադրել, և նրանց թիվը ավելանում է: Բայց նրանց պայքարը չի ավարտվել և նրանք կարիք ունեն հնարավոր բոլոր տեսակի աջակցության: Այս էր Ստամբուլ այցելելու մեր նպատակը, և հույս ունենք, որ մյուս տարի մեզ կմիանան շատ ավելի շատերը»: Իր հերթին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը նշեց. «Կարևոր էր, որ ՀԲԸՄ Եվրոպայի, DurDe-ի և EGAM-ի ներկայացուցիչները այցելեին Երևան և անձամբ ներկայացնեին Թուրքիայում իրենց նախաձեռնությունները և տպավորությունները. Հայաստանում մարդիկ հետաքրքրված են իմանալու, թե Հայաստանից դուրս` մասնավորապես Թուրքիայում, ինչ միջոցառումներ են իրականացվում ի նպաստ Ցեղասպանության ճանաչմանն»,-ասաց նա: «Մամուլի և քաղաքացիական հասարակության անդամների հետ այստեղ քննարկումներ անցկացնելը և կարծիքներ փոխանակելը շատ կարևոր էր: Նմանօրինակ միջոցառումները և նախաձեռնություննեը և´ Թուրքիայում, և´ Հայաստանում հսկայական խթան են հանդիսանում քաղաքացիական հասարակության համար»:

Լուսանկարներ.

Լուսանկար 1

Ավելի քան 2 000 մարդ հավաքվել է Ստամբուլի Թաքսիմի հրապարակում` ՀԲԸՄ Եվրոպայի, EGAM-Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման և DurDe! (Ո'չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը) թուրքական խմբավորման կողմից կազմակերպված իր նախադեպը չունեցող միջոցառման ընթացքում միջազգայնորեն հիշատակելու Հայոց Ցեղասպանությունը:

Լուսանկար 2

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Մանրամասներ»-ի հաղորդավար Տաթևիկ Բաղդասարյանը (ձախից) հարցազրույցի է հրավիրել ՀԲԸՄ Եվրոպայի վաչության անդամ Նիկոլա Դավիդյանին և DurDe!-ի ներկայացուցիչ Յըլդըզ Օնենին:

Լուսանկար 3

(Ձախից` աջ) ՀԲԸՄ Եվրոպայի վաչության անդամ Նիկոլա Դավիդյանը, DurDe!-ի ներկայացուցիչ Յըլդըզ Օնեն, EGAM-ի նախագահ Բենջամին Աբթանը և ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը այցելում են Ցեղասպանության հուշահամալիր

Լուսանկար 4

Հայոց Ցեղասպանությունը վերապրողների դիմանկարները Երևանի Հայոց Ցեղասպանության թանգարանում: Ներքևում գրված է. «Այս աչքերը տեսել են Ցեղասպանությունը»:

 

Տեսանյութ

 

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: